Փաշինյանը թքած ունի հարկատուների և Հայաստանի միջազգային հեղինակության վրա. Սամվել Կարապետյանի ձերբակալությունը և ՀԷՑ-ի թիրախավորման, առգրավման բուն նպատակները

Հայաստանի կողմից «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխությունների կատարումը պարզ օրինակն է այն բանի, թե ինչպես կարող է քաղաքական շարժառիթներից դրդված ազգայնացումը ներկայացվել որպես սպառողների պաշտպանություն։

Այս փոփոխությունները, որոնք հապճեպ ձևակերպվել էին Նիկոլ Փաշինյանի և ռուսաստանահայ գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի միջև առաջացած քաղաքական առճակատումից հետո, չունեն իրական իրավական հիմնավորում և կարծես ձևակերպվել են եկամտաբեր մասնավոր սեփականության կամայական բռնագանձումն օրինականացնելու և ունեզրկման միջոցով քաղաքական ընդդիմախոսներին ցանկացած միջոցով պատժելու, և ոչ թե էներգետիկ ոլորտում առկա ռիսկերին արձագանքելու նպատակով։

Հայ Առաքելական եկեղեցին Նիկոլ Փաշինյանի հրապարակային հարձակումներից պաշտպանելու պատրաստակամություն հայտնելուց հետո՝ 2025թ. հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը ձերբակալվեց, որին անմիջապես հաջորդեց ՀԷՑ-ի ազգայնացման մասին իշխող մեծամասնության հայտարարությունները և, այնուհետև, 2025թ. հուլիսի 2-ին, բացառապես իշխող խորհրդարանական մեծամասնության` ՔՊ-ի «կողմ» ձայների շնորհիվ, ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց օրենսդրական փոփոխությունների համապատասխան փաթեթը։ Քաղաքական բանավեճից մինչև օրենսդրական մակարդակի արձագանք՝ ընդամենը երկու շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները բացահայտում են դեպքերի նման զարգացման իրական շարժառիթները։ Այն է՝ իրավական փոփոխությունները դաշտ են բերվել ոչ թե ոլորտային քաղաքականության մանրակրկիտ զննության արդյունքում, այլ՝ որպես իրավական գործիք՝ Փաշինյանի և նրա արտաքին պատվիրատուների կողմից կանխորոշված քաղաքական նպատակն իրականություն դարձնելու համար։

Հիշեցնենք, որ «Էներգետիկայի մասին» օրենքում ավելացվել է հոդված, որով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին վերապահվում է սպառողների շահերի պաշտպանության նպատակով կանխարգելիչ միջոցներ կիրառելու իրավունք։ Ընդ որում, հոդվածը նաև հետադարձ ուժ ունի։ Կանխարգելիչ միջոցառումների թվում հանձնաժողովը կարող է հրավիրել ընկերության բարձրագույն մարմնի ժողով, պահանջել կանոնադրության կամ կառավարման մարմնի անդամների փոփոխություն, նշանակել ժամանակավոր կառավարիչ:

Կարդացեք նաև

Էներգետիկ ոլորտի ներկայիս կատարողական ցուցանիշները հակասում են միջամտության անհրաժեշտության մասին պնդումներին

Հայաստանի էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցը, որը շահագործվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի կողմից, դրսևորում է գործառնական և ֆինանսական բարձր կատարողական, ինչն ուղղակիորեն հակասում է համակարգային ռիսկերի առկայության և պետության անմիջական միջամտության անհրաժեշտության վերաբերյալ պնդումներին։

Տպավորիչ արդյունավետության ցուցանիշներով ՀԷՑ-ը Հայաստանի ազգային էլեկտրական ցանցում սպասարկում է 985,000 հաճախորդի. բաշխման կորուստները կազմում են ընդամենը 6.03% (միջազգային չափանիշների սահմաններում), վճարումների հավաքագրման կատարողականը 99.8% է, իսկ էլեկտրաէներգիայի անջատումների հաճախականությունը տարեկան շուրջ 4 անգամ է, որը համեմատելի է Հունգարիայի և Լատվիայի հետ։

Ֆինանսական կայունության ցուցանիշները վստահություն են ներշնչում

ՀԷՑ-ի սեփականատեր «Տաշիր» ընկերությունների խումբը 2016թ.-ից ի վեր համակարգերի արդիականացման նպատակով ներդրել է 680 մլն ԱՄՆ դոլար և պարտավորվել մինչև 2034թ. կատարել լրացուցիչ 1.4 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումներ։ Միջազգային վարկատուները, որոնց թվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Ասիական զարգացման բանկը և Համաշխարհային բանկը, շարունակում են ֆինանսավորման տրամադրումը։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 2024թ.-ին տրամադրել է 70 մլն ԱՄՆ դոլար, Ասիական զարգացման բանկը՝ 35 մլն ԱՄՆ դոլար, իսկ Համաշխարհային բանկը՝ 40 մլն ԱՄՆ դոլար։ Սա ընկերության վարկունակության և գործառնական կարողությունների նկատմամբ վստահության հստակ ցուցիչ է։

Ամենաուշագրավն այն է, որ կարգավորող որևէ մարմին ընկերության կատարողականին առնչվող խնդիրներ չի արձանագրել։ ՀԷՑ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատարը հայտարարել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երբեք ընկերության աշխատանքը չի գնահատել «այնքան վատ», որ նման բնույթի զարգացումներն արդարացված լինեն։ Ընկերությունը պահպանել է կարգավորող մարմնի պահանջները, 2023թ. ապահովել է իր ներդրումային ծրագրի 91.8% կատարողականը և գրանցել է էլեկտրաէներգիայի անջատումների վերականգնման ժամանակի տևողության 18.1% բարելավում։

Իրավական շրջանակի վերլուծությունը բացահայտում է անհամաչափ լիազորություններ

Օրենսդրական այս փաթեթն արդարացնելու համար հեղինակների կողմից բերվել է Մեծ Բրիտանիայի հատուկ վարչակազմի և Տեխասի էներգամատակարարման ընկերության արտակարգ լիազորությունների միջազգային նախադեպերը, որոնք հիմնովին անհամեմատելի են Հայաստանում առկա հանգամանքների հետ։ Մեծ Բրիտանիայի էներգամատակարարման ընկերության կառավարումն իրենից ներկայացնում է անվճարունակության ռեժիմ, որը կարող է ակտիվացվել միայն իրական ֆինանսական ճգնաժամի պարագայում։

Այն կիրառվել է ընդամենը մեկ անգամ՝ 2021թ.-ին «Bulb Energy» ընկերության իրական ձախողումից հետո։ Տեխասի էներգամատակարարման ընկերության լիազորություններն ուժի մեջ են մտնում միայն ցանցային արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպիսին էր, օրինակ, 2021թ. Ուրի ձմեռային փոթորիկը, բայց ոչ որպես եկամտաբեր ու կայուն աշխատող ընկերությունների նկատմամբ կիրառվող կանխարգելիչ միջոց։

Օրենքում ներառված իրավական ձևակերպումները շնորհում են բացառիկ լիազորություններ՝ առանց ճգնաժամի առկայությունը հիմնավորելու: Օրենսդրությունը թույլ է տալիս «կառավարության կանխարգելիչ միջամտություն»՝ նախքան որևէ խախտման արձանագրումը՝ այդպիսով շրջանցելով նորմատիվային կարգավորող և դատական գործընթացները: Սա արմատական շեղում է միջազգային լավագույն փորձից, որը պահանջում է նման գործիքակազմերի կիրառման համար հստակ պայմաններ, շուկայի ձախողման փաստարկված ապացույցներ և իրական ռիսկերին համաչափ արձագանքներ։

Իրավական դրույթների շրջանակը կարծես միտումնավոր մշակվել է նպատակային միջամտության, այլ ոչ թե սպառողների համակարգային պաշտպանության համար։ Ի տարբերություն դատական վերահսկողության, ժամկետի ավարտին վերաբերող կետերի և բողոքարկման իրավունք ներառող օրինական հատուկ վարչական ռեժիմների՝ օրենքը տրամադրում է լայն հայեցողական լիազորություններ՝ նվազագույն ընթացակարգային երաշխիքներով։ Ի դեպ, ՀԷՑ–ի պետականացմանը վերաբերող օրենքի կամ որոշման որևէ նախագիծ հանրային քննարկման չի դրվել ո’չ կառավարության, ո’չ Ազգային ժողովի կողմից։

Քաղաքական դրդապատճառներ՝ օրենսդրական ծխածածկույթի հետևում

Օրենքը Փաշինյանի՝ առավել ընդլայնված ավտորիտար համակարգ ձևավորելու համատեքստում ծառայում է քաղաքական մի շարք նպատակների:

Հիմնական շարժիչ ուժը հակառուսական աշխարհաքաղաքական դիրքորոշումն է՝ համակարգված վերացնելու Հայաստանում ռուսական ազդեցությունը, որը դրսևորվում է Ռուսաստանի հետ փոխկապակցված բիզնեսների, Հայ Առաքելական եկեղեցու և ավանդական հայացքներ ունեցող էլիտայի վրա հարձակումներով։ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը և ՀԷՑ-ի թիրախավորումը կատարելապես տեղավորվում են այս սխեմայի մեջ։

Հանրային դաշտ բերված ճգնաժամի մասին խոսույթում հստակ ուրվագծվում է Փաշինյանի պոպուլիստական ձեռագիրը։

Չնայած արդյունավետության կատարողականի բարձր ցուցանիշներին, կառավարությունը՝ պնդելով, թե ՀԷՑ-ը «մոտալուտ էներգետիկ ճգնաժամի պատճառ է դառնալու», հանրության շրջանում անհապաղ միջամտության անհրաժեշտությունն արդարացնելու պատրանք է ստեղծում։ Սա արհեստական ճգնաժամի պատրվակով էլիտաների թիրախավորման, ինստիտուտների զավթման և արտակարգ լիազորությունների ընդլայնման դասագրքային, դասական պոպուլիստական մեթոդ է։

Եկեղեցի-պետություն առճակատումն իր հերթին լրացուցիչ համատեքստ է ապահովել։ Երբ Սամվել Կարապետյանը հրապարակայնորեն Փաշինյանի հարձակումներին ի պատասխան պաշտպանեց Հայ Առաքելական եկեղեցին և նրա հոգևոր առաջնորդներին, վերջինս դարձավ այն թիրախը, ում վերահսկելու նպատակով կիրառվելու էին առավել մեծ ջանքեր։

Էներգետիկ ոլորտին վերաբերող օրենսդրական նոր փաթեթն այս պարագայում ծառայում է երկու նպատակի՝ չեզոքացնել ազդեցիկ քաղաքական հակառակորդին՝ միաժամանակ ուժեղացնելով պետական վերահսկողությունը ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքի նկատմամբ։

Տնտեսական հետևանքներն ի հայտ են բերելու օրենքի թյուր հիմնավորումները

Նախ անհրաժեշտ է արձանագրել, որ 1994թ.–ին ընդունված «Օտարերկրյա ներդրումների պաշտպանության մասին» օրենքի 8-րդ հոդվածում սևով սպիտակի վրա գրված է, որ օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետությունում ազգայնացման ենթակա չեն։ Նույն հոդվածի համաձայն` պետական մարմինները չեն կարող նաև բռնագրավել օտարերկրյա ներդրումները։ Իսկ առգրավումը կարող է լինել միայն բացառիկ դեպքերում, ընդ որում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` արտակարգ դրության պայմաններում, դատարանի որոշմամբ և լրիվ փոխհատուցմամբ։

Տնտեսական վերլուծությունը ցույց է տալիս, որ ազգայնացումը կհանգեցնի զգալի ծախսերի՝ այդպիսով խարխլելով Հայաստանի ներդրումային միջավայրը։ Երկկողմ ներդրումային պայմանագրերի համաձայն՝ Հայաստանը ՀԷՑ-ի առգրավման դեպքում պարտավոր է վճարել շուրջ 870 մլն ԱՄՆ դոլարի փոխհատուցում։ Տնտեսական բեռը հսկայական կլինի՝ հաշվի առնելով պետական ձեռնարակություններին բնորոշ շահագործման ծախսերի ու արդյունավետության կորուստը (որպես կանոն պետական ձեռնարկությունների արդյունավետությունը 20-30%-ով ավելի ցածր է, քան մասնավոր օպերատորների դեպքում)։ Ընդ որում, այդ ֆինանսական բեռի հիմնական ծավալը բաժին է ընկնելու ոչ թե ներկայիս կառավարության անդամներին, այլ հարկատուներին։

Էական հարված է կրելու Հայաստանի կրեդիտային վարկանիշը։ Ներկայումս Moody’s միջազգային վարկանիշային գործակալության կողմից Հայաստանին շնորված է Ba3 վարկանիշը, սակայն եկամտաբեր մասնավոր սեփականության անհիմն ազգայնացումը կարող է հանգեցնել այդ վարկանիշի իջեցմանը, ինչն իր հերթին կբերի փոխառությունների ծախսերի աճին և օտարերկրյա ներդրումների զսպմանը։ Հայաստանի դեմ արդեն իսկ ներկայացված են ներդրումային արբիտրաժային երեք տարբեր հայցեր, և ՀԷՑ-ի առգրավումն էլ ավելի կվնասի Հայաստանի միջազգային հեղինականությանը։

Համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ էներգետիկ ոլոտի հատուկ կառավարում, որպես կանոն, պահանջում են այն երկրները, որտեղ արձանագրվում են համակարգի գործառնական խափանումներ, ֆինանսական դժվարություններ կամ մատուցվող ծառայությունների որակի վատթարացում. թվարկվածներից ոչ մեկը վերաբերելի չէ Հայաստանի էներգետիկ ոլորտին։ Վենեսուելայի նավթի ու բնական գազի պետական ընկերության (PDVSA) ձախողումը, Մեքսիկայի պետական նավթային կորպորացիայի (PEMEX) անարդյունավետությունը և Արգենտինայի ֆիսկալ նավթահանքերի (YPF) արտադրական անկումը տասնամյակներ շարունակ թերի ներդրումների և քաղաքական միջամտության արդյունք են՝ սրանք հենց այն ռիսկերն են, որոնք Հայաստանը կարող է ստեղծել՝ ազգայնացնելով ՀԷՑ-ը։

Այսպիսով՝ հստակ ուրվագծվում են ՀԷՑ-ի «ազգայնացման» կամ «պետականացման» փաշինյանական կեղծիքի հնարավոր բոլոր տնտեսական հետևանքները։ Սա ազդակ կդառնա մասնավոր ընկերություններին և հատկապես օտարերկրյա ներդրողների համար Հայաստանից իրենց կապիտալը դուրս հանելու, քանի որ բիզնեսում անընդունելի են ոչ հստակ խաղի կանոնները։ Որևէ հեռատես օտարերկրյա ներդրող Հայաստանում ներդրում չի կատարի՝ տեսնելով, որ Հայաստանում բոլոր տնտեսվարողների գլխին դամոկլյան սուր է կախված։

Օրենսդրության այլընտրանքային մեկնաբանություններ

• Քաղաքական վերահսկողության ամրապնդում՝ ուժային անկախ կենտրոնների չեզոքացման միջոցով։ ՀԷՑ-ի ազգայնացմամբ չեզոքացվում է ռեսուրս և ազդեցություն ունեցող մասնավոր խոշոր օպերատորը՝ այդ միջոցով նվազեցվում է իշխանության նկատմամբ հնարավոր դիմադրությունը։

• Ակտիվների առգրավման միջոցով եկամուտների ձևավորումն ապահովում է անմիջական ֆիսկալ առավելություններ՝ առանց հարկերի բարձրացման կամ տնտեսական բարեփոխումների իրականացման։ Հայաստանի գործող իշխանությունը, ինչ խոսք, հետաքրքրված է ապահովել հավելյալ ֆինանսական մուտքեր՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանի տնտեսական զարգացման միտումները միանշանակ չեն, ներդրումների հոսքն էլ դանդաղել է։

• Ռազմավարական ոլորտներում օտարերկրյա սուբյեկտների մասնակցության չեզոքացումը նպաստում է տնտեսական ազգայնական քաղաքականության իրականացմանը՝ միաժամանակ առաջ բերելով օտարերկրյա վերահսկողությունից Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու մասին պապուլիստական հռետորաբանություն։ Այս շարժառիթները լիովին համահունչ են Փաշինյանի՝ ինստիտուցիոնալ վերահսկողություն հաստատելու և ժողովրդավարական արժեքներից հետ քայլ անելու քաղաքական մարտավարությանը։

Ամփոփում. կարգավորող մարմնի զավթում և ժողովրդվարության քայքայում

Հայաստանի էներգետիկ ոլորտի կանխարգելիչ մեխանիզմների վերաբերյալ Հայաստանի օրենսդրական այս փաթեթը կարգավորող մարմնի զավթման և իրավական շրջանակները որպես քաղաքական զենք օգտագործելու ցցուն օրինակ է։ Առկա ապացույցները հստակ վկայում են այն մասին, որ օրենքից բացակայում են էներգետիկ ոլորտի ցուցանիշների, միջազգային առաջատար փորձի կամ տնտեսական ռացիոնալության վրա հիմված իրավական հիմնավորումները։

Իրական նպատակն է` առավել հեշտացնել քաղաքական դրդապատճառներով եկամտաբեր մասնավոր սեփականության ազգայնացումը՝ առավել ընդլայնված ավտորիտար համակարգ ստեղծելու համատեքստում։ Համադրելով թիրախավորման ենթարկված օպերատորի բարձր արդյունավետությունն օրենքի մշակման և ընդունման ժամանակացույցի, օրենքի դրույթների և կառուցվածքի հետ՝ պարզ է դառնում, որ սա Փաշինյանի կողմից կանխամտածված քաղաքական քայլ է, որը քողարկվել է սպառողների իրավունքների պաշտպանության հիմնավորմամբ։

Այս դեպքն օրինակ է այն բանի, թե ինչպես կարող են զավթվել ժողովրդավարական ինստիտուտները և ծառայեցվել նեղ քաղաքական շահերին, այլ ոչ թե հանրային բարեկեցությանը։ Միջազգային ներդրողները և զարգացման գծով գործընկերները պետք է օրենսդրական այս փաթեթը մեկնաբանեն իր բուն էությամբ՝ սա ոչ թե էներգետիկ ոլորտի բարեփոխման, այլ օրենքի գերակայության և ներդրումային միջավայրի կայունության խաթարման գնով տնտեսական ռազմավարությանը քաղաքական միջամտության մասին է, այս օրենքը ընդդիմախոսներին պատժելու և ունեզրկելու մասին է։

Օրենսդրական այս փաթեթը պետք է կա՛մ չեղարկվի կա՛մ էապես վերանայվի՝ դրանում ներառելու համար օրինական չափորոշիչներ, իրական ռիսկերին համարժեք արձագանքներ և ընթացակարգային գործընթացների բավարար երաշխիքներ։ Հայաստանի էներգետիկ ոլորտը, որը վերջին երկու տասնամյակների ընթացքում արձանագրել է նշանակալի բարելավում և կայունացում, արժանի է ունենալ ապացույցների և լավագույն փորձի, այլ ոչ թե քաղաքական վրեժխնդրության և շինծու ճգնաժամի վրա հիմնված կառավարման ռազմավարություն։

Տեսանյութեր

Լրահոս