Եթե ասում եք՝ Ադրբեջանում ու Վրաստանում բնակչության կենսամակարդակը նույնն է, բա ինչի՞ է Հայաստանում կենսաթոշակն այդ երկրներից կրկնակի ցածր. Ավետիք Չալաբյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը խոսել է թոշակների բարձրացման շոուի ու դրա քաղաքական կոմպոնենտի մասին:
Նրա խոսքով՝ Փաշինյանի իշխանության 8 տարիների ընթացքում կենսաթոշակները ոչ միայն չեն աճել, այլև գնողունակության տեսանկյունից նույնիսկ նվազել են: Շատ լուրջ գնաճ է արձանագրվել դեղորայքի, սննդամթերքի, գույքահարկի գնացուցակում, ինչն անմիջականորեն հարվածում է թոշակառուներին:
«Նա մեր թոշակառուներին առաջարկում է իր փոխարեն գնալ, ապրել Ենոքավանում, որ ինքը ապրի կառավարական ամառանոցում: Փաշինյանը դա անում էր, որովհետև վստահ էր, որ ինչ էլ լինի, թոշակառուներն իր օգտին են քվեարկելու, բայց մենք կոտրեցինք այդ կարծրատիպը:
Մենք հիշում ենք՝ Նիկոլ Փաշինյանը, Արսեն Թորոսյանը՝ փրփուրը բերաններին, հակադարձում էին մեզ, երբ ասում էինք՝ կենսաթոշակները հնարավոր է բարձրացնել: Արսեն Թորոսյանը մեզ ուղիղ պոպուլիստ անվանեց, ասաց՝ հնարավոր չէ բարձրացնել թոշակները: Եկել եք արդարության լոզունգներով ու կես միլիոն մարդու մատնել եք աղքատության: Տրամաբանական է, չէ՞, որ, եթե, ինչպես դուք եք ասում, ՔՊ-ականներ, պետական բյուջեն կրկնապատկվել է, ուրեմն կենսաթոշակներն էլ պետք է կրկնապատկվեն: Բա ինչի՞ չեք կրկնապատկել»,- ասաց Ավետիք Չալաբյանը:

Վերջինս հիշեցրեց՝ «ՀայաՔվեն» Հայաստանի ամբողջ տարածքով մեկ ստորագրահավաք է անցկացնում, տասնյակ-հազարավոր մարդիկ արդեն ստորագրել են. պետությունը պետք է երաշխավորի բարեկեցիկ ծերություն:
«Եթե Ադրբեջանում ու Վրաստանում, ըստ ցուցանիշների, բնակչության կենսամակարդակը նույնն է, բա ինչի՞ է Հայաստանում կենսաթոշակն այդ երկրներից կրկնակի ցածր: Մենք դռնեդուռ ենք գնում, մարդիկ ստորագրում են, միանում են այդ պահանջին: Մարդիկ հասկանում են՝ լուրջ խնդրի առաջ են կանգնելու, հողը ոտքերի տակից փախչում է ու ընտրազանգված են կորցնելու: Դրա համար գնացին այս քայլին ու հայտարարեցին թոշակների բարձրացման մասին: Փաշինյանն արձանագրեց իր պարտությունը, բայց պետք է շարունակենք պայքարը նրանց դեմ, մինչև ամբողջական իշխանազրկում»,- ասաց Ավետիք Չալաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:




