ՇՈԿԱՅԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. ո՞վ է գրավոր առաջարկ արել կարգալույծ անել Գևորգ Սարոյանին Գերագույն հոգևոր խորհրդի նիստում
«Պրեսսինգ» հաղորդաշարում «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը շոկային բացահայտում արեց։
Փետրվարի 19-ին Վիեննայում կայացած Եպիսկոպոսաց ժողովից և շատ կոշտ ու սկզբունքային հայտարարությունից հետո, Թուրքիան սկսեց անհանգիստ շարժումներ անել, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի ծրագիրը, որն իրականացվում է Նիկոլ Փաշինյանի ձեռքով, հերթական անգամ տապալվեց:
Եվ, ահա, փետրվարի 25-ին, Թուրքիայի Հայոց Սահակ Բ. (Մաշալյան) Պատրիարքը շատ տարօրինակ հայտարարություն-կոչով հանդես եկավ՝ քննադատությամբ և առաջարկներով:
Նախ, նույն Պոլսո հայոց պատրիարք տեր Սահակ Բ Մաշալյանը հանդիսանալով ատենապետը Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ), որին քննադատում է այդ նույն հայտարարության մեջ, երբևէ փոփոխությունների ոչ առաջարկներ է ներկայացրել, ոչ էլ որևէ առաջարկ կամ փոփոխություն առաջ մղել:
Նա իր հայտարարության մեջ ասում է, թե ներկայիս ԳՀԽ-ն հեղինակազրկված է, իսկ նրա «հապճեպ և ջղագրգիռ» որոշումները (օրինակ՝ Գևորգ սրբազանի կարգալուծությունը) միայն խորացնում են հակամարտությունը. «Այս խառնաշփոթ շրջանին Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը դժբախտաբար հեղինակազրկուած է այլեւս եւ հապճեպով եւ ջղագրգռութեամբ առնուած որոշումներով պատճառ կը դառնայ որ հակամարտութիւնը հետզհետէ խորանայ եւ թնճուկային վիճակ ստանայ: Այսպէս էր Գէորգ Սրբազանին կարգալուծութեան որոշումը: Պատշաճը համբերելն էր այս եպիսկոպոսներու ժողովին եւ հոն ձեռք առնուէր Գէորգ եւ միւս ընդդիմադիր սրբազաններու վիճակը»,- բառացի գրում է նա:
Իսկ հիմա ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. 168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ Մասյացոտն թեմի արդեն նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ անելու առաջարկը գրավոր նամակով Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) օրակարգ է բերել ՀԵՆՑ ԻՆՔԸ՝ Պոլսո հայոց պատրիարք տեր Սահակ Բ Մաշալյանը: Նրա գրավոր առաջարկը հավանության է արժանացել և Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կարգալույծ է արվել (այսուհետ Արման Սարոյան է):

Եվ, հաջորդ ԿԱՐԵՎՈՐ հանգամանքը: Պոլսո հայոց պատրիարք տեր Սահակ Բ Մաշալյանը իր այդ նամակում «առաջարկներ» է անում.
«Վեհափառ Հայրապետը կարիքն ունի այս շրջանին իրեն պաղարիւնութիւն եւ խոհեմութիւն ներշնչելիք հեղինակաւոր ժողովականութեան մը, որ է սինոդականութիւն՝ իր կազմին ներգրաւելով նաեւ որոշ ընդդիմադիր եղբայրները: Այս սինոդական դրոյթը կրնայ գետին պատրաստել կառավարութեան հետ ելքի լուծումներ որոնելու եւ գտնելու ուղղութեամբ: Վեհափառ Հայրապետին միշտ միտքը եղած է այսպիսի կառոյց մը հիմնել, անձնապէս գիտեմ, բայց երբեք կեանքի չէ կոչուած այս գաղափարը: Ասիկա առիթ մըն է որ այս Եպիսկոպոսական Ժողովը ընտրէ տասներկու աւագ եպիսկոպոսներ որպէսզի այս շրջանին Մայր Աթոռի կառավարման գործին նեցուկ կանգնին Վեհափառ Տիրոջ:
Եթէ Մայր Աթոռը չստանձնէ այս վարչական բարեփոխութիւնը, կը վախնամ ներկայ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի կազմով Վեհափառ Հայրապետի հեղինակութիւնը անբաղձալի կերպով պիտի տկարանայ: Իշխանութիւններու հետ հաշտութեան եւ անցումային շրջանի համար մինչեւ Ազգային Եկեղեցական Ժողովի գումարումը սինոդականութիւնը կրնայ հանդիսանալ անցումային լուծում մը: Իսկ երկրորդ առաջարկս պիտի լինի Եպիսկոպոսներու այս Ժողովը լաւ կ’ըլլար որ ճշդէր այլեւս անհրաժեշտութիւն դարձած Ազգային Եկեղեցական Ժողովի համար թուական մը եւ կարգադիր յանձնախումբ մը: Ասիկա որոշ կիրքերու հանդարտացման պատճառ կրնայ դառնալ»,- գրում է նա:
Արևելահայերենով, կարճ ասած՝ նա առաջարկում է. ստեղծել 12 ավագ եպիսկոպոսներից կազմված մարմին (Սինոդ), որն իբրև թե նեցուկ կլինի Կաթողիկոսին կառավարման գործում, այս կազմում ներգրավել նաև որոշ ընդդիմադիր եպիսկոպոսների՝ լարվածությունը թուլացնելու և իշխանությունների հետ երկխոսության եզրեր գտնելու համար, Ազգային-Եկեղեցական Ժողովի գումարում (ժամկետը ֆիքսել և ձևավորել կազմակերպիչ հանձնախումբ)։ Պատրիարքի կարծիքով՝ սա միակ իրավասու ատյանն է, որը կարող է վերահաստատել կամ վերաճշգրտել Կաթողիկոսի կարգավիճակը և հանդարտեցնել կրքերը։
Հարց Պոլսո պատրիարքին՝ նախ, այդ ո՞ւմ կարգավիճակն է ուզում ճշտել, բացի այդ, միգուցե Փաշինյանի հետ համագործակցող հոգևորականների՞ց ճշտի՝ ինչո՞ւ նրանք չեն մասնակցում Գերագույն Հոգևոր Խորհրդի աշխատանքներին:
Եվ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ. Բաց տեղեկատվական աղբյուրներից հայտնի է՝ Ռուսական կայսր Պետրոս Առաջին թագավորի (ցար) կողմից է ներդրվել պետական Սինոդը (1721թ.)՝ եկեղեցական բարեփոխումների շրջանակում: Այն Ռուս Ուղղափառ եկեղեցու բարձրագույն կառավարման մարմինն էր՝ եպիսկոպոսներից, որը փոխարինեց պատրիարքությանը։ Այն ենթակա էր կայսրին, ղեկավարվում էր նշանակովի օբեր-պրոկուրորի կողմից և նպատակ ուներ եկեղեցին դարձնել պետական մեքենայի մաս՝ վերացնելով նրա անկախությունը։ Պատրիարքության վերացումից հետո Սինոդը ստանձնել է եկեղեցու վարչական և դատական կառավարումը։ Այն բաղկացած էր բարձրագույն հոգևորականներից (եպիսկոպոսներից), որոնց նշանակում էր անձամբ կայսրը։ Սինոդի գործունեությունը վերահսկվում էր աշխարհիկ պաշտոնյայի՝ օբեր-պրոկուրորի կողմից, ով ներկայացնում էր ցարին։ Այդպիսով, Պետրոս I-ը եկեղեցին վերածեց պետական ապարատի ենթակա կառույցի, ինչը համահունչ էր նրա՝ Ռուսաստանում բացարձակ միապետությունն ամրապնդելու քաղաքականությանը։
Այնպես որ, Պոլսո հայոց պատրիարք տեր Սահակ Բ Մաշալյանն իր այդ առաջարկով Էրդողան-Ալիև-Փաշինյան դավադիր ծրագրի մաս է կազմում: Իր առաջարկի բուն նպատակն է՝ վերացնել Վեհափառ Հայրապետի բարձրագույն՝ Ծայրագույն Պատրիարքական կարգավիճակը:
«Ինձ համար անակնկալ տեղեկություն էր, որ Պոլսո Սահակ սրբազանն ինքն է գրավոր առաջարկով հանդես եկել՝ Մասյացոտն թեմի՝ արդեն նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոսին կարգալույծ անելու առաջարկով: Բայց գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում: Սա մեծ խաղ է: Ծանոթ լինելով Սահակ Մաշալյանի գործունեությանը՝ կարող եմ ասել, որ այս քայլով ինքը փորձում է մեղմել ու կառուցողական դաշտ բերել այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Եկեղեցու ներսում՝ ուղիղ հարվածելով Հովվապետին»,-արձագանքելով՝ ասաց Աբրահամ Գասպարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:



