ՀԻՄԱ ՈՎ ՉԻ ԱՊՐՈւՄ ԳՅՈւՂՈւՄ, ՀԱՄԱՐՎՈւՄ Է ՄՏԱՎՈՐԱԿԱՆ, ԱՅԴՊԵՍ ՉԷ

168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է պրոֆեսոր Աննա Հեքեքյանը:

Անկեղծ զրույցում տիկին Հեքեքյանը հիշում է իր մանկության տարիները.

«Այն ժամանակ այդպիսի թողտվություն չի եղել, ավելի հավաք էինք բոլորս, բայց մեր ժամանակ էլ կային և՛ գող-ավազակներ, և՛ անբարո մարդիկ։ Մայրս ինձ ասում էր՝ ես քեզ վրա վստահ եմ, դու երբեք ինձ վատ վիճակի մեջ չես դնի, ու ես ստիպված, որպեսզի այդ վստահությունն արդարացնեի, ինձ պիտի ճիշտ պահեի, բայց կան երեխաներ, որոնք, այդ նույն վստահությունից կարող էին օգտվել և անել՝ ինչ ուզում են»։

Նրա խոսքով՝ որքան էլ մանկության տարիները երջանիկ էին, բայցևայնպես, կային խնդիրներ:

«Այդ դժվարություններն ավելի շատ ծնողներին էին հասնում, ոչ թե մեզ, ինչո՞ւ, որովհետև, այո՛, խանութներում ինչ-որ բան չկար, նրանք ստիպված պիտի հերթ կանգնեին գնելու համար, կամ մենք ենք արդեն մի քիչ մեծ տարիքում հացի կամ կաթի հերթ կանգնում, բայց  ամենակարևոր բանն ունեինք մենք։ Մենք շրջապատված էինք մեր ծնողների կողմից սիրով»։

Խոսելով ապագայի հանդեպ ձգտման մասին՝ Աննա Հեքեքյանն ընդգծում է.

«Մենք վստահում էինք մեր վաղվա օրվան։ Մենք գիտեինք, որ լավ կլինի, այ, ես հիմա դպրոցը կավարտեմ, հետո, եթե բուհում լավ սովորեմ, ավարտեմ, ես կունենամ լավ աշխատանք, հետո կունենամ լավ թոշակ։ Այսինքն՝ մենք այդ առումով մի տեսակ ավելի վստահ էինք ապրում, որ ամեն ինչ շատ լավ կլինի, իր հունով կընթանա, և մենք կկարողանանք կայանալ, ստեղծագործել, ապրել։

Հիմա մի քիչ ավելի բարդ է երիտասարդների համար, որովհետև նույն բուհն ավարտած երեխաները, ուսանողները, երիտասարդները հաճախ մի քիչ գումար վաստակելու համար մասնագիտությամբ չեն աշխատում, բայց սիրում են այդ մասնագիտությունը և կարող էին այդ մասնագիտությամբ աշխատել։ Բայց գումարի, ընտանիք պահելու խնդրին բախվելով՝ զբաղվում են լրիվ ուրիշ մասնագիտությամբ, ստեղծագործությամբ չեն զբաղվում, դա ինձ ցավ է պատճառում»։

Անդրադառնալով եթերում ու բեմահարթակներում հնչող խոսքի թերություններին ու ոչ ճիշտ հայերենին, պրոֆեսոր Հեքեքյանը սրտնեղում է։

«Ո՞վ ասաց, որ եթե դու եթերից կամ բեմից հանրության հետ խոսելու իրավունք ունես և այդ իրավունքը դու օգտագործում ես ոչ գրագետ խոսք հնչեցնելով, դու դրա իրավունքն ունե՞ս, ես կարծում եմ, որ չունեն։ Կամ էլ ուզում են ասել՝ գիտե՞ք ինչ, ես ձեզ նման գյադա եմ, կներեք խոսքիս համար, ինչո՞ւ եմ ես դա ասում, որովհետև ինչպես մտածում ես, ինչ արժեքներով որ ապրում ես, այդպես էլ խոսում ես։ Դու ինքդ քեզ չես հարգում»։

Զրույցի ընթացքում անդրադարձել ենք նաև մտավորականությանը.

«Հիմա բոլորը մտավորական են, չես հասկանում՝ ինչո՞ւ, բայց մտավորական առաջ լրիվ ուրիշ հասկացություն էր, հիմա ով չի աշխատում գյուղում, հողի հետ, կամ ով բանվորություն չի անում, համարվում է մտավորական, բայց մտավորականը հո ուղեղով ինչ-որ բան անելը չէ՞, լրիվ տարբեր հասկացություններ են դրանք՝ մտավորական և մտավոր գործունեություն ծավալող։ Մտավորականը մի մարդ է, որը ոչ միայն իր անձի, իր հարմարության և հարմարավետության մասին է մտածում, այլև նայում է, ուզում է օգտակար լինել շրջապատին։

Մտավորականը, որն իրեն թույլ է տալիս եթերից խոսելու, նա պարտավոր է մտածել այն սերնդի մասին, որը նրան լսում է, այն մարդիկ, որոնք եթերից հնչեցնում են ոչ գեղեցիկ հայերեն, նրանք ոչ միայն իրենք իրենց են ցածրացնում, ոչ միայն լեզուն են աղավաղում, ցավոք. մեր սրբության սրբոցը, կարելի է ասել, մեր լեզուն է, փչացնում են նաև մեր հասարակությանը»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս