Այաթոլա Սեյեդ Մոջթաբա Խամենեին պաշտոնապես ընտրվել է Իրանի հոգևոր առաջնորդ
Իրանի Փորձագետների խորհուրդը Իսլամական Հանրապետության նոր առաջնորդ է նշանակել այաթոլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիին, հայտնում է Press TV-ն։
Իրանի նոր հոգևոր առաջնորդը սպանված այաթոլա Ալի Սեյեդ Խամենեիի որդին է։
Ավելի վաղ Pars Today-ը հայտնել էր, որ Փորձագետների խորհրդի մեծամասնությունը հակված է երկրի սպանված հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Սեյեդ Խամենեիի որդու՝ Մոջթաբա Խամենեիի թեկնածությանը։
Ըստ Իրանի սահմանադրության, հենց 88 անդամից բաղկացած Փորձագետների խորհուրդն է լիազորված ընտրել երկրի հոգևոր առաջնորդին։ Խամենեին, որն Իրանը ղեկավարել է 37 տարի, սպանվել է փետրվարի 28-ին Թեհրանին հասցված ամերիկա-իսրայելական հարվածի հետևանքով։
Այս գործընթացին անդրադարձել է նաև Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ)՝ հայտարարելով, որ հետապնդելու է Իրանի հոգևոր առաջնորդի ցանկացած ժառանգորդի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ իր հերթին հայտարարել է, որ Իրանի նոր հոգևոր առաջնորդը «երկար չի դիմանա» առանց ԱՄՆ-ի հավանության։



