«Թրամփի հաշվարկները չաշխատեցին»․ իրանցիները մինչև վերջ կկռվեն. Ժորժ Աբրահամյան

«Իրանի մշակույթը բազմաշերտ է ու այնքան սիրուն, որ իրենք կարողանում են ժամանակի հետ առաջ տանել։ Այնտեղ առաջին տեղում ավանդական, դասական երաժշտությունն է։ Համերգների տոմսերը մի քանի ժամվա ընթացքում վաճառվում են։ Վերջին տարիներին մշակութային զարթոնք տեղի ունեցավ. իրանցի երիտասարդները սկսեցին քամանչա, թառ նվագել ու դրանք համադրել ռոք երաժշտության հետ։ Շատ եմ ուզում, որ շփումների ընթացքում սովորենք իրարից, հատկապես այն, թե ինչպես են իրենց ինքնությունը պահում։ Եվ դրա համար է Իրանը շատ հետաքրքիր աշխարհի համար։ Նրանք հպարտանում են իրենց ծեսերով»,- 168TV-ի հետ զրույցում ասաց իրանահայ գրող, թարգմանիչ Ժորժ Աբրահամյանը՝ ընդգծելով, որ ափսոս է Կոմիտաս, Սայաթ-Նովա, Լուսինե Զաքարյան չլսելը, նրանց ծանոթ չլինելը։

Անդրադառնալով ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսված պատերազմին՝ Ժորժ Աբրահամյանը նշեց.

«Սարսափելի զգացողություն է, որ առավոտյան զարթնում ես ու զգում ես, որ օրն ամեն կողմից թիրախավորված է, ու գրեցի այս տողերը.

Կարդացեք նաև

Լուսնի շողերով

Սրբում եմ օրը արյունից, փոշուց, վառոդի հոտից
Հետո կախում եմ նրան կտուրիս կանաչ պարանից
Բացվում է լույսն ու
սարսափած
օրը չգիտի որտեղ իրեն թաքցնի։

Իմ ցանկությունն է` լինի խաղաղություն։ Միշտ մի աչքս՝ Իրանի, մյուսը՝ Հայաստանի վրա է։ Երբ ասում ես՝ վերջ, հերթական պատերազմը վերջին արարն էր, հանկարծ ռումբերը պայթում են, ու ցավում ես, որ անընդհատ այդ իրավիճակում ես հայտնվում»։

Հարցին՝ իրանցիները շուտ հանձնվո՞ղ են, Ժորժ Աբրահամյանը պատասխանեց.

«Ոչ, իրանցիները շատ համառ են։ Իրաքն էլ գերտերությունների աջակցությամբ հարձակվեց Իրանի վրա, գրավեց Իրանի հարավային մասը, բայց դուրս շպրտվեցին։ Իրանցիները համառ են, դրա համար Թրամփի բոլոր հաշվարկները այնպես չեղան, ինչպես ենթադրում էր։

Մտածում էր, որ Վենեսուելայի օրինակը կարող է լինել, երբ առաջնորդին խփեն, ուրեմն կհանձնվեն։ Հենց հայրենիքի, տարածքային ամբողջականության խնդիր է լինում՝ իրանցիները միավորվում են, որովհետև շատ լավ գիտեն՝ կառավարությունները գալիս-գնում են, իսկ հայրենիքը մնում է։

Իրենք պետականամետ են։ Հիմա Իրանն աշխարհի ամենահզոր՝ ԱՄՆ-ի բանակի դեմ է կռվում, բոլորն են զարմացել այս համառության վրա։ Գուցե պարտվեն պատերազմում, բայց մինչև արյան վերջին կաթիլը կկռվեն։ Կարող է մեռնեն, բայց չհանձնվեն։ Իրենց մոտ ազգային այդ ջիղը դրված է, դրա համար այսքան կորուստներից հետո չեն հանձնվում»։

Մանրասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս