Եթե Իրանը փլուզվի, հայ-իրանական սահման չի լինի… Թուրքիան իր զորքը կմտցնի Իրան. Հուսամ՝ ՀՀ իշխանությունը «ո՛չ» ասելու ողնաշար կունենա. Հրայր Բալյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ամերիկահայ կոնֆլիկտաբան, միջազգային հակամարտությունների կարգավորման և բանակցությունների մասնագետ (Conflict Resolution, International Law, Mediation), իրավագիտության դոկտոր Հրայր Բալյանն է։
Հրայր Բալյանը եղել է ԱՄՆ-ի 39-րդ նախագահ Ջիմի Քարտերի ելույթների հեղինակներից, նա 2008-2022թթ. եղել է «Քարտեր կենտրոնի» (The Carter Center) Հակամարտությունների լուծման ծրագրի տնօրենը: Նա աշխատել է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և մի շարք հեղինակավոր հասարակական կազմակերպությունների համար և ղեկավար պաշտոններ զբաղեցրել Ժնևի «Իրավունքի և հակամարտությունների կարգավորման Կովկաս կենտրոն»-ում (Covcas Center for Law and Conflict Resolution), Սարաևոյի Միջազգային ճգնաժամային խմբում (International Crisis Group) և այլ հաստատություններում։ Բացի դաշտային աշխատանքից, Հրայր Բալյանն իրավաբանական պրակտիկա է անցել Միացյալ Նահանգներում և իր փորձառության մանրամասները դասախոսությունների միջոցով ներկայացրել է աշխարհի մի շարք համալսարաններում և ակադեմիական հաստատություններում: Ներկայում նրա ուսումնասիրության առարկաներն են Հարավային Կովկասը և Լևանտը։
Հրայր Բալյանի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Այս պատերազմն Իսրայելի շահերը հետապնդող պատերազմ է, որի մեջ ԱՄՆ-ը ներքաշվեց արդեն երկրորդ անգամ, միայն թե այս անգամ այն շատ ավելի կործանարար հետևանքներ է ունենում։ Ամերիկացիներն ասում են՝ 4-6 շաբաթվա պատերազմ է, բայց թե ինչպես են այդ ժամկետները որոշել, ինձ համար պարզ չէ։
- Իմ կարծիքով՝ երկարատև պատերազմ է լինելու։ Իսրայելի նպատակն Իրանի պետության ու ռեժիմի փլուզումն է։ Ոչ միայն իրանյան անչափահաս երեխաների դպրոցներն են ռմբակոծում, ինչը պատերազմական ոճրագործություն է, այլև զինում են Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող քրդերին, որ ըմբոստանան Թեհրանի դեմ։ Զինում են նաև Իրանի ազգային այլ փոքրամասնություններին։ Մեզ՝ Հայաստանին հետաքրքրողն ադրբեջանցի իրանցիներն են։ Ըստ տեղեկությունների՝ Իրանի հյուսիսում 20 միլիոն ադրբեջանցիներ են ապրում: Եթե իսկապես նրանց որոշ մասը զենք վերցնի ու ըմբոստանա Իրանի դեմ, մեզ համար հսկայական վտանգների դուռ կբացի։
- Երեկ ռմբակոծվեց Նախիջևանը։ Ի՞նչ նպատակ է դա հետապնդում։ Արդյո՞ք դա սադրանք էր, արդյո՞ք ուզում են այդպիսով գրգռել Ադրբեջանին՝ ներքաշվել պատերազմի մեջ, պարզ չէ։ Արդյո՞ք սա Իսրայելի սադրանքն է, որ կազուս բելի տեղի ունենա։ Իրանը որևէ մոտիվացիա չուներ Ադրբեջանին գրգռելու համար։ Ամեն դեպքում Հայաստանի համար հիմա տասնապատիկ ավելի բարդ իրավիճակ է, քան 10 օր առաջ։
- Իրանն Իսրայելի թիվ 1 թշնամին է Մերձավոր Արևելքում։ Իսրայելը հստակ իր նպատակը գիտի՝ Իրանի պետականության ամբողջական փլուզում, բայց թե ինչ նպատակ է հետապնդում ԱՄՆ-ը, պարզ չէ անգամ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների համար։

- Ես կասկածում եմ, որ Ամերիկան որևէ ցամաքային գործողություն կիրականացնի Իրանի մեջ։ Մի բան է՝ օդից ռմբակոծել երկիրը, մեկ այլ բան՝ ցամաքային պատերազմը, որի դեպքում կարող ես տեսնել ամերիկացի զինվորների բազմաթիվ զոհեր։ Այդ ժամանակ ԱՄՆ ժողովուրդը ոտքի կկանգնի ու դեմ կարտահայտվի այս պատերազմին առավել հստակ, ինչպես դա եղավ Վիետնամի պատերազմի ժամանակ, որի ցույցերին ժամանակին ես մասնակցել եմ:
- Հիշենք՝ ինչ տեղի ունեցավ Սիրիայում 2012-2013թթ․, երբ Թուրքիան զորք մտցրեց Սիրիա՝ բուֆերային գոտի ստեղծելով, որպեսզի քրդերին վերահսկի ու կանխի փախստականների հոսքը։ Եթե իսկապես Պարսկաստանը փլուզվի, ու հսկայական թվով փախստականներ փորձեն մտնել Թուրքիա, Թուրքիան իր զորքը կմտցնի Իրան, որպեսզի կանխի նախ փախստականների հոսքը, ապա՝ չեզոքացնի քրդական ինքնավարության ստեղծումն Իրանի հյուսիս-արևելքում։
- Եթե Թուրքիան ուզի, թերևս, կարող է Ադրբեջանին զսպել ներքաշվել Իրանի դեմ պատերազմի մեջ։ Բայց Ալիևն այնքան է լկտիացել, որ ես չեմ բացառում, որ նա Թուրքիայի առաջ էլ պայմաններ դնի։ Նաև Թուրքիայի շահերից է բխում, որ Իրանը տկարանա։ Թուրքիա-Իրան հակամարտություն միշտ է եղել։ Այս պատերազմի հետևանքները շատ հեռուն կարող են տանել։
- Չմոռանանք, որ անցած 15-17 տարիներին Իսրայելն Իրան-Ադրբեջան 700 կմ-անոց սահմանն օգտագործել է Իրանի դեմ իր գործողությունների համար, և Իսրայելն ամեն ինչ անելու է, որ Ադրբեջանին ներքաշի այս պատերազմի մեջ։ Այսինքն՝ Ադրբեջանն այսպես կամ այնպես մտած է այս հակամարտության մեջ։
- Մի մոռացեք նաև, որ Իրանի ղեկավարության մի մասն ազերի է։ Խոսք կար, որ Այաթոլլահը նույնպես ազերի էր։
- Ես լսել եմ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Իրանի Ատրպատականում բազմաթիվ տների վրա ծածանվում էին ադրբեջանական դրոշներ։ Ադրբեջանական փոքրամասնությունը երկատված է՝ մի մասն իրանական պետության կողքին է, մյուսի կողմնորոշումը դեպի Ադրբեջան է։
- Եթե Ամերիկան դեմ լինի, որ Ալիևը Սյունիքը վերցնի, չեմ կարծում, որ Ալիևը կհամարձակվի այդ քայլն անել։ Բայց եթե ԱՄՆ-ը ակնարկներ անի, որ իր համար դա կարևոր չէ, Ալիևը կվերցնի Սյունիքը։
- Եթե ԱՄՆ-ը հաղթեց այս պատերազմում, հայ-իրանական սահման չի լինի։ Այդ ժամանակ չեմ պատկերացնում՝ TRIPP-ն իրենից ինչ հետաքրքրություն պետք է ներկայացնի։
- «Զանգեզուրի միջանցքի» հիմնական հակառակորդն Իրանն էր, բայց վերջին շրջանում նաև ԱՄՆ-ը դեմ եղավ։ Պետք է ընդունել, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ամերիկան կանխել է Ալիևի հավակնությունները Սյունիքի նկատմամբ։ 2025թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված TRIPP-ի համաձայնագիրը վերջ տվեց Սյունիքի վերաբերյալ Ալիևի հավակնություններին։
- Երբ երկու երկրների միջև խաղաղություն ես հաստատում, պետք է տարբերակես։ Մեկ բան է՝ խաղաղության համաձայնագիր ստորագրել քաղաքական էլիտաների միջև, մեկ այլ բան՝ ժողովուրդների միջև։ Ես, 35 տարի է՝ մասնակցում եմ բանակցային պրոցեսներին, բայց չեմ տեսել, որ էլիտաների միջև ստորագրված խաղաղությունը չարտացոլվի ժողովուրդների միջև։ Եթե մենք դեռ գերիներ ունենք Ադրբեջանում, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։ Եթե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իսկապես խաղաղություն են ուզում, երկու ժողովուրդների միջև առկա հարցերը պետք է լուծեն։

- Ամերիկան շատ բան կարող է պահանջել Հայաստանից, բայց կարծում եմ՝ Հայաստանն ԱՄՆ-ին շատ բան չունի տալու։ Եթե Ադրբեջանի և Իրանի միջև 700 կմ-անոց սահման կա, Հայաստանի 40 կմ-անոց սահմանը շատ բան չի կարող տալ։ Հայաստանը կարող է, օրինակ, Իրան մարդասիրական օգնություն ուղարկել՝ ավանդ ներդնելով խաղաղության հաստատման մեջ։ Բայց եթե Հայաստանից պահանջվի մասնակցել այդ պատերազմին, դա շատ դժվար դրության մեջ կդնի Հայաստանին։ Հուսամ՝ Հայաստանի իշխանությունը «ո՛չ» ասելու ուղնաշար կունենա, և այդ «ո՛չ»-ը Հայաստանին շատ դժվարին կացության մեջ կդնի։
- Հայաստանն այսօր որևէ ռազմավարական դաշնակից չունի, ով կերաշխավորի իր անվտանգությունը։ Ո՛չ Ամերիկան, ո՛չ Եվրոպան չեն օգնելու։ Մյուս կողմից՝ մեր ներքին անհամաձայնություններն այնքան սրված են, որ դա ինքնին վտանգ է Հայաստանի համար։ Չկա որևէ դաշնակից, որն այսօր կկանգնի Հայաստանի կողքին։ Սա մեր բաց վերքերից մեկն է։
- Հայաստանի՝ Եվրամիությանը միանալը եթե ոչ՝ անկարելի, ապա՝ գոնե շատ-շատ հեռու ապագայում իրագործվող հարց է, և առաջին հերթին այն պատճառով, որ ԵՄ-ն չի ուզում նոր երկրներ միացնել իրեն։
- Կար ժամանակ, երբ ԱՄՆ-ը երկարաժամկետ կտրվածքով էր պլանավորում իր արտաքին քաղաքական ծրագրերը։ Ցավոք, այդ ժամանակն անցել է։ Ո՞ւր է այդ ծրագիրը, ինչո՞ւ է ԱՄՆ-ը մտել այս պատերազմի մեջ, ի՞նչ է ուզում՝ ռեժիմի փոփոխությո՞ւն։ Այդ ե՞րբ է միայն օդային հրետակոծմամբ ռեժիմ փոխվել։
- Ամերիկան Հարավային Կովկասում մի քանի շահեր ունի՝ ադրբեջանական նավթագազային պաշարներին հասանելիություն, Միջին միջանցքի հարցը և այդ Միջանցքից դուրս մղել Իրանին ու Ռուսաստանին, Կենտրոնական Ասիայով դեպի Եվրոպա դուրս գալ։ Սա ոչ միայն Ամերիկայի, այլև հավաքական Արևմուտքի շահերի տիրույթում է։
- Մենք պետք է լավ հարաբերություններ ունենանք բոլորի հետ, կարողանանք ռազմավարական հարաբերություններ զարգացնել որոշ երկրների հետ, բայց ցավոք, Հայաստանի իշխանությունները շատ սխալներ են անում։ Մենք չպետք է գրգռենք որևէ երկրի։
- Նորություն չէ, որ գերտերությունները խառնվում են փոքր պետությունների ներքին գործերին, բայց գալ Հայաստան ու բացեիբաց հայտարարել, որ՝ ես այս կամ այն թեկնածուի կողքին եմ առաջիկա ընտրություններում, առնվազն սխալ մոտեցում է Վենսի կողմից։ Ինձ համար առավել մտահոգիչ է, որ Հայաստանում մարդու իրավունքները, դատական համակարգը հետընթաց են արձանագրում, ու Արևմուտքից ու Ռուսաստանից ոչ մի աղմուկ չի բարձրացվում։
- Քաղաքականության մեջ մենք պետք է փորձենք տեսնել սևի ու սպիտակի արանքի մոխրագույն երանգները։ Վենսի այցն ունեցավ և՛ դրական, և՛ բացասական շերտեր։ Միայն այն, որ ԱՄՆ-ի թիվ 2 անձը պատմության մեջ առաջին անգամ Հայաստան եկավ, արդեն լավ է։ Նաև ներդրումային ծրագրերի մասին խոսվեց՝ արհեստական բանականության, մոդուլային կայանների… Բայց հարցեր կան TRIPP-ի հետ կապված, որոնք չորոշակիացրեցին․ օրինակ՝ TRIPP-ով անցման փոխադարձության սկզբունքը։
- Լավն այն էր, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսն այցելեց Ծիծեռնակաբերդ, ծաղիկ խոնարհեց նահատակների հուշարձանին, բայց այո՛, շատ սխալ էր, որ իր գրառումը ջնջեց։
- Չեմ կարծում, որ այսօր Ռուսաստանն Ուկրաինայից բացի՝ այլ հակամարտության մեջ ներգրավվելու կարողություն ունի։ Իսկ Չինաստանն այս հարցերում միշտ ավելի խորամանկ է եղել, և կարծում եմ՝ իրեն զերծ կպահի որևէ ձևով միջամտելուց, բացի հայտարարություններ անելը։

- ԲՐԻԿՍ-ն այս պատերազմում որևէ դերակատարություն չունի։ Տեսեք՝ ուր գնաց մի քանի օր առաջ Հնդկաստանի վարչապետը․․․ Իսրայել։
- Հայաստանն այսօր արտակարգ ճգնաժամերի առաջ է կանգնած։ Հուսամ՝ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են դրանց, գոնե կարող են Իրանից փախստականների ու պարենային անվտանգության հարցը լուծել, բայց որևէ տեղեկություն չունեմ՝ ինչ է արվում Հայաստանի կողմից: Մենք հիմա մնացել ենք միայն Վրաստանով սննդամթերք ստանալու հրամայականի առաջ։
- Աղանդավորական, կրոնական ծայրահեղ մոտեցումները, ցավոք, հիմա տարածված են Ամերիկայում, բազմաթիվ կրոնական կազմակերպություններ կան։ Աբսուրդի է հասնում… այսօր նույնիսկ ամերիկյան բանակի բարձր հրամանատարությունն է իր անօրեն հարձակումներն Իրանի վրա արդարացնում Հիսուսի անունով… Պատկերացնո՞ւմ եք՝ քաղաքակրթությունն ինչ հետընթաց է ապրում: Թրամփը 2 անգամ ընտրվել է քրիստոնյա ծայրահեղ սիոնիստների քարոզներով ու քվեներով՝ աղոթում էին, մարդկանց ուղղորդում…
Ի դեպ, վերջերս լրատվամիջոցներից մեկում հրապարակում էր եղել այն մասին, որ ամերիկացի զինվորականներին ուղերձ-հրահանգ է իջեցվել, որ Իրանի դեմ պատերազմն «Արմագեդոնն» է և Հիսուսի վերադարձը: Իրավապաշտպան խումբը հայտնել է, որ զինված ուժերի բոլոր տեսակների ավելի քան 30 ռազմակայաններում հրամանատարները հանդես են գալիս նմանատիպ ուղերձներով։ Մարտական ստորաբաժանման հրամանատարներից մեկը երկուշաբթի օրը կայացած խորհրդակցության ժամանակ սերժանտական կազմին հայտնել է, որ Իրանի հետ պատերազմն Աստծո ծրագրի մի մասն է, և, որ նախագահ Դոնալդ Թրամփն «օծված է Հիսուսի կողմից՝ Իրանում բոցավառելու Արմագեդոնի ազդանշանային կրակը և նշանավորելու Հիսուսի վերադարձը Երկիր»։ Այս մասին նշված է եղել սպաներից մեկի ներկայացրած բողոքի մեջ։



