Բաժիններ՝

Չինաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց Իրանի շուրջ հակամարտության կարգավորման 5 սկզբունք

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին անդրադարձել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին և ներկայացրել Պեկինի դիրքորոշումը՝ նշելով հակամարտության կարգավորման հինգ հիմնական սկզբունքները։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարեց մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, որը վերաբերում էր ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողություններին և դրա հետևանքով Մերձավոր Արևելքում ստեղծված լարվածությանը։

Լրագրողի հարցին ի պատասխան՝ Չինաստանի ԱԳ նախարարն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։

«Այս հարցը մտահոգում է բոլոր կողմերին և գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Չինաստանը որդեգրել է օբյեկտիվ և արդար դիրքորոշում և բազմիցս պարզաբանել է իր սկզբունքային դիրքորոշումը։ Դրա էությունը հանգում է մեկ նախադասության՝ հրադադար և պատերազմի դադարեցում»,-ասաց նա։

Նախարարը նշեց, որ Մերձավոր Արևելքում ընթացող ռազմական գործողությունները միայն խորացնում են հակասությունները։

«Հին չինացիներն ասում էին. զինվորները չպետք է որպես սպանության զենք օգտագործվեն առանց դատաստանի և հետաքննության։ Նայելով պատերազմով համակված Մերձավոր Արևելքին՝ ուզում եմ ասել, որ սա պատերազմ է, որը չպետք է լիներ, և սա պատերազմ է, որը ոչ մի օգուտ չի բերում բոլոր կողմերին։ Մերձավոր Արևելքի պատմությունը բազմիցս ապացուցել է աշխարհին, որ ուժը խնդրի լուծում չէ»,–ընդգծեց նա։

Չինաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ Պեկինը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և թույլ չտալ հակամարտության հետագա ընդլայնում։

«Չինաստանը ցանկանում է կրկնել իր կոչը՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, կանխել իրավիճակի հետագա էսկալացիան»,-ասաց նա։

Նախարարը ներկայացրեց նաև այն հինգ հիմնական սկզբունքները, որոնք, ըստ Չինաստանի, պետք է հիմք հանդիսանան Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար։

Առաջին սկզբունքը, նրա խոսքով, պետությունների ինքնիշխանության նկատմամբ հարգանքն է։

«Առաջինն ազգային ինքնիշխանության նկատմամբ հարգանքն է։ Ինքնիշխանությունը ներկայիս միջազգային կարգի անկյունաքարն է։ Մենք կողմ ենք, որպեսզի Իրանի և Պարսից ծոցի տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությունը, անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը հարգվեն և լինեն անխախտ»,-նշեց նա։

Երկրորդ սկզբունքը վերաբերում է ուժի կիրառման մերժմանը։

«Չի կարելի չարաշահել ուժը։ Կոշտ բռունցքը չի նշանակում կոշտ ճշմարտություն, և աշխարհը չի կարող վերադառնալ ջունգլիների օրենքներին։ Ամեն քայլափոխի ուժի կիրառումը չի ապացուցում սեփական ուժը, և մարդիկ չեն կարող դառնալ պատերազմի անմեղ զոհ»,-ասաց Չինաստանի ԱԳ նախարարը։

Երրորդ սկզբունքը ներքին գործերին չմիջամտելու սկզբունքն է։

«Մերձավոր Արևելքի ժողովուրդներն այս տարածաշրջանի իրական տերն են, և Մերձավոր Արևելքի գործերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից։ Գունավոր հեղափոխություն պլանավորելն ու ռեժիմի փոփոխությանը մասնակցելը պոպուլյար չէ»,- նշեց նա։

Չորրորդ սկզբունքը քաղաքական կարգավորման անհրաժեշտությունն է։

«Բոլոր կողմերը պետք է հնարավորինս շուտ վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ, հավասար երկխոսության միջոցով կարգավորեն իրենց տարաձայնությունները և ջանքեր գործադրեն ընդհանուր անվտանգության հասնելու համար»,-ընդգծեց նախարարը։

Հինգերորդ սկզբունքը, նրա խոսքով, գերտերությունների կառուցողական դերն է։

«Գերտերությունները պետք է կառուցողական դեր խաղան և բարեխղճորեն օգտագործեն իրենց ուժը։ Մեծ տերությունները պետք է պահեն արդարությունը և հետևեն ճիշտ ուղուն, ինչպես նաև ավելի շատ դրական էներգիա ներդնեն Մերձավոր Արևելքի խաղաղ զարգացման գործում»,-ընդգծեց Չինաստանի ԱԳ նախարարը։

Նա նաև հավելեց, որ Պեկինը պատրաստ է համագործակցել տարածաշրջանի երկրների հետ խաղաղության ապահովման ուղղությամբ։

«Լինելով Մերձավոր Արևելքի երկրների անկեղծ բարեկամ և ռազմավարական գործընկեր՝ Չինաստանը պատրաստ է համագործակցել Մերձավոր Արևելքի երկրների հետ՝ Մերձավոր Արևելքում անվտանգության գլոբալ նախաձեռնության իրականացման և կարգուկանոնի վերականգնման համար՝ մարդկանց խաղաղության և ամբողջ աշխարհի կայունության նպատակով»,-եզրափակեց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս