Բաժիններ՝

Բազմիցս տապալած ծրագիրը կրկին ուզում են ծախել գյուղացու վրա

Ընտրություններից առաջ անցել են գյուղացիներին կաշառելու գործին։ Գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը տարիներ շարունակ տապալելուց հետո, ընտրություններից առաջ կրկին որոշել են այն ծախել գյուղացիների վրա։

Օրերս էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, թե փետրվարի 15-ից վերսկսվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը, չնայած այն երբեք էլ չէր ընդհատվել։ Այլ բան, որ տարիներ շարունակ ոչինչ չի տվել գյուղացուն։ Ու ինչքան էլ էկոնոմիկայի նախարարը փորձի այն նոր ակնկալիքներով մատուցել, կասկած չկա, որ այս անգամ էլ ոչինչ չի տա։

«Գյուղատնտեսության ոլորտում այս տարի ապահովագրություն կլինի։

Երկար բանակցություններից հետո եկել ենք համաձայնության ապահովագրական ընկերությունների հետ։ Ապահովագրական ընկերություններն այս տարի կիրականացնեն ակտիվ վաճառք։ Կգան գյուղեր և տեղում, սիրելի քաղաքացիներ, կապահովագրենք ձեր այգիները, ձեր հողատարածքները։

Կարդացեք նաև

Ապահովագրավճարի 40-60 տոկոսը պետությունը կվճարի ձեր փոխարեն, իսկ ապահովագրական ընկերությունները, կրկնում եմ, այս տարի անխոչընդոտ և ակտիվ կիրականացնեն ապահովագրություն»,- ընտրություններից առաջ փորձում է գյուղացիներին չկայացած գյուղատնտեսական ապահովագրությամբ գայթակղել Գևորգ Պապոյանը։

Նման խոստումներ առաջին անգամ չէ, որ գյուղացին լսում է իշխանությունների բերանից։ Բայց այդպես էլ գործը գլուխ չի գալիս։ Դեռ անցած տարի էր Նիկոլ Փաշինյանը խոստովանում, որ չնայած իրենց ներդրած գյուղատնտեսության ապահովագրությունը չի ծառայում նպատակին, հեռանկար չունի, այնուհանդերձ ընտրություններից առաջ մի տարի էլ այդպես «կգլորեն»։

«Հա, այս տարի էլ մի կերպ կգլորենք, անցած տարի էլ գլորեցինք, լավ, մյուս տարի էլ հնարավոր է գլորենք, բայց եթե այս խնդիրը չփոխվի, ասելու ենք՝ վերջ, էլ չենք կարողանում անել, գյուղատնտեսական ապահովագրումն իմաստ չունի, չի ծառայում իր նպատակին»,- ասում էր Նիկոլ Փաշինյանը։

Գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը չի ծառայում իր նպատակին, բայց պետության փողերը վատնելով՝ մի տարի էլ «կգլորեն», ընտրություններից առաջ գյուղացիներին ցույց տալու, թե գործ են անում իրենց համար։

Վեց տարի է, ապահովագրություն են ներդնում, այն ոչ մի կերպ չի ներդրվում։ Ամեն անգամ մի պատրվակ են բերում իրենց ձախողումներն արդարացնելու համար։ Մե՛կ գյուղացուն են մեղադրում, որ միտումնավոր այնպիսի հողերն է ապահովագրում, որտեղ ռիսկերը բարձր են, վնասաբերությունը՝ շատ, մե՛կ ապահովագրական ընկերություններին են մեղադրում, որ խուսափում են մասնակցել ծրագրին ու ապահովագրել գյուղացիների բերքը։ Իրենց ապաշնորհությամբ, ծրագիրը ձախողել են, մեղքը փորձում են ապահովագրական ընկերությունների ու գյուղացու վրա գցել։

Այն, որ ապահովագրության համակարգի ներդրումն ամբողջությամբ տապալել են, գումարներն անիմաստ վատնել են, ո՛չ ապահովագրական ընկերությունների, ո՛չ էլ գյուղացու մեղքն է։ Կառավարությունն է մեղավոր, որ գումարները ծախսել են, բայց ապահովագրության համակարգը չի գործում։

2020թ. սկսած գյուղատնտեսության ապահովագրություն են իրականացնում, գյուղատնտեսության ապագան կապում էին ապահովագրության հետ, ոսկե սարեր էին խոստանում գյուղացիներին, նախկիններին էին մեղադրում ապահովագրություն չներդնելու, գյուղացուն մենակ թողնելու համար։ Տեսնում ենք, թե ինչպես են գյուղացիները «վայելում» իշխանությունների ներդրած ապահովագրության արդյունքները։ Ապահովագրվող տարածքներն ավելանալու փոխարեն՝ գնալով «չորացան»։

2024թ. գյուղացիների հետ կնքվեց ընդամենը 27 ապահովագրական պայմանագիր՝ հազիվ 247 հեկտար հողատարածքի համար։ Տարեկան ապահովագրավճարն էլ կազմեց 21.9 մլն դրամ։

Ծիծաղելի թվեր մի ամբողջ երկրի գյուղատնտեսության համար։

Անցած տարի, երբ պարզ դարձավ, որ ծրագիրն էլի ձախողվել է, ապահովագրական ընկերությունները հրաժարվում են շարունակել իրենց մասնակցությունը, կառավարությունը ստիպված եղավ ոչ միայն ստանձնել վերաապահովագրողի դերը, այլև պարտավորվեց պետական բյուջեի միջոցների հաշվին վերցնել ապահովագրավճարի սուբսիդավորման բեռը։ Հայտարարեց, թե 2025թ. համար ապահովագրավճարը կսուբսիդավորի 70-80 տոկոսի չափով, նաև ապահովագրական ընկերություններին կփոխհատուցի վնասաբերության 200 տոկոսը գերազանցող մասը։ Բայց դա էլ արդյունք չտվեց։ Ապահովագրական ընկերությունները հրաժարվեցին մասնակցությունից։

Անցած տարի ապահովագրավճարի ընդհուպ 80 տոկոսի սուբսիդավորման պայմաններում չկարողացան ապահովագրություն կազմակերպել, այս տարի սուբսիդավորումն իջեցրել են 40-60 տոկոսի, ուզում են ապահովագրություն անել։

«Հաշվի առնելով, որ 2025 թ. գյուղատնտեսական տարվա համար նախկին 50-60 տոկոսի փոխարեն իրականացվել է ապահովագրավճարի 70-80 տոկոսի սուբսիդավորում, սակայն պրոդուկտների վաճառքի վրա դա էականորեն չի անդրադարձել, որոշմամբ առաջարկվում է 2026 թ. գյուղատնտեսական տարվա համար ապահովագրավճարի սուբսիդավորումն ամբողջությամբ իրականացնել կառավարության միջոցների հաշվին և գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրել ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի 40-60 տոկոսի չափով սուբսիդավորում (ծիրան՝ 40 տոկոս, այլ մշակաբույսեր՝ 60 տոկոս),- տարեսկզբին ընդունած որոշմամբ հայտարարեց կառավարությունը։

Անգամ 70-80 տոկոս սուբսիդավորման պարագայում գյուղացին ի վիճակի չէ, հնարավորություն ու միջոցներ չունի օգտվել ապահովագրությունից։ Ի՞նչ հույսով են որոշել, որ 40-60 տոկոս սուբսիդավորումը պիտի գրկաբաց ընդունեն։

Իրենք էլ գիտեն, որ նման հույսեր չկան, բայց փորձում են տպավորություն ստեղծել, թե ամեն ինչ անում են գյուղացու համար։ Սպասվող ընտրություններից առաջ, ապահովագրության համակարգը ձգելով պահում են, որքան էլ ստիպված լինեն դրա վրա միլիոններ ծախսել։ Բայց այն, ինչ հիմա անում են, ապագա չունի։ Այդ ձախողված ծրագրի նոր փաթեթավորման նպատակը ոչ թե գյուղացու պաշտպանությունն է, այլ նրա ձայնը, որը հերթական անգամ խաբելով ուզում են ստանալ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս