Եթե Իրանը Ռուսաստանից հետախուզական տվյալներ էլ ստանում է, դա նրան առանձնապես չի օգնում. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ նշանակություն չունի՝ Ռուսաստանն Իրանին տրամադրե՞լ է տեղեկություն, որը կօգներ Թեհրանին հարվածել Մերձավոր Արևելքում ամերիկյան զինվորականներին և օբյեկտներին շարունակվող մեկշաբաթյա պատերազմի պայմաններում, հայտնում է Associated Press-ը։
ԱՄՆ նախագահը հերքել է տեղեկատվության նման փոխանակման կարևորությունը։
Թրամփը չի հաստատել ամերիկյան լրատվամիջոցների հաղորդումներն այն մասին, թե ԱՄՆ հետախուզության ներկայացուցիչները կարծում են, որ Ռուսաստանն Իրանին տեղեկություններ է տրամադրել նման թիրախների վերաբերյալ։
Սակայն, ըստ նրա, եթե Մոսկվան նույնիսկ հայտնում է նման մանրամասներ, ապա Իրանը դրանից քիչ բան է շահել։ «Եթե նայեք, թե ինչ է տեղի ունեցել Իրանի հետ վերջին շաբաթվա ընթացքում, կտեսնեք՝ եթե նույնիսկ նրանք տեղեկություն են ստանում, դա նրանց առանձնապես չի օգնում»,- Մայամի մեկնող ինքնաթիռում լրագրողներին ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև անտեսել է հարցն այն մասին, թե Ռուսաստանի նման օգնությունն Իրանին ինչպես կարող է ազդել ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ իր կարծիքի վրա։
«Նրանք կասեին, որ մենք ենք դա նրանց դեմ ենք անում։ Մի՞թե նրանք չէին ասի, որ մենք դա անում ենք նրանց դեմ»,- ասել է Թրամփը։




