ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԱՊՐԵՍ, ՍԽԱԼԴ ՊԻՏԻ ՈՒՂՂԵՍ. ՍՐԱՆՔ ԹՔԱԾ ՈՒՆԵՆ, ՁԵԶ ԿԼՊԵԼՈՒ ԵՆ. ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Ինչ պատերազմ էլ լինի, Իրանը պարենային խնդիր չի ունենալու, որովհետև պատրաստ են այս պատերազմին: Իրանի՝ հրթիռ արտադրող կայաններն աշխատում են գետնի տակ, այնպես որ, Իսրայելի Ցախալի համար այս առումով լավ լուրեր չկան: Չեմ կարծում, որ այս պատերազմում ամերիկա-իսրայելական ուժերը հաղթանակ կգրանցեն:
- Իսրայելում հասկացել են, որ առանց ցամաքային ներխուժման՝ հաջողություն ունենալ չեն կարող, բայց այդ դեպքում Իրանը կմոբիլիզացնի 5 միլիոն զինվոր: Գործի կդրվի նաև հրետանին: Պարսիկները կռվում են մինչև վերջ ու հայրենիքը փողով չեն վաճառում: Ես հեռանկար չեմ տեսնում ԱՄՆ-ի համար, չեմ պատկերացնում՝ 1 տարվա կտրվածքով ի՞նչ պիտի անի: Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Իսրայելը գերձայնային հրթիռներ չեն արձակել, իսկ Իրանն արձակում է բալիստիկ հրթիռներ, որոնց իսրայելական ՀՕՊ-ը չի բռնում: Ընդ որում, Իրանը բնակավայրերին չի խփում: Իսկ Իսրայելը հարվածեց Մինաբի աղջիկների դպրոցին: Նման գազանություն համաշխարհային պատմության մեջ չի եղել: Վաղ թե ուշ շառաչուն ապտակը գալու է: Սա անպատասխան չի մնալու:
- Մենք Ցեղասպանություն տեսած ժողովուրդ ենք, Ազգային ժողովը Մինաբի դպրոցի վրա հարձակման առիթով բանաձև պետք է ընդուներ:

- Խամենեին գիտեր, որ իրեն խփելու են: Նա հերոսություն արեց, մնաց: Ղեկավարն էսպիսին է լինում: Եվ ամբողջ իրանական ժողովուրդը տեսավ, որ հանձին հոգևոր առաջնորդի ու իշխանության՝ կոռումպացված կլանի հետ գործ չունի:
- Իրանը, չեմ կարծում, որ մենակ է: Չինաստանը և Ռուսաստանը՝ ինչպես վաճառել են, այնպես էլ՝ զենք կվաճառեն Իրանին, ինչպես Ամերիկան ու Եվրոպան վաճառում են Ուկրաինային: Ռուսաստանն այս պահին խնդիր ունի, բայց սննդամթերք մատակարարում է հիմնականում Կասպից ծովով:
- Այսօր Իրանում առաջին դեմքն Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին է, ոչ թե նախագահ Փեզեշքիանը կամ նոր առաջնորդը, որը կընտրվի: Նա շատ լուրջ մարդ է և պարսկական քաղաքականության կրող: Մեծ դերակատարություն ունեն նաև ԱԳ նախարար Արաղչին և Վելայաթին:
- Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը թքած ունեն՝ Հայաստան կա՞, թե՞ չկա: Պերաշկի ու կուկուռուզ են ուտում, նշանվում են, գրում են այդ մասին… Ինչ ուզում ես՝ արա, ինչի՞ ես գրում: Արարատ Միրզոյանը ցավակցում է Ադրբեջանին: Սրանք վասալ են, դավաճան չեն, թշնամի են:
- Հայաստանն ուներ 4 սահման, հիմա ունի միայն Վրաստանի հետ սահմանը: Իրանի հետ տնտեսական սահմանն այս պահին փակ է, մինչդեռ ապրանքներ կան, որ գալիս ու գնում էին միայն Իրանով:
- Թմբուկ ինչի՞ է նվագում, որ Վրաստանում էլ իմանան, որ ինքը լսողություն, սլուխ չունի՞: Քիչ բան գիտեին, հիմա էդ էլ իմացան:
- Եթե լինի Իրանի դեմ ցամաքային օպերացիա, ինչ-որ տեղից պետք է մտնեն, չէ՞: Պարզ է, որ Նախիջևանով, բայց ես վախենում եմ ու կասկած ունեմ, որ նաև Սյունիքով կմտնեն, և Հայաստանի իշխանությունը դա թույլ կտա: Էդ դեպքում Իրանը կխփի: Երբ սրանք մի շոու անում են, ես մի ահազարհուր դավաճանության եմ սպասում… Պակիստանն ու Աֆղանստանը մահմեդական երկրներ են, թույլ չեն տա իրենց տարածքն օգտագործել: Մնում են Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքմենիան: Թուրքմենիան էլ չի անի, չեզոք երկիր է: Ես պնդում եմ, որ եթե Ամերիկան ասի՝ ինձ Սյունիքն էլ է պետք՝ որպես հենակետ, Հայաստանի իշխանությունը դա թույլ կտա:

- Այս պատերազմը թեժ ընթացք կունենա, բայց կավարտվի անսպասելի: Ուզում եմ հույս ունենալ միայն, որ այդ ընթացքում Ամերիկան վերջնականապես չի խորտակի Հայաստանը: Ինչ-որ պահի ԱՄՆ-ը ու Իրանը կպայմանավորվեն, իսկ էդ ժամանակ Իրանը կննռացնի Հայաստանին: Չի մոռանա երբեք:
- Արցախի հարցում ամենաբարենպաստ դիրքորոշում ունեցել են ռուսները, բայց մենք մեզ այնպես պահեցինք, որ ռուսներին զրկեցին մեզ պաշտպանելու վերջին փաստարկից: Իրանը, չնայած ասում էր՝ պաշտպանում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց ողջ պատերազմի ընթացքում դիզվառելիք էր մատակարարում մեզ, ինչին ադրբեջանցիները կտրուկ դեմ էին: Մեր իշխանությունն է Արցախն Ադրբեջան ճանաչել, ռուսներից կամ Իրանից, կամ այլ երկրից ի՞նչ ենք ուզում:
- Ալիևը, բացի Ստեփանակերտի օդանավակայանից, Արցախում ևս 3 օդանավակայան է կառուցել: Դա Իսրայելից զենք տեղափոխելու համար է: Ադրբեջանին ինչ-որ բան պետք է խոստանան, որ ինքը ներքաշվի այս պատերազմի մեջ: Արևմուտքն Ալիևին հստակ ասել է՝ Իրանի հյուսիսից մի կտոր կտանք Ադրբեջանին: Բայց այնտեղ ապրող մարդկանց ադրբեջանցի անվանելը ճիշտ չէ: Նրանք քաջարներ են, թյուրքական ծագում ունեն, պարսիկ ժողովրդի հետ ապրում են եղբայրաբար:
- Թուրքիան կխաղա երկիմաստ խաղ: Ես չեմ հավատում իսրայելական՝ «հաջորդը Թուրքիան է» թեզին: Բայց Իրանում ապրող իրանցիները, չեմ հավատում, որ դուրս գան իրանական պետության դեմ: Իրանի համար այս առումով ամենաթույլ տեղը քրդերն են: Ալի Խամենեին նույնպես թյուրքական ծագում ուներ, տեսա՞ք՝ ինչպես իրեն զոհեց Իրանի համար:
- Այս իրավիճակում Հայաստանի իշխանությունը ձենները կտրած պիտի մի տեղ նստի, նորմալ ցավակցի Իրանի եղբայր, բարեկամ ժողովրդին, հանկարծ նոպաները չբռնի, էլի վեր կենան՝ հակառուսական միամսյակ հայտարարեն: Ռուսաստանը շարունակում է մեզ 165 դրամով գազ տալ, նախկին գներով բենզին ու նավթ տալ:
- Այսօր Հայաստանի աշխարհագրության դասագրքերում գրված չէ՝ Հայաստանի տարածքը որքան է: Ոչ ոք չի ասում՝ վարչապետ, ՊՆ նախարար, ԳՇ պետ, փոխվարչապետ, Հայաստանի տարածքը որքա՞ն է: Ես ասեմ՝ քի՛չ է, շատ լիներ, կասեի՛ք:
- Եթե Սյունիքից Իրանին հարվածեն, Ալիևն ադրբեջանցիներին լցնելու է Սյունիք: Որևէ չափով չեմ կասկածում, որ եթե Փաշինյանը վերընտրվեց, դիմակն ամբողջությամբ պատռելու է ու Ալիևի հետ միասին արդեն բացահայտ կործանի Հայաստանը:
- Սքոթ Բեսենթը՝ ԱՄՆ ֆինանսների նախարարը, այն մարդն էր, ով խժդժություններ առաջացրեց Իրանում դեկտեմբերին, երբ դադարեց Իրանի իսկ աշխատած դոլարը կանխիկ տալ: Սա իր տեսակի մեջ նոր սանկցիա էր, որը չէր կարող չունենալ տնտեսական հետևանքներ:

- Ամերիկան ունի գազի ավելցուկ, բայց նավթի պակաս, ու եթե նավթի գինը թանկանա, հերները կանիծվի, ու Բեսենթը սա գիտի: Եվրոպան ինքն իրեն խարակիրի է անում. իրեն զրկեց ռուսական գազից ու նավթից: Բացառությամբ Սլովակիայի ու Հունգարիայի, ովքեր ասում են՝ Ռուսաստանից նավթն էլ ենք բերելու, գազն էլ, եվրոպական մյուս երկրներն իրենք իրենց պատժում են:
- Հայաստանը, պայմանավորված Իրանի պատերազմով, կորցնում է իր կենսապահովման ապրանքաշրջանառության 25%-ը: Ադրբեջանից եկած նավթը էպիզոդիկ է ու հարց չի լուծում, որովհետև քեզ նավթ տվող երկիրն ասում է՝ Սյունիքն իմն է, 300 000 ադրբեջանցի էլ գալու է Հայաստան: Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում ամբողջությամբ Հայաստանի դեմ է: Նա իր պահվածքով ասում է՝ կա՛մ Հայաստանը չի լինելու, կա՛մ ես լինելու եմ հավերժ վարչապետ: Ժողովուրդ, քեզ փրկվելու շանս է տրվելու ընտրություններին, որ ուղղեք ձեր իսկ սխալը:
- Կայա Կալասն ունի թյուրքական ծագում, ինչպես առհասարակ էստոնացիները: Երբեք չսպասեք, որ նրա մեջ դա չի խոսելու:
- Բյուջեով թոշակի բարձրացում չկար: Հիմա հանկարծ որոշեց 10 000 դրամով բարձրացնել թոշակը: Դրան զուգահեռ՝ արդեն ունենք 5% գների բարձրացում: Մինչև օգոստոս-սեպտեմբեր ժողովրդի քթներից կգա, ու թոշակառուները կտեսնեն՝ այդ բարձրացումից բան չի մնում ձեռքները: Աղքատությունը մնում է նույն մակարդակի վրա: Կամ դու ո՞վ ես՝ թոշակ բարձրացնես: Թոշակ բարձրացնողն Ազգային ժողովն է, պետական բյուջեն, որը հաստատում է Պառլամենտը, որի ՔՊ-ական մեծամասնությանն Ալեն Սիմոնյանը սարքել է փալաս ու շպրտել Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ: «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական ուժ գոյություն չունի. կա ընդամենը Նիկոլ Փաշինյան: Կտեսնեք՝ եթե վերարտադրվեց, ինչ է լինելու. կլպելու են ժողովրդին:
- Որպեսզի անցնեին բժշկական ապահովագրման, բյուջեն 180 միլիարդից պետք է դառնար 800 միլիարդ: Դարձրեցին 220 միլիարդ ու անցան ապահովագրության: Թալանում են բժիշկներին, էդ փողերը տալիս են ապահովագրությանը: Առանց այդ էլ բժիշկները շատ չէին վաստակում: Էս ի՞նչ ես անում, այ ընկեր: Սա անվանում ես ապահովագրություն ու ժողովրդի առաջ աչոկ ես հավաքում ընտրություններից առաջ:
- Ժողովուրդ, պետք է գնալ ընտրատեղամաս ու քվեարկել իրական ընդդիմադիրների օգտին: Պետք է բոլոր իրական ընդդիմադիրներն ասոցիացիա կազմեն ու մարդկանց կոչ անեն գնալ ընտրությունների ու քվեարկել ընդդիմադիր որևէ ուժին: Ընդդիմադիր ուժերի մեջ կան ուժեր, որոնց եթե ժողովուրդը քվե տվեց, այդ քվեն չի կորչի:
- Այս իշխանությունը շահագրգռված չէ, որ Հայաստան լինի, որովհետև եթե եղավ, վաղ թե ուշ իշխանափոխություն է լինելու, և այդ դեպքում բացահայտվելու է այս իշխանության դավաճանությունը, թալանը, ամեն բան: Պետք եղավ, կասեն՝ ժողովուրդ ջան, հիմա էլ Սյունիքը պետք է տանք, որ հաստատ խաղաղ ապրենք, ու տալու են: Դրա համար օր առաջ իշխանափոխությունը հրամայական է:

- Որ օրը վիճվարչության պետ Ստեփան Մնացականյանին գործից հանեցին, ուրեմն մենք դառնում ենք երկիր: Դա ավելի կարևոր պաշտոն է, քան նույնիսկ Նիկոլ Փաշինյանինը:
- Նման արկածախնդիր թափթուկներին կարելի էր բերել իշխանությա՞ն: Ժողովուրդ ջան, սխալվել եք, ուղղեք ձեր սխալը:
- Եթե Իրանում լինի մարիոնետ իշխանություն, TRIPP-ի ստատուսը կփոխվի: Առավել հավանական եմ համարում, որ TRIPP-ի ակտուալությունը կկորչի: Իսկ եթե Իրանը հաղթի, կարծում եմ՝ կասի՝ TRIPP չպետք է լինի:
- Ադրբեջանը և ԵՄ նրա գործընկերները մի կոնկրետ ապացույց թող ցույց տային, որ Իրանը հարվածել է Նախիջևանին: Բայց չեմ բացառում, որ նախազգուշական հարված լիներ, որովհետև ցամաքային օպերացիայի ժամանակ Նախիջևանն Իրանի դեմ հավանական պլացդարմ է լինելու ավելին, քան Սյունիքը:

- Նիկոլ Փաշինյանը Գևորգ Պապոյանի, Ալեն Սիմոնյանի, մյուսների հետ մեր երկիրը հանել է անվտանգության համակարգից: Մենք ՀԱՊԿ-ում չենք, թեպետ դուրս չենք եկել, ՆԱՏՕ-ում էլ չենք: Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չի կնքում ու կկնքի միայն այն ժամանակ, երբ սրանք ընտրվելուց հետո անմիջապես կփոխեն Սահմանադրությունը: ՔՊ-ն ոչ մի ընկեր չունի: Ռուսական միլիարդավոր սուբսիդիաները թողած՝ ուրախացած գլուխ են գովում, որ Եվրոպան 5 միլիոն փող է տալիս՝ վարկ, ու հետ է տանում տված փողը: Սա պետք է բացատրենք ժողովրդին: Ասենք, սիրելի ժողովուրդ, փառք Աստծո, շանս կա սխալը ուղղելու: Չես կարող չուղղել, եթե ուզում ես ապրել: Ժողովուրդ ջան, եկեղեցու դեմ հարձակվում է, որ, ի վերջո, մեզ դարձնի մահմեդական: Ես մահմեդականների դեմ բան չունեմ, բայց մենք քրիստոնյա ազգ ենք:
- Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ-ը չի խլել, կառավարումն է վերցրել, իսկ Սամվել Կարապետյանն իր շահույթը ստանում է, որը Նիկոլ Փաշինյանը չի կարող չտալ: Եվ չեմ էլ կարծում, որ ընկերությունների մեծ ցանկ ունեն, ովքեր կցանկանան կառավարել ՀԷՑ-ը:
- Ռուսները հասկացրեցին, որ երկաթուղու կոնցեսիոն կառավարումն իրենցից խլելը չլինող բան է, որովհետև այնտեղ ներդրումներ են եղել, ու այդ խոսակցությունը փակվեց:
Մանրամասները՝ տեսանյութում:



