Յուրաքանչյուր 59 երեխայից 1-ը ունի ուսուցման որևէ տեսակի խանգարում. Վարդուհի Հովսեփյան
Գրավոր և բանավոր լեզվի ուսուցման հետ կապված խնդիրները տարածված են ամբողջ աշխարհում: Վիճակագրության համաձայն՝ յուրաքանչյուր 59 երեխայից 1-ը ունի ուսուցման որևէ տեսակի խանգարում: Լոգոպեդ Վարդուհի Հովսեփյանը doctors.am-ում գրում է՝ երկու ամենատարածված խանգարումներն են դիսլեքսիան և դիսգրաֆիան:
Դիսգրաֆիա և դիսլեքսիա
Կարդալու (դիսլեքսիա) և գրելու (դիսգրաֆիա) ունակության յուրահատուկ խանգարումներ են, որոնք կապված չեն երեխայի մտավոր կարողությունների հետ: Այս մշտական խանգարումները կարող են առաջանալ միաժամանակ և չեն հանդիսանում վատ ակադեմիական առաջադիմության կամ ծուլության արդյունք:
Դիսգրաֆիայի և դիսլեքսիայի ախտանիշները
Այս խանգարումները դրսևորվում են մշտական, կրկնվող սխալներով:
Օրինակ՝ դիսգրաֆիայի դեպքում երեխան.
- Խաթարում է բառերի կառուցվածքը, փոխարինում է վանկերը կամ տառերը նման հնչողությամբ տառերով՝ օրինակ՝ «թատրոն»-տատրոն», «նապաստակ» – նապատակ»։
- Բաց է թողնում տառերը՝ «վադ»- «վարդ»-ի փոխարեն:
- Խեղաթյուրում է բառերի հնչյունավանկային կառուցվածքը: Բաց է թողնում կամ գրում է լրացուցիչ տառեր, կամ վերադասավորում է դրանք։
- Փոխարինում է տառերը օպտիկական նմանության հիման վրա. «բեղատուն»՝ «դեղատուն»-ի փոխարեն։
- Խախտում է նախադասության կառուցվածքը, բաց է թողնում բառերը և գրում է նախդիրներ կամ նույնիսկ ամբողջական բառեր միասին. «միանգամ,ուշունը», «մի անգամ, ու շունը»-ի փոխարեն։
- Չի կարողանում համակարգել բառերը կամ ճիշտ որոշել հոլովի վերջավորությունները. «խանութներից կաթ գնեցի»՝ «խանութում կաթ գնեցի»՝ փոխարենը, սխալ է նույնականացնում նախադասության վերջը և բաց է թողնում կետերն ու կետադրական նշանները։ Չի լսում բառի վերջին ը, ն տառերը, օրինակ՝ «շունը հաչում է»- «շուն հաչում է»։
- Շատ երկար ժամանակ է պահանջում թելադրություններ գրելու համար՝ համեմատած հասակակիցների հետ, բաց է թողնում կետերն ու կետադրական նշանները և սխալ է նույնականացնում նախադասության վերջը։
Դիսլեքսիա ունեցող երեխան բախվում է հետևյալ դժվարություններին
- Երեխան ընտրում է կարդալ վանկ առ վանկ կամ նույնիսկ տառ առ տառ՝ առանց անցնելու ամբողջական բառեր կարդալուն։
- Դանդաղ և անկայուն ընթերցանություն.
- Երեխան դժվարանում է կարդալ բառերը վանկ առ վանկ, կմկմում է, բաց է թողնում և փոխարինում է տառերը, վերադասավորում է դրանք, ավելացնում լրացուցիչ տառեր և աղավաղում է բառերը։
Տիպիկ սխալ է «կռահել» ընթերցանությունը, երբ երեխան չի ավարտում բառը և հորինում է դրա վերջավորությունը։
Կարդացածի ըմբռնման բացակայություն
Երեխան դժվարանում է պատասխանել տեքստի վերաբերյալ հարցերին և զգալի դժվարություններ է ունենում վերապատմելիս:
Դիսգրաֆիայի և դիսլեքսիայի պատճառները
Գենետիկ նախատրամադրվածություն. եթե մերձավոր ազգականներն ունեն նմանատիպ խանգարումներ, երեխայի մոտ կա դիսլեքսիայի և դիսգրաֆիայի առաջացման ռիսկ։
Հղիության և ծննդաբերության ընթացքում անբարենպաստ գործոնները, ինչպիսիք են վարակները, տոքսիկոզը և պտղի հիպօքսիան, կարող են ազդել երեխայի ուղեղի ոչ նորմալ զարգացման վրա և մեծացնել խոսքի խանգարումների ռիսկը։
Ինչպե՞ս բացահայտել այս խանգարումները
Դիսգրաֆիայի և դիսլեքսիայի ախտորոշումը սկսվում է նյարդաբանի և մանկաբույժի մոտ այցելությունից. այս մասնագետները բացառում են այլ հիվանդություններ և խանգարումներ, որոնք ազդում են երեխայի կարդալու և գրելու ունակության վրա։
Այնուհետ լոգոպեդը անցկացնում է մի շարք թեստեր՝ երեխայի բանավոր և գրավոր խոսքի բնութագրերը բացահայտելու համար։
Մանկավարժական ախտորոշումը նույնպես կարևոր է. ուսուցիչը վերլուծում է երեխայի գրավոր աշխատանքը՝ բնորոշ սխալները բացահայտելու համար:
Դիսլեքսիան և դիսգրաֆիան հիմնականում շտկվում են լոգոպեդի կողմից: Լոգոպեդը աշխատում է երեխայի խոսքային ընկալման, տեսողական ընկալման, նուրբ շարժիչ հմտությունների և տարածական ընկալման զարգացման վրա.
օգտագործում է մասնագիտացված վարժություններ՝ կարդալու և գրելու հետ կապված բարձրագույն մտավոր գործառույթները զարգացնելու համար,
սովորեցնում է երեխային անգիր անել և տարբերակել տառերը, ճիշտ կարդալ և գրել, զարգացնում է բառապաշարը և զարգացնում է համահունչ խոսքի հմտությունները:
Անպայման համագործակցելով ծնողի և մանկավարժի հետ՝ ժամանակին և համապարփակ օգնության շնորհիվ երեխան կարող է սովորել ճիշտ կարդալ, գրել և հասնել ակադեմիական հաջողությունների:



