2026-ը կարող է կարևոր տարի լինել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների համար․ Չինաստանի ԱԳ նախարար
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին մեկնաբանեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր այցը Չինաստան և անդրադարձավ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների ներկա փուլին։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ճեպազրույցի ժամանակ լրագրողը նշեց, որ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո ԱՄՆ–Չինաստան հարաբերություններում եղել են ինչպես վերելքներ, այնպես էլ վայրէջքներ, և հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունը ազդել Թրամփի՝ Չինաստան նախատեսվող այցի վրա, ինչպես նաև ի՞նչ ակնկալիքներ ունի Պեկինն այդ այցից։
Ի պատասխան՝ Չինաստանի ԱԳ նախարարը նշեց, որ երկու երկրների հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն երկկողմ, այլև գլոբալ մակարդակում։
«Ամերիկա-չինական հարաբերություններն ազդում են բոլոր կողմերի վրա և ազդում են ամբողջ աշխարհի վրա։ Երկու երկրների՝ միմյանց հետ հարաբերություններ հաստատելու անկարողությունը կհանգեցնի միայն թյուրիմացությունների և սխալ դատողությունների, իսկ դեպի հակամարտություն և առճակատում շարժվելը կազդի ամբողջ աշխարհի վրա»,-ասաց նա։
Նախարարն ընդգծեց, որ Չինաստանն ու Միացյալ Նահանգները՝ որպես խոշոր պետություններ, չեն կարող փոխել միմյանց, սակայն կարող են փոխել իրենց փոխհարաբերությունների ձևը։
«Չինաստանն ու Միացյալ Նահանգները մեծ երկրներ են, և նրանցից ոչ մեկը չի կարող փոխել մյուսին, բայց մենք կարող ենք փոխել միմյանց հետ շփվելու ձևը։ Դա նշանակում է պահպանել փոխադարձ հարգանքի վերաբերմունք, հավատարիմ մնալ խաղաղ համակեցության սկզբունքներին և ձգտել փոխշահավետ համագործակցության հեռանկարներին։ Դա համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին և միջազգային հանրության սպասումներին»,-նշեց նա։
Չինաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ երկու երկրների ղեկավարների միջև բարձր մակարդակի շփումները կարևոր դեր են խաղացել հարաբերությունների կայունացման գործում։
«Մենք ուրախ ենք, որ երկու երկրների ղեկավարներն արել են հնարավոր ամեն ինչ և պահպանել լավ շփումներ ամենաբարձր մակարդակով, ինչը դարձել է ամերիկա-չինական հարաբերությունների բարելավման և զարգացման կարևոր ռազմավարական երաշխիք»,-ընդգծեց նա։
Նրա խոսքով՝ Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները տարբեր փուլեր են անցել, սակայն պահպանել են ընդհանուր կայունությունը։
«Ամերիկա-չինական հարաբերությունները վերելքներ ու վայրէջքներ են ապրել, սակայն հասել են ընդհանուր կայունության»,-նշեց նախարարը։
Չինաստանի ԱԳ նախարարի գնահատմամբ՝ 2026 թվականը կարող է դառնալ կարևոր փուլ երկու երկրների հարաբերությունների համար։
«Այս տարին իսկապես մեծ տարի է չին-ամերիկյան հարաբերությունների համար, և բարձր մակարդակով կարծիքների փոխանակման օրակարգն արդեն մեր սեղանին է»,-ասաց նա։
Նա ընդգծեց, որ այժմ կողմերը պետք է կենտրոնանան նառաջիկա բարձր մակարդակի շփումների նախապատրաստման վրա։
«Ինչ այժմ պետք է արվի, այն է, որ երկու կողմերն էլ մանրակրկիտ պատրաստվեն դրան, ստեղծեն համապատասխան միջավայր, վերահսկեն առկա տարաձայնությունները և վերացնեն անհարկի միջամտությունը»,-նշեց նա։
Չինաստանի ԱԳ նախարարը հավելեց, որՊեկինի դիրքորոշումը բաց և կառուցողական է։
«Չինաստանի դիրքորոշումը միշտ եղել է դրական և բաց։ Առանցքային կետն այն է, որ Միացյալ Նահանգները նույնպես պետք է ընդառաջ շարժվի»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ փոխադարձ վստահությունը կարող է ընդլայնել համագործակցության հնարավորությունները։
«Ես կարծում եմ, որ քանի դեռ երկու կողմերն անկեղծ են միմյանց նկատմամբ և վստահում են միմյանց, մենք կարող ենք շարունակել ընդլայնել համագործակցության ուղղությունների ցանկը և կրճատել տարաձայնությունները»,-նշեց նախարարը։
Նա նաև ընդգծեց երկու երկրների ղեկավարների դերը հարաբերությունների զարգացման հարցում։
«Երկու պետությունների ղեկավարների ռազմավարական ղեկավարությամբ մենք կկարողանանք հասնել արդյունքների, որոնք կբավարարեն երկու երկրների ժողովուրդներին և հասնել կոնսենսուսի, որը ողջունվում է միջազգային հանրության կողմից»,-ասաց նա։
Չինաստանի ԱԳ նախարարը հավելեց, որ Պեկինը հույս ունի, որ 2026 թվականը կնշանավորվի ամերիկա-չինական հարաբերությունների կայուն առաջընթացով։



