Միլիարդներ են եկել դրսից

Վերջին տարիներին, մասնավոր փոխանցումների ձևով, դրսից տասնյակ-միլիարդավոր դոլարների հասնող գումարներ են եկել Հայաստան։ Եկել են հատկապես Ռուսաստանից։ Ծառայել են իշխանությունների քաղաքական օրակարգը սպասարկելուն, բայց ոչ Հայաստանի տնտեսության զարգացմանը։

Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն իսկական փրկություն են դարձել Հայաստանի այսօրվա կառավարիչների համար։ Առանց դրա, դժվար է պատկերացնել, թե ինչ էին անելու։ Այն տնտեսական աճերը, որոնք վերջին մի քանի տարիներին արձանագրվում են ու որոնցով այդպես հպարտանում են, ոչ թե Հայաստանի տնտեսության զարգացումների, այլ գերազանցապես սրա հաշվին են։ Չլինեին պատժամիջոցները, չէին լինի նաև այդ տնտեսական աճերը։

Դրանք ոչ միայն ֆինանսական, այլև ապրանքային հսկայական հոսքերի սպասարկման արդյունք են։

Առևտրային շարժերի վրա ուղղակի ազդեցությունից բացի, դրանք մեծապես ազդել են նաև Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա։ Օրինակ՝ արդյունաբերության համար անգնահատելի է ռուսական ոսկու դերը, որի մասին փորձում են հնարավորինս քիչ խոսել։ Այնինչ, առանց ռուսական ոսկու՝ ոչ միայն չէր լինի, ասենք, անցած տարվա չնչին աճը, այլև անհնարին կլիներ խուսափել անկումից։ Ռուսական ոսկու ազդեցությունն այնքան մեծ է արդյունաբերության վրա, որ ոսկու 2-3 ամսվա ակտիվ վերաարտահանումներից հետո, արդյունաբերությունն ամիսներ շարունակ արձանագրած անկումից դուրս եկավ, նաև աճ գրանցեց։ Բայց դա զարգացում չէ։ Ու այդպիսի աճերով հեռուն չես գնա։ Այդպիսի աճերը գրեթե ոչինչ չեն տալիս՝ ինչպես տնտեսությանը, այնպես էլ՝ հասարակությանը։

Կարդացեք նաև

Դա է պատճառը, որ «հեղափոխական» աճերը շատ հաճախ ոչինչ չեն ավելացնում շարքային քաղաքացու գրպանում, փոխարենը՝ իշխանություններին հնարավորություն են տալիս զարգացումների պատրանք ստեղծել։

Ֆինանսական ու ապրանքային հոսքերը, որոնք շրջանառվում են Հայաստանով, շարունակում են փրկօղակ լինել իշխանությունների համար։ Ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից 3-4 տարի հետո էլ Հայաստան ֆինանսական հսկայական միջոցներ են գալիս։ Անցած տարի մասնավոր փոխանցումների հերթական ռեկորդն է գրանցվել։ Միայն բանկային համակարգի միջոցով դրսից գրեթե 6 մլրդ դոլար է եկել։

Խոսքը բացառապես քաղաքացիների կողմից ուղարկված գումարների մասին է, որոնք 142 միլիոնով գերազանցել են նախորդ տարվա ռեկորդը։

Բայց այդ 142 միլիոնի տարբերությամբ չէ, որ երևում է դրսից եկող գումարների այն ամբողջ փոփոխությունը, որը տեղի է ունենում վերջին մի քանի տարիների ընթացքում։ Նախկինում էլ Հայաստան փոքր գումարներ չէին մտնում դրսից։ Բայց այն, ինչ տեսնում ենք ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո, անհավանական է։ Կարճ ժամանակում մասնավոր փոխանցումների միջոցով, բացառապես բանկային համակարգով, Հայաստան մտնող ֆինանսական հոսքերը գրեթե 3 անգամով ավելացել են։

Եթե 2021թ. դրանք 2.1 մլրդ դոլարի շրջանակներում էին, հիմա հասել են 6 միլիարդի։

Այդ գումարի հիմնական մասը Ռուսաստանից է։

Անցած տարի էլ ռուսական հոսքերը շարունակել են մնալ չափազանց բարձր։

Բանկերի միջոցով Հայաստան եկած 5 մլրդ 979 մլն դոլարից 3 մլրդ 878 միլիոնը ռուսական կապիտալն է։ Այն կազմել է մուտքերի գրեթե 65 տոկոսը։

Որպեսզի պարզ լինի, թե այս մի քանի տարիներին ինչ է տեղի ունեցել Ռուսաստանից Հայաստան կատարվող փոխանցումների առումով, արձանագրենք, որ 2021թ. ամբողջ տարվա ընթացքում ռուսական կապիտալի մուտքն այս խողովակով կազմել էր ընդամենը 865 մլն դոլար։ Չորս տարում ավելացել է 4.5 անգամ՝ հասնելով 3 մլրդ 878 մլն դոլարի։

Չորս տարում ընդհանուր առմամբ Ռուսաստանից Հայաստան է մտել 15.2 մլրդ դոլարից ավելի գումար։ Ոչ մի այլ երկրից 4 տարում երբևէ այսքան գումար չի եկել Հայաստան։ Որքան էլ այդ գումարների մեծ մասը եղել են առևտրային նշանակության, դրանք ուղղակի ազդեցություն են թողել տնտեսության, առևտրի ու հատկապես՝ ֆինանսական ոլորտի վրա։ Բանկային համակարգում արձանագրվող բարձր աճերն ու ապահովվող հսկայական շահույթները կապված են նաև այս գումարների հետ։

Գումարներ Հայաստան այլ երկրներից էլ են գալիս, բայց դրանք անհամեմատ ավելի քիչ են, քան միայն Ռուսաստանից եկածն է։

Ինչպես միշտ, երկրորդ տեղում Միացյալ Նահանգներն է, որի բաժինը 12 տոկոսի սահմաններում է։

ԱՄՆ-ից անցած տարի 733 մլն դոլար է եկել՝ 43 միլիոնով ավելի շատ, քան նախորդ տարի էր։

Վերջին 4 տարվա ընթացքում Միացյալ Նահանգներից փոխանցվող գումարներն էլ են ավելացել, բայց շատ ավելի քիչ՝ ընդամենը 153 միլիոնի չափով։

Վերջին շրջանում կտրուկ ակտիվություն է նկատվում մասնավոր փոխանցումների խողովակով Մեծ Բրիտանիայից Հայաստան ուղարկվող գումարների մասով։ Այդ առումով Մեծ Բրիտանիան նախկինում ակտիվ չի եղել Հայաստանի հետ հարաբերություններում։ Սակայն վերջին շրջանում ակտիվությունը կտրուկ մեծացել է։ Օրինակ՝ անցած տարի այդ երկրից ֆինանսական միջոցների մուտքերը գրեթե կրկնապատկվել են՝ հասնելով 207 մլն դոլարի։ Ընդամենը 4 տարի առաջ հազիվ 40-41 մլն դոլարի սահմաններում էին։

Չորս տարում 5 անգամով ավելացել են։ Բայց ակտիվությունը մեծացել է հատկապես վերջին 1-2 տարիներին։ Թե ինչն է նպաստել Հայաստանում բրիտանական կապիտալի հոսքերի այսպիսի ակտիվությանը, հայտնի չէ, բայց դրանք եկել են հիմնականում առևտրային փոխանցումների անվան տակ։ Ոչ առևտրայիններն ընդամենը 22-23 մլն դոլարի կարգի են կամ կատարված փոխանցումների 10-11 տոկոսը։

Վերջին 4 տարիներին մասնավոր ֆինանսական փոխանցումների միջոցով, բացառապես միայն բանկային համակարգով, ընդհանուր առմամբ 22.7 մլրդ դոլար է մտել Հայաստան, 15.2 միլիարդը՝ Ռուսաստանից։ Սա հսկայական գումար է Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկրի համար։ Մասնավոր փոխանցումների խողովակով դրսից միջին տարեկան 5.7 մլրդ դոլարի չափով գումար է եկել, ինչը շատ քիչ է զիջում պետական բյուջեով կատարված ծախսերին։ Անկախ նրանից, թե ինչ նպատակով են այդ գումարները մտել Հայաստան, ինչպես են շրջանառվել, դրանք իրենց ուղղակի ազդեցությունն են թողել տնտեսական ցուցանիշների ու հատկապես՝ ֆինանսական ոլորտի վրա։ Այլ բան, որ շատ հաճախ այդ ազդեցությունները որակական չեն եղել, որովհետև քաղաքական իշխանությունն անկարող է գտնվել այդ հսկայական ռեսուրսները ծառայեցնել տնտեսության զարգացումներին ու տնտեսական կարողությունների ավելացմանը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս