Տխրել էի, որ Անգլիա տեղափոխությունս չկայացավ․ Սևիկյանը անկեղծացել է
Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ակրոնի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը Metaratings-ին տված հարցազրույցում անկեղծացել է կարիերայի շարունակության տարբերակների և Անգլիա տեղափոխվելու բաց թողնված հնարավորության մասին, գրում է Armsport.am-ը։
Խոսելով «Ֆերենցվարոշից» հեռանալու մասին՝ Սևիկյանը նշել է.
«Ամենահավանական տարբերակն անգլիական «Բլեքբերնն» էր, բայց «Ֆերենցվարոշը» պնդեց, որ մնամ ակումբում: Կար նաև Խորվաթիայի առաջնությունում հայտնվելու տարբերակ: Ռուսաստանի Պրեմիեր լիգայից «Ակրոնն» ամենահամառն էր. նրանք ցանկանում էին ինձ ձեռք բերել, և ի վերջո ես հայտնվեցի այստեղ»:
Եվրոպա վերադառնալու երազանքն ու անգլիական Չեմպիոնշիփը
Հայ ֆուտբոլիստը չի թաքցնում, որ դեռ ցանկանում է վերադառնալ Եվրոպա (նախկինում նշել էր Իսպանիայում խաղալու ցանկության մասին), սակայն ընդգծում է, որ իր տարիքում ամենակարևորը խաղաժամանակ ստանալն է։ Անդրադառնալով «Բլեքբերնի» հետաքրքրությանը՝ Սևիկյանը հավելել է.
«Երբ խոսում ենք Անգլիայի մասին, նույնիսկ եթե դա Չեմպիոնշիփն է, հասկանում ենք, որ դա բոլորովին այլ մակարդակ է, լրիվ այլ ֆուտբոլ: Ինտենսիվության առումով այն թերևս ամենահեշտ առաջնությունը չէ, բայց, ինձ թվում է, դա իսկական ֆուտբոլ է: Անկեղծ ասած՝ տխրել էի, որ այդ տեղափոխությունը չկայացավ։ Հաճելի էր, որ այնտեղ մեկնելու իրական հնարավորություն կար»։
Նշենք, որ Սևիկյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են հունգարական «Ֆերենցվարոշին», որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027/28 մրցաշրջանի ավարտը: 2025 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նա վարձավճարով տեղափոխվեց «Ակրոն»: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ՝ 2025/26 մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանն անցկացրել է 11 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ:



