Երիտասարդացող հիվանդություն․ ինչո՞ւ է հաստ աղիքի քաղցկեղն ավելի հաճախ հանդիպում, ի՞նչ կապ ունի սթրեսը
Մարտը հաստ աղիքի քաղցկեղի իրազեկման ամիսն է։ Քաղցկեղը սկսվում է այն ժամանակ, երբ հաստ աղիքի առողջ բջիջների ԴՆԹ-ում զարգանում են փոփոխություններ (մուտացիաներ): Ռիսկի գործոնների, ախտանշանների, բուժման եղանակների մասին զրուցել ենք «Իզմիրլյան» ԲԿ բժիշկ-պրոկտոլոգ Ռուբեն Թադևոսյանի հետ։

– Ի՞նչն է հանդիսանում հաստ աղիքի քաղցկեղի առաջացման պատճառ:
– Պատճառներից ամենաառաջինը և հաճախ հանդիպողը հաստ աղիքի պոլիպն է, որը բարորակ գոյացություն է, սակայն, եթե ժամանակի ընթացքում չենք հեռացնում կամ դինամիկ հսկողություն չենք սահմանում՝ մեծանալով վերածվում են չարորակ գոյացությունների։
– Պոլիպներն ունե՞ն տեսակներ, որոնք առավել վտանգավոր են։
– Վտանգավորությունն առավել կապված է պոլիպի չափսերի հետ։ Երբ կատարվում է կոլոնոսկոպիա և հայտնաբերվում են 1-4 միլիմետրանոց պոլիպներ, որոնք վտանգավոր չեն, ապա կարելի է կա՛մ հեռացնել, կա՛մ դինամիկ հսկողություն սահմանել՝ 2-3 տարի հետո նորից նայել։
Կան 1,5-2 սմ-ից մեծ պոլիպներ, որոնք արդեն վերածվում են թավիկավոր պոլիպների, և իրենցից վտանգ են ներկայացնում։ Հայտնաբերելիս պարտադիր պետք է հեռացվեն։
– Որո՞նք են պոլիպների առաջացման պատճառները։
– Դա այնքան բարդ է ասել։ Կոնկրետ տեսություն չկա, բայց ավելի շատ կապում են սննդի հետ, քանի որ հիմա սննդի մեջ շատ են քիմիական նյութերը, չհագեցած ճարպաթթուները և այլն։ Դեր ունի նաև ժառանգականությունը։ Եթե ընտանիքում կամ բարեկամի մոտ եղել է, պարտադիր պետք է սքրինինգ արվի։ Կա հետաքրքիր միտում։ Հաստ աղիքի չարորակ ուռուցքները հաճախ են հանդիպում զարգացած երկրներում՝ հիմնականում կապված սննդի հետ։ Խորհուրդ ենք տալիս խուսափել գազավորված ըմպելիքներից, չիպսերից, կետչուպներից։ Պետք է ուտել մաքուր, բնական սնունդ, միրգ, բանջարեղեն։
– Մսեղենը վնա՞ս է։
– Իհարկե, ոչ։ Սպիտակուցը վտանգավոր չէ։ Խորհուրդ ենք տալիս շատ վառված, սևացրած չուտել միսը։ Մարդու առաջին կերակուրներից մեկը եղել է միսը։ Քարե դարում հում միս են կերել, չէ՞։ Միսը պարունակում է սպիտակուցներ, ամինաթթուներ, որն ուրիշ ոչ մի սննդից օրգանիզմը չի կարող ստանալ։ Ճիշտ մշակված միսը երբեք չի վնասում։
– Սքրինինգային ծրագրի ո՞ր տարիքից պետք է դիմեն։
– Երբ 45-ից բարձր տարիք ունեցողները դիմում են մեզ, և ունեն պրոկտոլոգիական գանգատ՝ լինի ցավ, արյունային արտադրություն, թութք կամ ուղիղ աղիքի ճաք, պարտադիր արվում է կոլոնոսկոպիա։
– Կա՞ն նախնական նշաններ, որ մարդուն կհուշեն խնդրի առկայության մասին։
– Նույնիսկ գանգատ չունենալու դեպքում 50 տարեկանից բարձր անձանց խորհուրդ ենք տալիս անել կոլոնոսկոպիա։ Երբ հաստ աղիքի քաղցկեղը սկսում է կլինիկական նշաններ ցույց տալ, ցավոք, արդեն մեծ չափի է հասնում։ Մեծանում է, աղիքի լուսանցքը սկսում նեղացնել, քայքայվել, լինում է արյունահոսություն, անանցանելիության նշան, ցավեր։
– Ավելի շատ կանա՞նց, թե՞ տղամարդկանց մոտ է հանդիպում։
– Հավասար։ Սակայն, ցավոք, վերջին տարիներին հիվանդությունը երիտասարդանում է։ Հաճախ է հանդիպում երիտասարդների մոտ, որը, ի տարբերություն տարեց մարդկանց՝ ավելի ագրեսիվ ընթացք է ունենում։ Երևի կապված է սթրեսների, աղիքային բորբոքային հիվանդությունների, սննդի հետ։ Ավելի արագ է աճում, տարածվում։ Ամենամեծ սխալը, որ կատարում են, սա է՝ երբ հետանցքից արյունահոսություն է լինում, ակամայից բոլորը մտածում են թութքի մասին, բայց մոռանում են, որ այլ խնդիրներ էլ կան, ուղիղ աղու ուռուցքի ժամանակ էլ կարող է ալ կարմիր գույնի արյուն լինել։ Կարևոր է նշանների դեպքում բժշկի այցելելը, ինքնաբուժմամբ չզբաղվելը։
– Որովայնի փքվածությունը կամ ցավը հուշո՞ղ նշան է։
– Իհարկե, հուշող նշաններից մեկն է։ Փքվածության, որովայնի ցավի դեպքում այցելում են բժշկի, կատարում են սոնոգրաֆիա, կոլոնոսկոպիա, համակարգչային տոմոգրաֆիա, և ամենաչնչին խնդիրները հնարավոր է ի հայտ բերել։ Պետք չէ դիմել համացանցին, արհեստական բանականությանը, պետք է դիմել բժշկին, որովհետև ցավազրկող խմելով՝ պարզապես ցավը քողարկում են՝ չիմանալով պատճառը։

– Պոլիպները նախաքաղցկեղային գոյացություննե՞ր են։
– Այո, դրա համար հայտնաբերելիս միշտ խորհուրդ ենք տալիս հեռացնել։ Եթե փոքր է գոյացությունը, ու բուժառուն չի ուզում հեռացնել՝ խորհուրդ ենք տալիս 2 տարի անց պարտադիր կատարել կոլոնոսկոպիա, որպեսզի դինամիկ հսկենք։
Կան նաև կեղծ պոլիպներ, որոնք լինում են բորբոքային խնդիրների պատճառով։ Հայտնաբերում ենք բորբոքում, բուժվում է, գալիս կրկին կոլոնոսկոպիա է անում՝ պոլիպը չկա։
Նախկինում ավելի շատ դիմում էին արդեն մեծացած ուռուցքներով, երբ կար անանցանելիություն, անեմիա, բայց վերջին տարիներին արդեն դրական դինամիկա կա։ Գալիս են առաջին նախանշանի ժամանակ։ Ինչքան փոքր է ուռուցքը, այնքան քիչ է հավանականությունը, որ մետաստազներ կունենա, բուժման դրական արդյունքի հավանականությունն էլ մեծ է։
– Աղիների բորբոքումները կարո՞ղ են պոլիպների առաջացման պատճառ դառնալ։
– Այո։ Կան նաև աղիքային բորբոքային խնդիրներ՝ խոցային կոլիտ, Կրոնի հիվանդություն, որոնք չբուժելու դեպքում կարող են վերածվել չարորակ գոյացության։
– Սթրեսը արդյո՞ք վնասակար է։
– Օ՜, շատ։ Խոսեցինք ցավի, փքվածության, աղիքների բորբոքումից, բայց հաճախ դա սթրեսի հետևանքով է, որովհետև նյարդային համակարգն ուղիղ կապակցված է աղիքների հետ։ Սթրեսը հեշտությամբ արտահայտվում է աղիների աշխատանքի միջոցով։ Լարվածությունից, սթրեսից մարդու մոտ կարող է լուծ լինել կամ, հակառակը՝ փորկապություն։
– Հետազոտություններ կան, որտեղ նշվում է, որ վիտամին D-ն նպաստում է, որպեսզի հաստ աղիքի քաղցկեղը նվազի, այդպե՞ս է։
– Կան հետազոտություններ, բայց չեմ կարող ասել, որ այդպես է։ Վիտամին D-ն շատ անհրաժեշտ է իմունիտետը բարձրացնելու համար, իսկ բարձր իմունիտետը հեշտ է պայքարում ուռուցքային բջիջների դեմ։
– Պոլիպի բուժման ի՞նչ եղանակներ կան։
– Բուժման տարբերակը հեռացնելն է, որից հետո խորհուրդ է տրվում կրկնակի հետազոտություն կատարել, որովհետև կարող է օրգանիզմը պոլիպ առաջացնելու հակում ունենա։




