«ՀՀ արտաքին քաղաքականությունը մարտահրավերային է, ուստի կարևոր է, որպեսզի այն լինի հավասարակշռված, այլընտրանքներով, բազմակողմ». Սյուզան Ստյուարտ
«ՀՀ արտաքին քաղաքականությունը մարտահրավերային է»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով ՀՀ-ի կողմից վերջին երկու տարիներին իրականացվող արտաքին քաղաքականությանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում նշել էր, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը ներկայումս «ստեղծվում է»։ «Գուցե լավ չհնչի, բայց կարծում եմ՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը ոչ թե փոխվում է, այլ ստեղծվում է: Դրանք բոլորովին տարբեր բաներ են. ուրիշ բան է՝ մի երկիր, որ բոլոր հարաբերություններում դիրքավորվել է, կներեք արտահայտությանս, որպես «ճ» կլասի երկիր, ուրիշ բան է՝ կա երկիր, որ ասում է՝ ես ՀՀ ժողովրդի ներկայացուցիչն եմ, և իմ դիրքորոշումների հետ պետք է հաշվի նստել և վերաբերվել հարգանքով, այնպես, ինչպես մենք մեր բոլոր գործընկերների դիրքորոշումների նկատմամբ ցուցաբերում ենք բացառիկ հարգանք:
Բայց մենք ակնկալում ենք, որ նույն վերաբերմունքը կլինի մեր դիրքորոշումների նկատմամբ: Ես կարող եմ հավաստիացնել, որ այդպես էլ կա, քանի որ պարզապես չկա հնարավորություն այդպես չվերաբերվելու»,- ասել էր նա։
Սյուզան Ստյուարտի խոսքով՝ արտաքին քաղաքականությունը գնահատելիս պետք է դիտարկել, թե ինչ աշխարհագրություն ունի տվյալ երկիրը, ինչպիսի տարածաշրջանում է տեղակայված, որ երկրների ազդեցության գոտում է, ինչպիսի հակամարտությունների հարևանությամբ է գտնվում և ինչ ներքին ու արտաքին խնդիրներ ունի։
Նրա խոսքով՝ հետսովետական տարածաշրջանի երկրներն իրենց արտաքին քաղաքականությունն իրականացնելիս արդեն իսկ ունեն հավելյալ խնդիրներ, քանի որ ունեն պատմական կապեր Ռուսաստանի Դաշնության հետ և ապագային միտված հարաբերություններ Եվրամիության հետ։
Ըստ Ստյուարտի, վերջին տասնամյակի ընթացքում այդ գոտում ծավալված զարգացումները ցույց տվեցին, որ այստեղ այս երկու ուղղությունները համադրելու հարցում խնդիր կա, քանի որ մի շարք երկրներ՝ ցանկանալով խորացնել իրենց մասնակցությունը ԵՄ հիմնած Արևելյան գործընկերություն ծրագրում, որը նախատեսված էր հենց այս երկրների համար, բախվեցին խնդիրների։
«Սա հետսովետական երկրների արտաքին քաղաքականության հիմնական մարտահրավերներից մեկն է, որին երկրներից յուրաքանչյուրն իր մոտեցումը ցուցաբերեց. մի շարք երկրներ, չնայած Ռուսաստանի արձագանքին և ՌԴ-ի հետ պատերազմական հարաբերություններին, շարժվեցին ԵՄ անդամակցության ուղղությամբ, պայմանականորեն այդպես կոչենք: Ոմանք դա չարեցին և խուսափեցին սուր առճակատումից։ Այս հարցերի սուր ընկալումը մեղմվել է, բայց նույն խնդիրը դեռ կա։ Հայաստանը հենց այս տարածաշրջանում է, ԱլԳ վեց երկրներից մեկն է, Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը։ Հայաստանն ունի փակ սահմաններ, խնդիրներ Թուրքիայի հետ, հակամարտություն Ադրբեջանի հետ, որի համար աշխատում է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ: Սրանք բոլորը մարտահրավերներ են, և փոքր երկրի դեպքում արտաքին քաղաքականությունը նման մարտահրավերների պայմաններում և՛ բարդ է, և՛ կարևոր։ Բոլոր երկրների դեպքում էլ կարող ենք քննարկել, թե ինչպիսին կարող էր լինել արտաքին քաղաքականությունը։
Բայց կարող ենք ասել, որ արտաքին քաղաքականությունն իր գլխավոր ուղղություններով շարունակվել է, արտաքին քաղաքական վեկտորները, դրանց հավասարակշռությունն ու ծավալները չեն փոխվել։
Հնչող հայտարարությունները սովորաբար բազմավեկտոր քաղաքականության մասին են՝ առավելապես հենված Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա, որի հետ Հայաստանն անդամակցում է մի շարք միությունների և ունի խորը կապեր մի շարք ոլորտներում։ Ես չեմ քննադատի որևէ իշխանության վարած քաղաքականություն, կարծում եմ՝ նման հայտարարությունները պետք է դիտարկվեն ներքին դիսկուրսի շրջանակում։ Գուցե կա ցանկություն, որ այդ քաղաքականությունը լինի ավելի լավը, ավելի բազմավեկտոր և հավասարակշռված, թող որ այդպես լինի։ Մենք այն կկարողանանք գնահատել ավելի երկարաժամկետ արդյունքներից հետո։
Ես կարծում եմ, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը մարտահրավերային է, ուստի կարևոր է, որպեսզի այն լինի հավասարակշռված, այլընտրանքներով, բազմակողմ, կարևոր է նաև առճակատումներից և հակամարտություններից խուսափելը»,- ասաց գերմանացի քաղաքագետը։