Բաժիններ՝

Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչները դժգոհում են. դպրոց ու մանկապարտեզ չունեցող թաղամասում նոր բազմաբնակարան շենք են կառուցում

Ավանի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչները դժգոհում են՝ 1500 բնակարանից բաղկացած թաղամասում, որն առանց այդ էլ հագեցած է շենքերով ու ավտոտնակներով, և որտեղ չկան կանաչապատ տարածքներ, դպրոց և մանկապարտեզ, ևս մեկ բազմաբնակարան շենք են ցանկանում կառուցել:

«Այս պահին այդ շենքի համար կա միայն նախագծման թույլտվություն, սակայն դեռևս չկա շինարարության թույլտվություն: Մի քանի օր առաջ շինարարական աշխատանքներ են տեղի ունեցել, որի ժամանակ վնասել են գազատար խողովակը, մի քանի ժամ շարունակ բնակիչները գազամատակարարումից զրկված են եղել»,- ասաց թաղամասի բնակիչ Արման Միրզոյանը: Բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ երբ հարցրել են, թե ի՞նչ աշխատանքներ են տեղի ունենում, իրենց ասել են, որ աղբն են հավաքում:

Բնակիչների մոտ կասկած է առաջացել, որ, եթե դեռ շինթույլտվություն չկա, ապա շինարարություն անողն ինչո՞ւ է մաքրում տարածքը: Բնակիչների պնդմամբ՝ թաղամասում ամենահարմար տարածքը դպրոցի կամ մանկապարտեզի համար այս պահին հենց այն տեղն է, որտեղ պատրաստվում են կառուցել նոր բազմաբնակարան շենք:

«Թաղամասին ամենամոտ դպրոցը 2 կմ հեռու է: Հանրային տրանսպորտն այստեղ հասանելի չէ: Միջին հաշվարկով յուրաքանչյուր ընտանիքում կա 2 դպրոցահասակ կամ նախադպրոցական տարիքի երեխա: Ստացվում է, որ 2000 երեխա չունի դպրոց, 500 երեխա չունի մանկապարտեզ: Ենթադրվում է, որ թաղամասում նախատեսված է եղել կառուցել այս կարևոր ենթակառուցվածքները, սակայն մի քանի տարի առաջ ամենաընդարձակ տարածքը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սոցիալական պրոյեկտի անվան տակ զավթեց, և գործարկումից հետո պարզվեց, որ այն բացառապես կոմերցիոն նշանակություն ունի: Դպրոցի վարձը 1.5 մլն դրամ է, մանկապարտեզինը՝ 160 հազար դրամ: Մեր թաղամասում ապրում են հիմնականում երիտասարդ ընտանիքներ, որոնք չեն կարող իրենց թույլ տալ նման բան»,- ասաց թաղամասի բնակիչ Լիաննա Լոբյանը:

«Տրանսպորտը շատ վատ է աշխատում, 45 րոպե պետք է տրանսպորտի սպասել, պատկերացրեք՝ անձրևային եղանակին այդքան ժամանակ սպասեն երեխաները: Բնակիչները մեկը մյուսին են խնդրում, որ երեխաներին տանեն դպրոց, կամ տաքսի են վերցնում, կամ վարորդ են վարձում, այսինքն՝ հավելյալ միջոցներ են ծախսում երեխային դպրոց հասցնելու համար: «Գազպրոմի» կառուցած դպրոցը Բժշկական համալսարանից թանկ է: Հիպոթեք վճարող երիտասարդ ընտանիքը որքա՞ն եկամուտ պետք է ունենա, որ կարողանա այսքան ծախսը հոգալ»,- ասաց թաղամասի մեկ ուրիշ բնակիչ:

Բնակիչների պնդմամբ՝ այդ տարածքը հանրային գերակա շահ ճանաչելու բոլոր հիմքերը կան, հատկապես որ, իրենք զրուցել են կառուցապատողի հետ, և նա դեմ չէ իր շինարարությունն այլ տեղում անել: Երեկ դիմել են Քաղաքապետարան, գլխավոր ճարտարապետին, ԿԳՄՍՆ-ին: Ասում են՝ ամեն ինչ միանգամից չեն ուզում, այլ փուլ առ փուլ: Լրագրողներից մեկը, որն այդ  տարածքի բնակիչ է և բազմիցս այդ խնդրով դիմել է պատկան մարմիններին, ասաց, որ իրեն պատասխանել են՝ պետությունը դպրոցաշինության ծրագիր չունի:

«Այս թաղամասը երիտասարդ մասնագետների թաղամաս է, նրանցից յուրաքանչյուրն ինչ-որ ոլորտում կայացած է: Մենք պատրաստ ենք օգտակար լինել ներդրողների ներգրավման հարցում, պատրաստ ենք մեր ունեցած ռեսուրսները ներդնել»,- ասաց Արման Միրզոյանը:

«Գուցե 30 տարի նման ծրագիր չի եղել, բայց կրթության իրավունքի իրացումը հիմնարար իրավունք է: Եթե նախկինում չեն արել, ապա չի նշանակում, որ հիմա էլ չպետք է անեն»,- ասաց թաղամասի բնակիչներից մեկը:

«Նոր Ավան» համատիրության շահերը ներկայացնող փաստաբան Աշոտ Սաֆարյանն էլ  պնդեց՝ եթե չկա նման ծրագիր, ապա ոչինչ չի խանգարում, որ այն լինի, քանի որ դա բխում է հանրային շահից:

«Իշխանությո՞ւնն է ժողովրդի համար, թե՞ ժողովուրդը՝ իշխանության: Նմա՞ն բաներ են փոփոխվում: Օրինակ՝ հեղափոխությունը ո՞ր օրենքով է սահմանված, եթե ժողովուրդը տեսնում է, որ իր պետությունը իր դեմ է աշխատում, անում է հեղափոխություն, հիմա մի արեք այնպես, որ ժողովուրդը նման բան տեսնի: Չկա ծրագիր, թող լինի: Մՙեր Սահմանադրության մեջ գրված է, որ ՀՀ-ն ժողովրդավարական պետություն է, ոչ թե «ժողովրդավառական»: Առաջնային է քաղաքացու շահը, եթե պետք է լինեն այդ հիմնարկները, ապա պետք է լինեն, իսկ թե ո՞նց, դա իրենք թող որոշեն, իրենք դրա համար գումար են ստանում մեր հարկերից»,- ասաց Սաֆարյանը:

Փաստաբանը նշեց, որ պատրաստ է վիճարկել այս շինարարության թույլտվության իրավաչափությունը և վնասների փոխհատուցում պահանջել:

«Քաղաքաշինական նորմերին հակառակ գործողություններ են իրականացվում, ինչո՞ւ, որովհետև մեջտեղը շահ կա՞: Բազմաբնակարան շենքը կարելի է վաճառել, մանկապարտեզն ու դպրոցը՝ ո՞չ: Բայց դա ո՞ւմ է հետաքրքիր: Երևան քաղաքի հողը տնօրինում է Երևանի քաղաքապետարանը»,- ասաց Աշոտ Սաֆարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս