Անկարայի բեմականացումները` 100-ամյակի հետհաշվարկին առընթեր
Պոլսահայ համայնքի հոգեւոր թե աշխարհիկ ներկայացուցիչների հետ Թուրքիայի վարչապետ Էրդողանի ունեցած հանդիպումը արտակարգ երեւույթ չէ, չասելու համար, որ օրինաչափ է նույնիսկ: Բնական էր, որ համայնքի դասական իշխանության ներկայացուցիչների հանդիպումը հետեւեց Էրդողանի ցավակցական գործողությանը: Հայկական կողմը համազարկ բացելու կարիք չունի Պոլիսի հայ ներկայացուցիչների կողմից կատարված գերխանդավառ հայտարարությունների եւ մանավանդ Անկարայից պահանջված պատվերային արձագանգումների վրա:
Առաջին հայկական արձագանքը իր ժամանակով, ձեւաչափով եւ բովանդակությամբ սպասելի էր ըստ ամենայնի: Անտեղի պիտի լիներ ներհայկական որեւէ բանավեճ ծավալելը այս ուղղությամբ: Բավարարվել ուրեմն, այս դեպքում արձանագրելով, որ Պատրիարքի ձիթենու ճյուղի համեմատումը արդեն քաղաքական պատվեր է` նույն մոտեցումը հրապարակող Անկարայի կողմից միջազգային հանրությանը ցույց տալու համար խաղաղասիրական բնույթի այն ժեստը, որին դիմեց վարչապետ Էրդողանը: Այդպես էլ պիտի լիներ: Հակառակն ակնկալելը քաղաքականորեն իրատեսական պիտի չնկատվեր:
Հայկական առաջին արձագանգը այսպիսով հստականում էր: Ուղերձի հասցեատերերի կարգը ճշտել էր փոխվարչապետը: Այսպես, Վաշինգտոն կատարած իր այցելության ընթացքում Թուրքիայի փոխվարչապետը հայտարարելէ. «Էրդողանը շատ կարեւոր հայտարարություն է կատարել, եւ խոսել 1915-ի դեպքերի 100-ամյակի նախօրյակին Թուրքիայի կատարած քայլերի մասին: Թե՛ ԱՄՆ-ից, թե՛ Հայաստանի Հանրապետությունից եւ թե՛ հայկական սփյուռքից ակնկալում ենք այդ ուղերձի պատասխանը : Այդ հարցերի լուծման համար մենք հայտարարության եւ քայլերի ենք սպասում»:
Նախքան փոխվարչապետի սպասողական վիճակին անդրադառնալը, արագորեն հիշենք եւ որոշ տարբերություն նկատենք փոխվարչապետի եւ արտգործնախարարի այս մասին կատարած հայտարարությունների միջեւ։ Դիվանագիտական ասելաձեւային խաղերի մասնագետ նախարար Դավութողլուն ուղերձի հասցեատերերի մասին բավարարվել էր «բոլոր հայերը» ասելով: Հստակացնելով, որ ուղերձը ուղղված չէ Հայաստանի Հանրապետությանը, այլ բոլոր հայերին: Այս ձեւով առաջնային հասցեատերը մնացելէր մշուշի մեջ:
Հիմա, փոխվարչապետը ճշտել է ուղերձի հասցեատերերի կարգը. նախ ԱՄՆ-ը, ապա միջազգային ընտանիքը, ապա Հայաստանի Հանրապետությունը եւ ապա սփյուռքը:
ԱՄՆ պետքարտուղարության բանբերը ողջունել էր Էրդողանի ցավակցությունը, մինչ Ֆրանսիայի նախագահը այն նկատել էր անբավարար. այստեղ պետք է նկատի ունենալ, իհարկե, հայտարարության ժամանակի ընտրությունն ու մանավանդ միջավայրը: Հայաստանի Հանրապետության եւ հայկական սփյուռքի ունեցած հակազդեցությունների մեջ որեւէ էական տարբերություն չկար, եւ այդ առումով Անկարան հակասություններ գտնելու խաղի մեջ մեծ առավելություններ չունեցավ: Ուրեմն, պոլսահայ համայնքն այս հասցեատերերի շարքում տեղ չուներ, թեեւ հանդիպման գործողությունը կազմակերպվել էր եւ դրա նախաբանը կատարվել էր, երբ նույն պատվիրակության անդամը խաղաղության Նոբելյան մրցանակի արժանի նկատել էր Թուրքիայի վարչապետին իր կատարած քայլի համար:
ԱՄՆ-ի եւ միջազգային ընտանիքի անդրադարձները չեն բավարարել Անկարային: Ցավակցությունը հայտնաբար չի աշխատել, այնպես ինչպես պատկերացնում էին Անկարայի ղեկավարները: Հայկական կողմը միանշանակ է արձագանգել, մինչ ԱՄՆ-ը ու միջազգային ընտանիքը, դեռեվս չեն բավարարել Անկարային:
Ցավակցելու, անցագրեր տրամադրելու, «հրամեցեք»-ի եւ «խաղաղասիրական» դրսեւորումների այս շարքը թվում է, թե պիտի շարունակվի: 100-ամյակի հետհաշվարկը (քաունթդաուն) սկսել է արդեն եւ այս օրակարգը տեղ է գտել Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում: Անկարան հետեւողականորեն պիտի փորձի գնդակը տեսնել տալ հայկական դաշտում: Թվում է թե մրցավարը՝ միջազգային ընտանիքը, դեռեվս գնդակը տեսնում է թուրքական կիսադաշտում։ Ֆուտբոլային ռազմավարությունը հուշում է, որ գնդակը հակառակորդի կիսադաշտում պահելու լավագույն միջոցը հարձակողական խաղաոճն է։
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր