Հասարակությունը պետք է այցելի Մելիք-Ադամյան
Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, համատեղությամբ՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտնի հայտարարությանը չէինք անդրադառնում միտումնավոր՝ սպասելով, թե արդյո՞ք դրան հաջորդող օրերին իրավապահ մարմինների կողմից համապատասխան գործողություններ կլինեն՝ ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի՞, ու Գլխավոր դատախազը նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ հանդես կգա՞, դրանից հետո դիմելով համապատասխան ատյանի դատարան՝ խափանման միջոց ընտրելու պահանջով, թե՞ ոչ: Բանն այն է, որ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան սահմանադրական կարգին ուղղված սպառնալիք:
Իսկ դա Հայաստանում, ինչպես հայտնի է, քրեական ծանրագույն հանցագործություն է համարվում: Անցած տարիներին հենց այդ հանցագործության շինծու կասկածանքով տասնյակ մարդիկ հայտնվեցին անազատության մեջ, Շանթ Հարությունյանն այսօր անազատության մեջ է գտնվում՝ իբրև թե սահմանադրական կարգի դեմ ուղղված նույնքան շինծու մեղադրանքով: Այն դեպքում, երբ Հանրապետական խոսնակի ու խորհրդարանական նույնքան փոխխոսնակի հայտարարությունը շատ ավելի ուղիղ է, ոչ թե կասկածի տեղ թողնող կարծիք, այլ, ըստ էության, հայտարարություն հանցագործության մասին:
«Մասնավորապես, նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ իշխանության ղեկն անձամբ ոչ մի ձևաչափում երրորդ ժամկետով չի վերցնելու, փաստացի նոր քաղաքական խաղի կանոնների հայտարարում էր, որը մինչև վերջ չի ընկալվել: Ի՞նչ է ասել Նախագահը. ասել է, որ չի առաջադրվելու նախագահի պաշտոնում, իսկ եթե վերջնական քննարկումների արդյունքում լինի պառլամենտական կառավարման համակարգ, ապա ինքը չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին»,- հայտարարել է Է.Շարմազանովը՝ ավելացնելով, թե նախագահը նաև նշել էր, որ իր համոզմունքն է, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի երկրի կառավարման ղեկին Հայաստանում:
«Նաև նշեց, որ ինչպիսի կարգեր էլ ունենանք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի ղեկավարն է նաև ինքը, շարունակելու է իր վճռորոշ դերակատարումը Հայաստանի քաղաքական դաշտում։ Այս մեկ պարագրաֆի մեջ իրականում խտացված ու կանխորոշված է նոր քաղաքական իրականությունը, որն այսօր թելադրվում է ապագա տասնամյակի համար: Այլևս մենք թևակոխել ենք ցանցային/հորիզոնական կառավարման համակարգ, որտեղ նվազելու է մեկ մարդու դերը քաղաքականության մեջ և կտրուկ աճելու է քաղաքական կուսակցությունների դերը»,- ասել է նա։ Նախ՝ խաղի կանոններ սահմանում է ոչ թե առանձին վերցրած անձը, անգամ, եթե նա զբաղեցնում է երկրի ամենաբարձր պաշտոնը, այլ Սահմանադրությունը:
Իսկ Շարմազանովն իր մի հայտարարությամբ Սերժ Սարգսյան անձին հավասարեցնում է հանրային կյանքի կազմակերպման մի ամբողջ հիմնարար ինստիտուտի՝ Սահմանադրության հետ: Սակայն նրա հայտարարության այս հատվածը կարելի է դասել ոչ թե Քրեական օրենսգրքով, այլ քաղաքական մեղսունակության չափորոշիչներով կարգավորվող կատեգորիաների շարքին: Գուցե մարդն այնքան է սիրում իր կուսակցության առաջնորդին, որ վերջինս նրա համար վեր է ամեն ինչից, այդ թվում՝ Սահմանադրությունից: Բայց տեսեք, թե ի՛նչ է ասում երիտասարդ, սակայն իրեն հավերժ իշխանություն պատկերացնող ՀՀԿ ներկայացուցիչը:
«Նաև նշեց, որ ինչպիսի կարգեր էլ ունենանք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի ղեկավարն է նաև ինքը, շարունակելու է իր վճռորոշ դերակատարումը Հայաստանի քաղաքական դաշտում: Այս մեկ պարագրաֆի մեջ իրականում խտացված ու կանխորոշված է նոր քաղաքական իրականությունը, որն այսօր թելադրվում է ապագա տասնամյակի համար,- ասում է նա ու, վերջնական ճշմարտության կամ հայ ժողովրդի նկատմամբ դատավճիռ հրապարակելու տոնով, ավելացնում,- Իր հայտարարությամբ Նախագահ Սարգսյանը հստակ ամրագրել է, որ եթե ապագա տասնամյակում որևէ պետական քաղաքական գործիչ հավակնում է իրեն տեսնել պետական բարձրագույն պաշտոնների, ապա դրա հիմնական ճանապարհը, եթե ոչ՝ միակը, ՀՀԿ-ն է։ Ավելի պարզ ասեմ, եթե որևէ մեկը ուզում է կամ հավակնում է դառնալ ՀՀ նախագահ կամ վարչապետ, ապա այդ ճանապարհն ուղիղ անցնում է Մելիք-Ադամյան փողոցով»:
ՀՀ Սահմանադրության երկրորդ հոդվածն ամրագրում է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Այսինքն՝ ժողովուրդն է ընտրում իշխանությանը: Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2017թ., նախագահականը՝ 2018 թվականին: ՀՀ Սահմանադրությունն ասում է, որ այդ ընտրությունների արդյունքում կարող են իշխանության գալ անգամ «Ընդդեմ քյաբաբի՝ հանուն բուսակերության» կամ «Երիտհանրապետականներից զզվողների միություն» անուններով կուսակցությունները, եթե ժողովուրդն ընտրի նրանց: Շարմազանովը, սակայն, ասում է՝ ոչ, առաջիկա տասնամյակում իշխանությունը պատկանելու է ՀՀԿ-ին, Մելիք-Ադամյանն էլ՝ իշխանության КПП-ն, ով «տաբելը ստորագրեց»՝ նրան թույլ կտան, ով հրաժարվեց՝ դուրս կշպրտեն:
Այսինքն՝ Շարմազանովն ուղղակի, առանց ձևականությունների, հանդես է գալիս՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, Քրեական օրենսգրքի լեզվով՝ սպառնում է սահմանադրական կարգին: Շարմազանովն ինքը հասկանում է իր հայտարարությունների հակասահմանադրականությունը, այդ պատճառով էլ՝ իրեն ապահովագրելու համար մի քանի անգամ հղում է անում «Նախագահին»:
Ստացվում է, որ կամ Սերժ Սարգսյանն է Շարմազանովին հանձնարարել հանդես գալ սահմանադրական կարգի դեմ ուղղված հայտարարությամբ, կամ Շարմազանովը դա արել է՝ օրենքից խուսափելու համար հանդես գալով Սերժ Սարգսյանի անունից: Հետևաբար՝ կա երկու տարբերակ. եթե սա Շարմազանովի հայտարարությունն է, ապա Սերժ Սարգսյանն իր վրայից սահմանադրական կարգը խարխլելու խարանը հանելու համար պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի սեփական կուսակցության խոսնակին օրենքով նախատեսված կարգով պատժի ենթարկելու համար, կամ՝ եթե սա Ս. Սարգսյանի հանձնարարությունն է, հասարակությունը պետք է մտածի սահմանադրական կարգի անհապաղ վերականգնման մասին՝ ոչ միայն ներկայի, այլև առաջիկա տասնամյակի համար:
Այդ դեպքում Մելիք-Ադամյան փողոցով պետք է անցնեն ոչ թե՝ նախագահ կամ վարչապետ դառնալ, այլ՝ Հայաստանն իշխանության ուզուրպացումից փրկել ցանկացողները: Այսինքն՝ ՀՀ բոլոր քաղաքացիները: Որովհետև, եթե վարչապետ կամ նախագահ դառնալը ցանկություն է, ապա սահմանադրական կարգի վերականգնումը՝ պարտականություն: ՀՀ յուրաքանչյո՛ւր քաղաքացու պարտականությունը: