Իրենց իշխանությունը պահելու համար կորցնում ենք երկրի ինքնիշխանությունը. նպատակը Հայաստանի չլինելն է. Արամ Օրբելյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ակնհայտ է, որ Ադրբեջանը ցանկանում է ինչոր կետում վերջնական ֆիքսել իր «նվաճումները»։ Բոլորիս աչքի առաջ տեղի է ունեցել հանցագործություն՝ պետության ոչնչացում, ու դրա ամրագրման ամենակարճ տարբերակը պայմանագրի ստորագրումն է։ 
  • Սահմանների մասին պայմանագրերն իրավահաջորդության ժամանակ ենթակա չեն վերանայման։
  • Իրավական գործընթացի տեսակետից ՀՀ Անկախության հռչակագիրը ենթակա չէ փոփոխման, իսկ Արցախի ու Հայաստանի վերամիավորման մասին հենց այդ փաստաթղթում է խոսվում։
  • ՀՀ քաղաքացիները չեն ցանկանում ստորագրել ինչ-որ փաստաթուղթ, որում Արցախի հետ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները տեղ չեն գտնի։ ՀՀ գործուղված իշխանության մեջ գտնվող մի քանի բարձրաստիճան գործակալներն ուզում են ստորագրել նման փաստաթուղթ։
  • Մեր խնդիրը պետք է չլինի ինչ-որ փաստաթուղթ ստորագրել թույլ չտալը։ Ընդհակառակը, ես կողմ եմ փաստաթղթի, որպեսզի գոնե այդ կերպ ինչ-որ հստակություն կլինի, թե ինչ են բանակցել, այլապես, մենք մինչ օրս չգիտենք հստակ՝ ինչ են պայմանավորվել: Խնդիրը, սակայն, այն է, որ զիջում չպետք է տեղի ունենա։ Լավագույն դեպքում պետք է տեղի ունենա փոխզիջում։
  • Գործող իշխանությունների կողմից տեղի է ունենում «ինքնիշխանությունը պահպանելու համար հրաժարվեցինք ինքնիշխանությունից» գործընթացը:

  • Իրենց իշխանությունը պահելու համար ինքնիշխանություն կորցրեցինք: 
  • Կարմիր գծերը նրա համար են կարմիր, որ դրանք միշտ պետք է սահմանափակող նշանակություն ունենան։
  • Միգուցե «ինքնիշխանություն» ասելով՝ Փաշինյանը հասկանում է՝ իրենք ու իրենց իշխանությո՞ւնը: Ժողովրդի տեսանկյունից, սակայն, ինքնիշխանության համար շատ կարևոր պայման է, որ ՀՀ Սահմանադրությունը, հիմնադիր փաստաթղթերը հարգվեն։ 
  • Պետական շահն աբստրակտ երևույթ չէ, այն արձանագրված է փաստաթղթերում, մասնավորապես՝ Սահմանադրության մեջ։ ՀՀ պետական շահն արձանագրված է ՀՀ Սահմանադրության 1-2-3-րդ հոդվածների մեջ։
  • Մինչև պետական ինստիտուտների, մասնավորապես՝ 2018թ. հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի զավթումը մենք ունեցել ենք բավականին զարգացած պետական ինստիտուտներ։ Ունեցել ենք պրոֆեսիոնալ դիվանագետներ։ Իսկ, օրինակ, հիմա ԱՄՆ-ի պես կարևոր երկրում ՀՀ դեսպան է նշանակվել Փաշինյանի անգլերենի դասատուն։ Պաշտպանության ներկայիս նախարար Պապիկյանը ժամանակին պատմության դասատու էր, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չհերքված գործակալ է՝ «Օմեգա» ծածկանունով։ Ինչ վերաբերում է գլխավոր դատախազին, իրավաբանության մեջ ամենակարևորը մասնագիտական էթիկան է, և Աննա Վարդապետյանը ոչ միայն միջամտել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդու քրեական գործին՝ քննիչներին ուղղորդելով, այլև ընդունել է իր միջամտության փաստը։ Այսօր այդ նույն Աննա Վարդապետյանը, այդ ամենը որպես Նիկոլ Փաշինյանի օգնական անելուց հետո, Գլխավոր դատախազ է աշխատում… Օրինակները բազմաթիվ են:
  • Հայաստանում դատարանի դահլիճում սրտի կաթվածից մարդ է մահանում՝ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, տևական ժամանակ անց պարզ է դառնում, որ լեզվաբան փորձագետն այլ բան է նկատի ունեցել, ու դա որևէ քրեաիրավական հետևանք չի ունենում, որևէ պատասխանատվության չի ենթարկվում… 
  • Զորամաս է այրվում՝ 15 զոհով, կրկին ոչ մի քաղաքական պատասխանատվություն…
  • Մեր բանակի վերափոխումները, դատաիրավական բարեփոխումները, բանակցությունները չեն կարող արդյունք տալ, որովհետև չկա պրոֆեսիոնալ մոտեցում, չկան դրանց տակ դրված կառուցակարգերը։
  • Մենք պետք է պահանջատեր լինենք մեր վճարած հարկերի համար։ Երբ Էկոնոմիկայի նախարարն ասում է՝ մենք մեր խոստացածների 80%-ը չենք արել, պետք է պահանջել նրա հրաժարականը։ 
  • Երբ վարչապետն անընդհատ ստում է, պետք է պահանջել նրա հրաժարականը։ 
  • Երբ ինչ-որ մեկն ասում է՝ «Անկախության հռչակագիրը Աստվածաշունչ չէ», նրան պետք է ասել, որ ինքն էլ Աստված չէ։ Իշխանափոխություն է անհրաժեշտ։
  • Մեր երկրում պետք է անցնենք բավականին խիստ լյուստրացիաների, և այն մարդիկ, ովքեր օտարերկրյա գործակալներ են, պետք է զրկվեն Հայաստանում պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից։ 
  • Հայաստանին պետք է մեծ հաշտեցում։ Դրա համար անհրաժեշտ է նաև օտարերկրյա դերակատարների ազդեցության նվազեցում։
  • Անցումային կառավարություն պետք է ձևավորվի, անցումային արդարադատության նման մի բան պիտի անել, անցումային փուլը պետք է անցնցում անցկացնել ու հետո նորմալ ընտրությունների միջոցով ձևավորել նորմալ իշխանություն։
  • Ես բոլոր քաղաքացիներին խորհուրդ եմ տալիս քաղաքականությամբ զբաղվել, բայց ոչ պրոֆեսիոնալ կերպով, որպեսզի առնվազն իմանան՝ ժողովրդին մի քանի անգամ խաբած մարդուն չպետք է ընտրել:
  • Իշխանափոխության երկու ճանապարհ կա՝ փողոց և անվստահության գործընթաց Ազգային ժողովում։
  • Արդյո՞ք մենք ուզում ենք ապրել մի երկրում, որի 150 000 քաղաքացիների անձնագրերը մի վայրկյանում չեղարկվում են, որտեղ դասագրքեր չեն տպվում, իսկ տպված դասագրքերում կեղծվում է մեր պատմությունը, որտեղ ԱԺ նախագահն իր թիկնապահներին ուղարկում է մարդու ձեռքերը բռնելու, որ ինքը թքի այդ մարդու վրա, մի երկրում, որի տարածքը թշնամին նվաճում է, բայց մենք ասում ենք՝ էլի տանք, մի երկրում, ուր գլխավոր դատախազը տիրապետում է բանկային գաղտնիքի ու այն փոխանցում այլոց… Այս հարցերը նաև ԱԺ բոլոր պատգամավորներն իրենք իրենց պետք է տան։ Վստահ եմ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, ԱԺ համանուն խմբակցությունում էլ կան բազմաթիվ մարդիկ, ում այս հարցերն անհանգստացնում են։
  • Երևան քաղաքի ընտրություններին մասնակցության ցածրագույն շեմը ցույց է տալիս, որ մարդիկ ապատիայից դեռ դուրս չեն եկել։
  • Այսօր IT ոլորտում որոշ մարդիկ հաջողությունների են հասնում, և դա նրանից է, որ նախկին իշխանությունների օրոք՝ 15 տարի առաջ, այդ ոլորտը զարգացնելու համար հսկայական ներդրումներ են կատարվել, մասնավորապես՝ Հայաստան են մտել «Սինոփսիս», «National Instruments Corporation» և այլ ընկերությունները:
  • Իրականում այսօր ընդդիմությունը չգիտի՝ ինչպես հասնել հաջողության։ Պետք է տեղի ունենան քաղաքացիական գործընթացներ՝ միախառնված քաղաքական գործընթացների հետ։
  • Առաջնորդներ կան, և դրանք մեկը չեն, բայց պետք չէ ասել՝ այս մեկը լավը չէ, այն մեկը թող չխոսի… բոլորն էլ պետք է խոսեն:

Կարդացեք նաև

  • Արցախի նախագահի հրամանագիրը, ինչպես ինքը՝ Սամվել Շահրամանյանն ասաց՝ ոչ ոք չի տեսել, հետևաբար՝ դրա գոյությունն ինձ համար կասկածելի է։ Սակայն, եթե անգամ այն կա, դա միջազգային իրավական տեսանկյունից ոչ մի նշանակություն չունի։ Բացի դրանից, ներպետական որևէ մարմին չի կարող պետություն լուծարել։ Ամենահեշտ տարբերակն այդ հրամանագիրը վերացնելու՝ նույն Արցախի նախագահի կողմից այն նոր հրամանագրով վերացնելն է։ 
  • Արցախի պետական ինստիտուտները պետք է պահպանել. էական չէ՝ անունն ինչ կդնենք։ Իշխանական համակարգը պետք է պահել՝ միջազգային հարթություններում բանակցությունների համար։ 
  • Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով կանչելն ինստիտուցիոնալ մոտեցում է։ Սակայն ՀՀ իշխանության մի թևը մյուսին հակասում է: Էդմոն Մարուքյանն ասում է՝ Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների պահպանումը կարող է վտանգել Հայաստանի անվտանգությունը, կամ՝ արկածախնդրություն է, իսկ իշխող ուժի մեկ այլ ներկայացուցիչ՝ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, Արցախի նախագահին հրավիրում է ԱԺ: Ակնհայտ է, որ 9 օրվա նախագահը չի կարող այդ հարցերին պատասխանել։ Հետևաբար՝ նրան կանչել են՝ որպես ինստիտուտ։ Դրա համար եմ ասում՝ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը։
  • Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կուզի՝ կգնա, կուզի՝ չի գնա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: 
  • Եթե իմ երկրի կառավարությունը որևէ դրական արդյունքի չի կարողանում հասնել, ապա ոչ մի այլ պետություն, բացի նրանից, մեղավոր չէ՝ ոչ Պուտինը, ոչ Մակրոնը, ոչ Բայդենը…։ 
  • Ակնհայտ է, որ հիմա էլ երկրում դրական փոփոխությունների հնարավորություններ կան, բայց օրեցօր այդ հնարավորությունները նվազում են։ Մինչև չլինի իշխանափոխություն, Հայաստանի Հանրապետությունը հնարավոր չի լինելու վերականգնել։
  • Այսօր Հայաստանում քաղաքական բանտարկյալների քանակն աննախադեպ շատ է։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, ասելով, որ «Հայաստանը մնում է՝ որպես ժողովրդավարության փարոս Հարավային Կովկասում», երևի նկատի ունի այն, որ Հայաստանի քաղբանտարկյալների քանակն ավելի քիչ է, քան Ադրբեջանում ու Վրաստանում։ 
  • ՀՀ գործող իշխանությունների անպատասխանատու քայլերի նպատակը Հայաստանի չլինելն է։
  • Վատագույն սցենարի դեպքում Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազան կդառնա փակ բազա, կստեղծվի լարվածություն, որովհետև Հայաստանը չի կարող միակողմանի լուծարել ռազմաբազայի տեղակայումը։ 

(Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ռուսական ռազմակայանի մասին 1995 թվականի պայմանագրով Հայաստանը չի կարող միակողմանիորեն հրաժարվել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայից մինչև 2044 թվականը: 

Պայմանագրի 27-րդ հոդվածում ասվում է.

 «Եթե կողմերից մեկը հայտարարում է սույն պայմանագիրը խզելու իր մտադրության մասին, ռուսական ռազմակայանի լուծարման հետ կապված հարցերը լուծվում են խառը հանձնաժողովի կողմից։ Ռուսական ռազմակայանի լուծարումը պետք է ավարտվի կողմերի միջև համաձայնեցված ժամկետում»)։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս