Որքա՞ն աշխատավարձ է ստանում ՔՊ-ական Կոնջորյանի կինը «Հայփոստ»-ի գլխավոր տնօրենի պաշտոնում. Ինչո՞ւ են այն ամեն կերպ թաքցնում. Panorama.am

Panorama.am-ը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո շատ ՔՊ-ականներ ոչ միայն պաշտոններ ստացան, այլև իրենց կանանց տեղավորեցին բարձր աշխատավարձով պաշտոններում, պետական մարմիններում։ Օրինակները շատ են. «Լուսավոր Հայաստան»-ից ՔՊ մտած Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանն անցած տարվա վերջին՝ նոյեմբերին «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն է դարձել, մինչ այդ նա ղեկավարում էր ընկերության բաժիններից մեկը։

Մամուլը գրել էր, որ նա ստանում է 3 մլն դրամ աշխատավարձ։ Տարածված տեղեկութունները ճշտելու համար Panorama.am-ը գրավոր հարցում ուղարկեց ընկերությանը։

Մասնավորապես հարցրել ենք.

Որքա՞ն աշխատավարձ է ստանում «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը։

Ինչքա՞ն է կազմել «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի աշխատավարձը մինչ Շուշան Ալեքսանյանի կողմից այդ պաշտոնը զբաղեցնելը։ Եթե եղել է բարձրացում, ապա ե՞րբ ու ի՞նչ հիմնավորմամբ է դա եղել։

Ի՞նչ հաճախականությամբ է տրամադրվում «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենին պարգևավճար։

«Հայփոստ» ընկերությունից որևէ հարցի չեն պատասխանել՝ թաքցնվելով իշխանական պատգամավորի կնոջ աշխատավարձի չափը։

Հարցերին ի պատասխան Ընկերության ավագ իրավախորհրդատու, հաճախորդների դիմում/բողոքների և հատուցումների գծով պատասխանատու Սերգեյ Թադևոսյանի ստորագրված պատասխանում նշվում է.

«Շուշան Ալեքսանյանը հանդիսանալով հայտարարտու անձ, վերջինիս գույքի և եկամուտների, այդ թվում՝ եկամտի ծագման աղբյուրի, եկամտի տեսակի, աշխատավարձի վերաբերյալ հանրամատչելի և անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի միջամտության հավասարակշռություն ապահովող ամբողջ տեղեկությունն օրենքով սահմանված կարգով ներկայացված է «Պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ 2024 թ. գույքի, եկամուտների և ծախսերի» հայտարարագրում»։

Նկատենք, վկայակոչված հայտարարագիրը չի տալիս մեր հարցերին պատասխան, քանի որ Շ. Ալեքսանյանը ընկերության տնօրեն է դարձել, ինչպես նշեցինք, անցած տարվա նոյեմբերի վերջին։ Հետևաբար դժվար է ասել, թե «Հայփոստից» ստացած գումարից ինչքա՞ն է նա ստացել որպես տնօրեն։

Նշենք, որ Հայկ Կոնջորյանի կինը նախորդ տարվա ընթացքում ունեցել է 67,327,166 դրամի եկամուտ։ «Այլ եկամուտներ»-ի ներքո նա «Հայփոստ»-ից ստացել է մոտ 5 մլն 200 հազար դրամ, նույն ընկերությունից որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարում նա ստացել է մոտ 11 մլն 500 հազար դրամ։ Կառավարական տանից նա ստացել է միանվագ 300 հազար դրամ վճար, եկամտահարկի վերադարձից ստացել է 1,802,757 դրամ։

Համեմատության համար նշենք, որ նա 2023-ին «Հայփոստ»-ից որպես աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարում ստացել է մոտ 10 մլն 500 հազար դրամ։ Այսինքն մեկ տարում «Հայփոստ»-ը Կոնջորյանի կնոջը վճարել է 6 մլն 200 հազար դրամ ավելի շատ գումար։ Եթե համարենք, որ այս ավել գումարը Շուշան Ալեքսանյանը ստացել է տնօրեն դառնալու արդյունքում, ապա ըստ հաշվարկի, նա ստանում է ավելի քան 4 մլն դրամ աշխատավարձ։

Ընդհանրապես վերջին երկու տարիներին այս ՔՊ-ական պատգամավորի կինը հասցնում է լավ գումարներ տնտեսել։ Օրինակ, 2023-ի սկզբին նա ունեցել է կանխիկ 2.5 մլն դրամ, տարեվերջին այն հասել է 4.5 մլն դրամի։ Իսկ ահա 2024-ի ավարտին կանխիկ գումարը հասել է 7.5 մլն դրամի»։

Տեսանյութեր

Լրահոս