
ՆԻԿՈԼԸ ԽՆԴՐՈՒՄ ԷՐ՝ ԱԽՊԵՐ, ՄԻ ԿՐԱԿԵՔ, ՄԻՋԱՆՑՔ ՄԻ ԱՍԵՔ, ԹՈՂԵՔ 2026-ԻՆ ԸՆՏՐՎԵՄ, ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ ԻՆՉ ՈՒԶԵՔ՝ ԿԱՆԵՄ. ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հռչակագրի նախաստորագրման վկան Դոնալդ Թրամփն է, և նա ևս մի քանի անգամ օգտագործեց «միջանցք» բառը, և Նիկոլ Փաշինյանը չընդվզեց․ խելոք լսում էր, հիմա ՄԱԿ-ի ամբիոնից ինչ է ասում, կարևոր չի, գլուխը կախ լսում էր, երբ Թրամփն ասեց «միջանցք» բառը:
Հիշեցնենք, օրերս ՄԱԿ-ի ամբիոնից Իլհամ Ալիևն իր ելույթում կրկին անգամ գործածեց «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, որը մշտապես օգտագործում են և Էրդողանը, և Թուրքիայի ու Ադրբեջանի բազմաթիվ պաշտոնյաներ: Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի նույն ամբիոնից իր ելույթում անդրադարձավ Ադրբեջանի նախագահի, ում հետ ընդունել են Վաշինգտոնի հռչակագիրը, այդ ձևակերպմանը. «Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա։ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում երբեք չի եղել։ Կարծում եմ, որ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի՝ այդ արտահայտությունն օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է՝ որպես տարածքային պահանջ Հայաստանից և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում»,- հայտարարեց Փաշինյանը, որն այսքան ժամանակ ծպտուն չի հանել, երբ Ալիևը, Էրդողանը, Թրամփը և այլ պաշտոնյաներ օգտագործել են:
- Ալիևի ելույթը ՄԱԿ-ում պահանջների ու մեղադրանքների կույտ էր՝ ուղղված Հայաստանի Հանրապետությանը։ Ալիևի ելույթն ընթերցելով՝ որևէ մեկը չի կարող պատկերացում կազմել, որ գործ ունենք մի պետության հետ, որը գնում է խաղաղության։
- «Կոնֆլիկտ» և «խաղաղություն» բառերն իրար չեն բռնում։ Եթե Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասում է՝ Ալիևի բառապաշարը կոնֆլիկտային է, էլ ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։
- Ֆիքսենք 2 բան՝ Նիկոլը համաձայն է, որ դա Միջանցք է, ուղղակի Հայաստանի ժողովուրդը դա որպես տարածքային պահանջ է ընկալում, և մեկ էլ այն, որ Նիկոլն ասաց՝ ինձ բերկրանք է պատճառում խաղաղությունը։ Դա քաղաքական մազոխիզմ է․ ի՞նչն է քեզ բերկրանք պատճառում՝ այդքան զոհերը, տարածքային կորուստները, գերիները, ի՞նչը։
- Նիկոլն իր ելույթում թուրքերին ու ադրբեջանցիներին ասում էր՝, ախպեր, մի՛ կրակեք, Միջանցքից մի խոսեք, թողեք 2026-ին, ընտրվեմ, դրանից հետո Սահմանադրությունը կփոխեմ։ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Նիկոլ Փաշինյանն Ալիևին խնդրեց օգնել իրեն ընտրվել, դրանից հետո ինքը կկատարի նրա պահանջները։ Սա տեր ու ծառայի հարաբերություն է։
- Վկան երաշխավոր չի կարող լինել, Նիկոլ։ Դու Ալիևի հետ ուղիղ ես բանակցում, ընկեր, ումի՞ց ես բողոքում։ Դու քո հոժար կամքով միջազգային երաշխիքներից հրաժարվել ես՝ և՛ Մինսկի խմբից, և՛ Նոյեմբերի 9-ի փաստաթղթից, տեղն ուրիշ միջնորդ չես բերել, ընդամենը բերել ես վկա, ով երկիրդ մի օր Ալբանիայի հետ է խառնում, մի օր՝ Կամբոջայի… Բա համարն ունես, գրի՝ Դոնալդ ջան, քո ընկեր Նիկոլն է, մի հատ տես էս Ալիևին ի՞նչ ես անում։
- Մինսկի խումբը՝ որպես համանախագահ ինստիտուտ, շատ է անհանգստացրել Ալիևին։ Նիկոլ Փաշինյանի բերած աղետի հետ համեմատած, իհարկե, բոլոր բանակցային փաթեթները եդեմական դրախտ են, բայց լավագույն բանակցային փաթեթը եղել է կազանյան փաստաթուղթը, ինչն ընդունել է նաև Նիկոլը, և ինչից հրաժարվել է Ալիևը։ Դա Սերժ Սարգսյանի բանակցած փաստաթուղթն էր։ Բա որ Մինսկի խումբն անարդյունավետ էր, Ալիևը 30 տարի ինչի՞ էր ձգտում փակել Մինսկի խումբը։
- Նիկոլ Փաշինյանը, ընդունելով, որ Արցախն Ադրբեջան է, ընդունելով, որ մեր զինվորները գտնվել են Ադրբեջանի տարածքում, ասել է, որ Եռաբլուրում ննջող մեր բոլոր հերոսները, սկսած Վազգեն Սարգսյանից, օկուպանտ են։
- Ալիևին գլխավոր դատախազ պետք չէ։ Բաքվի պատանդների հարցում Նիկոլ Փաշինյանը դարձել է գլխավոր մեղադրող։ Նիկոլ Փաշինյանը 2018թ.-ից իր թիմով ստանձնել է տրոյական ձիու դեր։ Նա եկել է քանդելու Երրորդ Հանրապետությունը, ինչի մասին 7 տարի է՝ ասում ենք։
- 2018թ․ հոկտեմբերի 2-ին, որ Պառլամենտի վրա հարձակվում էին, ո՞ւր էիք, որ 2019թ․ մայիսին դատարանները շրջափակում էին, ո՞ւր էիք… Նիկոլի հետ ջան-ջիգյար էիք անում, հիմա դարձել եք ընդդիմադի՞ր։
- Ասել եմ ու պնդում եմ․ 2018թ․ Հայաստանում տեղի է ունեցել աշխարհաքաղաքական գունավոր հեղափոխություն։ Մենք այդ ժամանակ էլ ենք ասել՝ դուք մերժել եք ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։ Մենք տեսնում էինք, որ իշխանության եկող ուժը չունի կարմիր գծեր։ Այսօր էլ Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչ 2018թ․ նրան հանձնարարել է Բոլթոնը, ամերիկյան հատուկ ծառայությունները։ Ժողովուրդ ջան, ընդունեք, որ զոհ եք եղել, դուք հեղափոխություն չեք արել, սխալվել եք։ 2018թ․ հեղափոխությունը ո՛չ հայ ժողովուրդն է արել, ո՛չ Նիկոլը։ Դա արվել է դրսից, իսկ Նիկոլը կամավոր գործիք էր՝ քասթինգով ընտրված։
- Ծրագիրը ավարտված չէ։ Քանի դեռ մեր Սահմանադրությունը գործում է, Անկախության հռչակագիրը կա, Հայաստանի թշնամիները՝ թե՛ այստեղի, թե՛ դրսի, և թե՛ Թուրքիայի, չեն հանգստանալու։
- ԱԺ ընդդիմադիր ամենախոշոր խմբակցությունը, միանալով վարչապետին անվստահության գործընթացին՝ իմպիչմենտին, ընդունում է, որ այդ գործընթացը շատ էլ լուրջ է, և դա ընդունում է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Լուրջ խմբակցությունն անլուրջ փաստաթղթի տակ չի ստորագրում։ Սա առաջին ձեռքբերումն է, որ բոլորս ունենք։ Միանալով այս գործընթացին՝ նրանք ընդունում են, որ թյուրիմացության մեջ են եղել, երբ մտածել են, որ ՀՀԿ-ի սկսած գործընթացն իրենց դեմ է։ Սա ևս շատ կարևոր է։ Դժբախտաբար, մենք կորցրեցինք 4 ամիս, բայց կարծում ենք՝ և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ուժերի կոնսոլիդացիայի արդյունքում պետք է սկսել կոնսուլտացիաներ ու առաջ գնալ։
- Մենք պետք է տարբերակենք «Հայաստան» խմբակցություն և Ռոբերտ Քոչարյանի որոշ աջակիցներ հասկացությունները։ «Հայաստան» դաշինքի ոչ մի պատգամավոր անհարգալից վերաբերմունք չի ցուցաբերել իմպիչմենտի գործընթացի նկատմամբ։ Քաղաքական մուտիլովկայով զբաղվածներին ուզում եմ ասել՝ դուք մեզ գործի չեք դրել, որ ստորագրությունները դրեցիք, մենք էլ հիմա անենք, գնանք ՔՊ-ի ստորագրությունները բերենք, ինչպես պահանջում են հրահանգով դիվանին նստած գրողները։ Ներողություն, բայց եթե Ռոբերտ Քոչարյանի ֆրակցիայի պատգամավորների՝ մեր պայքարի ընկերների, նույն խրամատում գտնվողների ստորագրությունները ստանալու համար պահանջվեց 4 ամիս, ուզում եք՝ 4 օրում ՔՊ-ի ստորագրությունները բերե՞նք։ Հանրապետականին հանձնարարական տվողներին ասեմ՝ շատ սխալ ճանապարհի վրա եք։
- Բոլոր ընդդիմադիր ուժերը Պառլամենտ գնացել են Նիկոլ Փաշինյանին հանելու խոստումով։ Մեզ վրա որպես լավություն չծախեք էդ ստորագրությունները։ Դա բոլորիս պարտականությունն է։
- Ոչ թե ընտրություններին գնալն է աբսուրդ, այլ ընտրություններին սպասելն ու ոչինչ չանելը։ Մենք ասել ենք՝ կա երկու ճանապարհ՝ Նեպալի և Ֆրանսիայի։ Մենք բռնություններով, քաոս ստեղծելով իշխանափոխության ճանապարհը՝ Նեպալի տարբերակը, մերժում ենք։ Իմ ու Նիկոլ Փաշինյանի տարբերությունը դա է։ Ես և՛ իշխանության ժամանակ եմ դեմ եղել անօրինական գործողություններին, և՛ հիմա։ Ընտրություններին մասնակցելը հանցագործություն չէ, այլ, կրկնում եմ, նստել ու ոչինչ չանելն է հանցագործություն, որովհետև մինչև 2026թ․ հունիսի 7-ը Նիկոլը կարող է 7 անգամ հանձնել «Զանգեզուրի միջանցքը»։ Մեր հույսը Եվրոպան չէ․ եթե Նիկոլ Փաշինյանը դնի, փողոցում մարդկանց գյուլլի, Եվրոպան ձայն չի հանելու։
- Ամենօրյա աշխատանքով պետք է գնանք առաջ։ 4 օր առաջ 4 ստորագրություն էր, հիմա՝ 34, 4 օր առաջ միայն ՀՀԿ-ն էր խոսում իմպիչմենտից, հիմա՝ տասնյակ ուժեր։ Բայց եթե էս գլխից պիտի ասենք՝ ոչինչ էլ չի ստացվի, ուրեմն հիմիկվանից ազգանուններս փոխենք, սպասենք թուրքերին… Ես անմոռուկը չեմ հանելու ոչ իմ կրծքից, ոչ իմ մտքից։
- Հայաստանն արտաքին կառավարման տակ է, և նախ և առաջ՝ թուրքական, որովհետև Նիկոլ Փաշինյանն իրենց հանձնարարականը կատարողն է։
- Նիկոլ Փաշինյանը խաղաղություն չի բերում, այլ կապիտուլյացիա։ Խաղաղություն մենք ենք բերել՝ նախկին իշխանությունները։ Խաղաղությունը չեն մուրում, պարտադրում են․ ի՞նչն է խաղաղություն՝ Ալիևին խնդրելը, որ չասի կապիտուլյացիա կամ Զանգեզուրի միջա՞նցք։ Նիկոլ Փաշինյանը 5 պատերազմ է բերել, նա է պատերազմի , մահվան, դագաղի ու կապիտուլյացիայի խորհրդանիշը։ Ու ինքը խոսում է խաղաղությունի՞ց։ Հայաստանի տարածքն օկուպացված է, ու ինքը խաղաղության խորհրդանի՞շ է, Բաքվի գերինե՞րն են խաղաղության խորհրդանիշ, աշխարհում մի օրինակ կա, որ լացելով խաղաղություն ե՞ն բերում։
- Արա՛, եթե դու դելիմիտացիա-դեմարկացիա չես արել, եթե դու Ալիևին ես ասում՝ ասա՝ ո՞րն է Հայաստանի քարտեզը, դու ի՞նչ գիտես, Նիկո՛լ, Հայաստանի տարածքն ինչքա՞ն է, որ մի հատ էլ թիվ ես ասում ու ասում ես՝ դա է քեզ համար սրբություն։ Դու ի՞նչ կապ ունես խաղաղության հետ։ Եթե դու ասում ես՝ Արցախն Ադրբեջան է, 5000 երեխու ինչի՞ ես տարել, զոհել։
- Չկա խաղաղություն, ու չկա խաղաղության պայմանագիր․ դա սուտ է։ Խաբում է Նիկոլը։ Նա ընդամենն Ալիևի հետ պայմանավորվել է մինչև ընտրություններ չկրակել, որ ինքը վերընտրվի։
- Հայ ժողովուրդը գոնե մի անգամ պիտի ապացուցի, որ Հայաստանի կապիտուլյացիայի ու ադրբեջանացման փայատերը չէ։ Դրան ձայն տվողը պիտի իմանա, որ ձայն է տալիս ոչ թե ՔՊ-ին, այլ «Ենի Ադրբեջան» կուսակցությանը։
- Երբ ԵՄ անդամ երկիր Կիպրոսում 2014թ․ իմ համեստ ջանքերով միաձայն ընդունվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծը, ես չէի պատկերացնում, որ մի օր էլ իմ երկրում նման օրենք ընդունելու կարիք կլինի, ու իշխող ուժն էլ դեմ կլինի դրան։
- Ժողովուրդ ջան, պարտությունը բոլորի համար է․ ամոթ չէ պարտվելը, ամոթ է դա փառաբանելը, թուրքին հանձնվելը որպես բերկրանք ընդունելը։ Բերկրա՞նք եք ստանում, որ Ալիևն ամեն օր ոտքերը սրբում է մեզ վրա, որ Գորիսից Կապան Տաթևով եք գնում, որ Հայաստանի 240 ք/կմ օկուպացված է, որ Բաքվում ունենք գերիներ, որ Արարատ ասել Հայաստանում թույլ չեն տալիս։ Միլիոն հատ Նիկոլ էլ լինի, Արարատը Հայաստանի սիմվոլն է, և Արարատը հաղթելու է Էրմենիստանին։
Մանրամասները՝ տեսանյութում։