ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԵ՞Ք, ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՌԵԿՏՈ՛Ր, ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆԱԽԱԳԱ՛Հ. ԱՆԱՍՆԱԿԱՆ ԻՆՍՏԻՆԿՏՈՎ ՉԵ՛Ս ԿԱՐՈՂ ՋՆՋԵԼ. ՀՈՎԱԿԻՄ ԶԱՔԱՐՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, վիրուսոլոգ, Denovo Sciences ընկերության համահիմնադիր Հովակիմ Զաքարյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Արցախը մեր հայրենիքի մի մասն է, և մենք ծանր գին ենք վճարել այն հայրենիքի մաս դարձնելու համար, հետևաբար՝ կորուստն էլ ցավ է պատճառում։ Ինձ համար երբեք չի եղել տարբերություն՝ Արցա՞խ, թե՞ Հայաստանի որևէ այլ շրջան։ Դու չես կարող անասնական ինստինկտով ջնջել այդ էջը։ Հետո՞ ինչ, որ այդտեղ չես ապրում։ Այսօրվա գործող իշխանությունների ասածը գրոշի արժեք ունի․ դա իրենք էլ գիտեն, թշնամին էլ գիտի։ Ադրբեջանում գիտեն, որ որոշում կայացնողը ժողովուրդն է․ արդյո՞ք ժողովուրդը կկոտրվի ու կմոռանա Արցախի մասին, մեր հայրենիքի մի հատվածի մասին, դժվար է ասել։ 
  • Նիկոլ Փաշինյանի համար իրեն տրված գնահատականն ու իր քաղաքական ապագան, իր անձն ավելի կարևոր են եղել, քան պատերազմը, զոհերը, կորուստներն ու մարդկանց տառապանքը, հազարավոր երեխաները։ Հո միայն 2023թ․ եկած փախստականների մասին չէ՞ խոսքը․ բա նրանց հաջորդ սերունդնե՞րը։
  • Փաշինյանը հիմա բաց է խաղում։ Մենք գիտենք, չէ՞, այդ մարդը 15-20 տարի առաջ ինչ կարծիք է ունեցել Արցախի, այդ հակամարտության մասին։ Հիմա արդեն կարիք չկա կեղծել, ու նա ասում է այն, ինչ մտածում է։ Իր համար Արցախը հայրենիք չէ։
  • Ովքեր վերջին 7 տարին ապրել են Հայաստանում, գիտեն, որ ցանկացած ազգային բան, ազգայինի շուրջ կոնսոլիդացիա այս իշխանության կողմից տորպեդահարվելու է։ Դա նրանց համար արժեք չէ։ Կա իշխանական խումբ, որն ամեն գնով ուզում է իշխանությունը պահել։

Կարդացեք նաև

  • «Ինտելեկտուալ հիմարի» երևույթի առանձնահատկությունն այն է, որ իրենց թվում է՝ իրենք ինտելեկտուալ են, բայց արած ամեն քայլը հիմարություն է։ Սրանք սպառված են, ու նրանց յուրաքանչյուր քայլը հիմարություն է։
  • Գործող իշխանության համար խաղաղությունն այն է, որ հարևանի հետ կոնֆլիկտ չկա, զինվորները չեն զոհվում, ու դա լավ խաղաքարտ է 2026 թվականի ընտրությունների ժամանակ խաղարկելու համար։ Չէ՞ որ, երբ դու քաղաքականապես սպառված ես, դու պետք է կոնսոլիդացնես քո պոտենցիալը ձայներ ստանալու համար։ Իսկ թե ի՞նչ պատկերացում ունեն ադրբեջանցիները, մենք վաղուց գիտենք։ Նրանց համար խաղաղությունն այն է, որ եթե այս տարածքում ինչ-որ հայկական պետություն էլ պիտի լինի, այն պետք է լինի դրածո, ամորֆ, ձևական մարմին, որի հետ ցանկացած ժամանակ կարող ես անել այն, ինչ ուզես։ Դրա համար, ըստ նրանց, պետք է վերացնել Հայաստանի դիմադրության բոլոր օջախները, օրինակ՝ Հայ Առաքելական եկեղեցին… Մեր թշնամին լավ գիտի՝ ինչ կառույց է եկեղեցին. ցանցային կառույց, որը սփռված է ամբողջ աշխարհում ու ունի հայապահպան հզոր նշանակություն։ Հայաստանում չկա դիմադրություն ցույց տվող իշխանություն, մնացել են դիմադրության մի քանի օջախներ, որոնց հարցերն էլ կլուծեն այս իշխանությունների ձեռքով, ու վերջ։
  • Այս իշխանությունները հասկանում են՝ անընդհատ չես կարող շահարկել նախկինների թեման․ սպառվում է, հավերժ չէ։ Կամ չես կարող հավերժ խոսել կոռուպցիայի մասին, երբ քո թիմում էլ կոռուպցիան ծաղկում է։ Հիմա հասարակության վրա վաճառքի նոր թեմա կա՝ խաղաղություն։
  • Երբ չես զբաղվում հասարակության կրթությամբ, այն սկսում է պառակտվել. մի մասը սկսում է հավատալ աղանդավորներին, մյուս մասին ոչինչ չի հետաքրքրում… Այսօրվա կառավարող ուժը գիտի իր էլեկտորատը, գիտի՝ ինչպես պահել նրանց։ 
  • Մենք պետք է հավաքենք հասարակության պառակտված հատվածները։ Ուղղակի դիպլոմ ունեցողները չեն կարող համարվել կրթված։ Ես շատ մարդիկ գիտեմ, ովքեր դիպլոմ չունեն, բայց մի քանի անգամ ավելի հայրենասեր են։ Խնդիրը դիպլոմը չէ, այլ այն, որ դպրոցից սկսած՝ մարդկանց մեջ պետք է հայրենասիրություն սերմանել, որ Արցախը հայրենիք է, որ Արցախի հաղթանակը զուտ ֆիդայական շարժման արդյունք չի եղել։ Պետք է կրթել հասարակությանը։ Այլ ճանապարհ չկա։
  • Երբ հասարակության մեջ ազգային գաղափար չես ձևավորում, չես կոնսոլիդացնում այդ գաղափարի շուրջ, դու ունենում ես այն, ինչ ունենում ես՝ ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ կա գաղափարախոսական կորիզ՝ հայերը թշնամի են, և վերջ։ Մեր կորիզը ո՞րն է։ Երբ դու չես զբաղվում հասարակությունը կրթելով՝ զբաղվում են ուրիշները։ Քանի՞ հազար աշակերտ է գնացել Արցախ՝ ճամբար, էքսկուրսիաների․․․ Մատների վրա կարելի է հաշվել։ Քանի՞ ծրագիր է եղել Արցախի հետ կապված, տարե՞լ են, ցո՞ւյց են տվել։ Ո՛չ։ Հիմա նույնն էլ Սյունիքում է։ Դու պիտի ճանաչես քո հայրենիքը, որ այն սիրես։ Ո՞վ պիտի դա աներ. պետությո՛ւնը։ 

Այդքան ՀԿ-ներ են բացվեցին մեր աչքի առաջ, ինչ գաղափարներ ասես՝ տարածեցին։ Ո՞վ պիտի վերահսկեր։ Իշխանության քաղաքական հասունության ցուցիչն այն է, որ եթե պետք է, պետք է անես՝ անկախ այն բանից՝ դրսից կճնշե՞ն, թե՞ չեն ճնշի:

  • Քաղաքականությամբ «չզբաղվող» շատ-շատերն ուղղակի վախենում են․ վախենում են զրկվել ֆինանսական հոսքերից, բիզնեսից, դիրքից։
  • Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) կամաց-կամաց զրկվում է ինքնավարությունից։ Վերջին տարիներին բանը հասավ այնտեղ, որ ԳԱԱ-ն չէր կարող լրացնել սեփական թափուր տեղերը, որովհետև դրանք պետք է կառավարությունը հաստատեր։ ԳԱԱ նախագահության ու ինստիտուտների միջև կապը միայն այն էր, որ այդ ինստիտուտների ղեկավարներին հաստատում էր ԳԱԱ նախագահությունը։ Ես միշտ ասել եմ, որ սրա վերջը լինելու է այն, որ այդ ինստիտուտները ձեր ձեռքից տանելու են, ու այդպես էլ եղավ։ Ակադեմիան ցույց տվեց, որ ինքն ունակ չէ բարեփոխվելու։ Ես չեմ տեսել, որ Ակադեմիան ակտիվ քայլեր ձեռք անի իրավիճակը շտկելու համար։ Այս օրենքը թղթի վրա մի քանի տարվա կյանք ունի։ Բայց ի սկզբանե Ակադեմիայի ճակատագիրը որոշված էր։ Ես ասել եմ՝ Ակադեմիայի դեմ կայացվել է քաղաքական որոշում, ու դու չես կարող ապաքաղաքական կեցվածքով պահել այն։ 2020թ․պատերազմից հետո ԳԱԱ նախորդ նախագահությունը պահանջեց գործող իշխանության ղեկավարի հրաժարականը, ու դա չէր կարող մոռացության մատնվել։ Դրա համար էլ Ակադեմիայի վերաբերյալ կայացվեց քաղաքական որոշում։ 

Հիշեցնենք, 2025թ. սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովը քննարկեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի» նախագիծը, որը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց սեպտեմբերի 11-ին։

Այս նախագծով Գիտությունների ազգային ակադեմիան դառնալու է խորհրդատվական մարմին, այսինքն՝ ակադեմիայի կարգավիճակը նվազեցնում և դարձնում են հասարակական կազմակերպություն։

Նախագիծը խորհրդարան էր ներկայացրել Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունը, նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե՝ «ԳԱԱ-ն խորհրդատվական և փորձագիտական կարևոր նշանակություն կունենա»։ Հիշեցնենք նաև, որ դեռևս 2023-ի կեսերից ԿԳՄՍ նախարարությունը շրջանառության մեջ էր դրել այս նախագիծը, իսկ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի որոշմամբ ձևավորված աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում առանձնացվել էին բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման 6 ուղղություններ: Այս համատեքստում էլ որոշվել է փոխել ԳԱԱ ներկայիս կարգավիճակը։

  • Որոշները կարծում են՝ գիտությունը միայն համալսարանական կրթությունն է՝ մոռանալով, որ տասնյակ զարգացած պետություններ կան, որտեղ գիտությունը նաև հենց այս ինստիտուտներն են։
  • Մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի ռեկտորն ինչո՞ւ մի նախադասությամբ կարծիք չի հայտնում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ Հայաստանում կրթություն չկա։ Ինչո՞ւ չեն խոսում ԳԱԱ նախագահը, քարտուղարը։
  • Ակադեմիան ստեղծվել է ծանր ժամանակներում, գործել 80 տարի։ Միակ կառույցն է, որ անկախությունից ի վեր կարողացավ պահել իր մի 30-ից ավելի գիտահետազոտական ինստիտուտները, ու ինչո՞ւ հիմա իրենք չեն արտահայտվում, անհասկանալի է։ Միգուցե կո՞ղմ են, միգուցե «ազատվեցի՞ն կազմակերպչական հոգսից»։ Տարիքով մարդիկ են, ես դա հասկանում եմ, վաղուց պիտի գնային վաստակած հանգստի, բայց գոնե խոսեին, որևէ կարծիք արտահայտեին…

  • Վստահ եմ՝ երբ երկրում իշխանության փոփոխություն լինի, գան ազգային իշխանություններ, Ակադեմիան անպայման վերականգնվելու է, բայց այսօր լռողներն այդ Ակադեմիայում չեն լինելու, որովհետև գոնե չլռողներն այդ մասին հիշելու են ու իրենց հիշեցնելու են…
  • Հիշեք՝ ե՞րբ մեջտեղ եկավ «Ակադեմիական քաղաքի» գաղափարը. 2020թ․ արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Իշխանությանը պետք էին գործողություններ, որոնք իրենց կտան աննախադեպության շղարշ։ 
  • Մի զարմացեք, եթե այս իշխանությունները, Փաշինյանն ասում են՝ էս երկրում 30 տարի կրթություն չի եղել, և երբ երկրի ղեկավարը բարձրագույն կրթություն չունի, ուրեմն նորմալ է, որ ԱԺ հանձնաժողովի նախագահն էլ չունենա բարձրագույն կրթություն։
  • Այս իշխանության մեջ մնացել են այն մարդիկ, ովքեր կիսում են այդ արժեհամակարգը, ովքեր չէին կիսում, վաղուց դուրս են եկել, իսկ մնացողները խիստ կոնսոլիդացված են։
  • Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, ինչպե՞ս աշխատի հասարակության հետ: Եթե դու ունես լուրջ քաղաքական հավակնություններ, ապա պետք է առաջին հերթին ձևավորես սեփական օրակարգ, չլինես արձագանքողի, պատասխանողի, հետևողի դերում։ Պետք է այնպես անես, որ ինքը մտնի քո օրակարգի մեջ։ Հասարակությունը շերտավորված է։ Ամեն շերտն ունի իր խնդիրներն ու հետաքրքրությունները։ Գործող իշխանությունները հասարակության հետ իրենց օրակարգի շրջանակում լավ են աշխատում, իրենց խնդիրները լուծում են, որովհետև ցանկացած իշխանություն ունի ֆորա, առավելություն։ Ու սա հաշվի առնելով՝ դու պետք է քո օրակարգն ու ծրագիրը ձևավորես։ Ընտրություններին չի կարելի պատրաստվել 2-3 ամիս առաջ։
  • Գործող իշխանությունների թիվ մեկ խնդիրը լինելու է այն, որ մարդկանց համոզի, որ ընտրություններով հնարավոր չէ իշխանություն փոխել, որովհետև ինչքան մարդիկ քիչ գնան, մասնակցեն ընտրության, այնքան իրենց համար լավ։ Հետևաբար՝ ամեն կերպ այս իշխանությունը մեզ փորձելու է համոզել, որ ընտրությամբ իրեն հաղթել անհնար է, հետևաբար՝ իմաստ չունի մասնակցել ընտրության։ 
  • Ընդդիմությունը պետք է ամեն օր մարդկանց համոզի՝ գնալ ու մասնակցել ընտրությունների։ Պետք է հասնել նրան, որ մարդիկ իրենց չեզոքության զոնայից դուրս գան։ Արդյունքի հասնելու համար ընդդիմության դաշտում կոնսոլիդացիա է պետք, բայց, ցավոք, չկա այդ կոնսոլիդացիան։
  • Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանի նման երկրում, այսպիսի իրավիճակում ու այսպիսի հարևաններով, պետք է առաջնորդ, ով դիկտատորական նկրտումներ ունի։ Մենք տեսել են դեմոկրատիայի «առավելությունները»։
  • Ես վստահ եմ, որ «Կրթությունը նորաձև է» շարժման հետևում հետազոտություն կա, իրենք գիտեն՝ այդ գործիքի վերջնարդյունքը որն է։ Դա պարզապես ժամանցի ձև չէ։ Իրենք լավ գիտեն իրենց աուդիտորիան, ում հետ պատրաստվում են աշխատել։

  • Չպետք է պիտակավորել մարդկանց, դրանով կարող ես հասնել միայն նրան, որ նրանք դիստանցավորվեն քեզնից։ Ինչի՞ համար անել քայլեր, մեկ-երկու քայլ հետո դու պարտվում ես։
  • Հիմա շնչառական տարբեր վիրուսներ կան՝ գրիպի վիրուս, շնչառական ուղիների վիրուսներ, կորոնավիրուսի վերափոխված տարբերակներ։ Խնդիրն իմունիտետի մեջ չէ․ տարբեր վիրուսներ կան։ Հիմա կարող ես գրիպով հիվանդանալ, մի ամիս հետո՝ կորոնավիրուսով։ Ընդ որում, սիմպտոմները շատ նման են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս