ՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ԳԻԾ ՔԱՇԵԼ, ԳՐԵԼ, ՈՐ ՆՐԱ ՀԵՏ ԱՊԱԳԱՆ ԱՆՀՆԱՐ Է, ՈՒ ՍԿՍԵԼ ԱՇԽԱՏԵԼ. ԱՐՄԵՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Արմեն Մինասյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Արտահերթ ԱԺ ընտրությունների հնարավորությունները կային, հիմա մի քիչ նվազել է․ կարծում եմ՝ Մոլդովայի ընտրությունները որոշակիորեն ազդեցին Հայաստանի իշխանությունների այդ որոշման վրա։ Բայց եթե այսօրվա իշխանությունը ռիսկեր տեսնի, որ կարող է չվերարտադրվել 2026թ. հերթական ընտրություններով, կգնա արտահերթի ու կլուծի իր վերարտադրվելու խնդիրը։
  • Ոչ ոք չի կարող ասել, որ ընտրություններից 40 օր առաջ Ալիևի հետ մի հատ էլ թուղթ չի ստորագրվի՝ կենդանություն տալով դատարկ նախաստորագրմանը, բայց Նիկոլ Փաշինյանը հո գիտի՞, որ միայն դրանով չի գնալու ընտրության։ Նա կրկին գեներացնելու է ատելություն բոլոր նախկինների դեմ՝ սկսած Տիգրան Մեծից՝ մինչև Վահագն Խաչատուրյան, մեղավորներ կփնտրի իր ձախողումներում ու այդպես կփորձի հերթական անգամ մոլորեցնել հանրությանը…

Կարդացեք նաև

  • Հայաստանում մարդիկ իսկապես մտահոգ են անվտանգային խնդիրներով, համարում են՝ Նիկոլ Փաշինյանը խիստ վտանգավոր է մեր առջև դրված այդ խնդիրները լուծելու համար, բայց մարդիկ չեն տեսնում առաջարկված այլընտրանք։ Նիկոլ Փաշինյանը քաղաքական շուկայում վաճառում է խաղաղություն, որի տակ բան չկա, բայց ինչ-որ բան վաճառում է, իսկ այլընտրանք-առաջարկը հակաիշխանական ուժերի կողմից դեռ չկա։
  • Մեր երկիրն այնպիսի վիճակի են հասցրել, որ Հայաստանն այսօր դիմադրելու ունակություն չունի։ Նիկոլ Փաշինյանը բոլորին, աշխարհաքաղաքական կենտրոններին ասում է՝ հա։ Մի շաբաթվա ընթացքում եղել է Մոսկվայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում և ամեն տեղ ասել է՝ հա։ Մեր երկիրն այսօր սուբյեկտայնություն չունի։
  • Մոլդովան՝ ընտրությունները, ցույց տվեց, որ հետխորհրդային երկրները բավականին ներքին խորը պառակտում ունեն՝ տարբեր հիմքերով։ Մոլդովան նաև ցույց տվեց, որ երբ երկիրդ չի ունենում սեփական օրակարգ, դրսից այդ օրակարգը թելադրվում է։ Մոլդովայում գործող իշխանության դեմ փորձ էին անում պայքարելու նախկին նախագահները՝ չնայած իրենց միջև եղած տարաձայնություններին։ 

Մոլդովայի հետ տարբերությունն այն է, որ Հայաստանն ամեն դեպքում Ռուսաստան-Արևմուտք տարաձայնության մեջ առաջնագիծ չէ։ Մոլդովայի ընտրություններում որոշիչ ձայն ունեցան մոլդովական սփյուռքի ձայները: Իսկ հայկական սփյուռք և մոլդովական սփյուռք ասածը տարբեր բաներ են։ Բացի մոլդովականից, Մոլդովայում շատերն ունեն ռումինական անձնագրեր, որոնք նրանց թույլ են տալիս Շենգեն գոտում ապրելու և աշխատելու։ Դա բավականին մոբիլ զանգված է։ Երբ պետք է, գալիս են Մոլդովա, քվեարկում, հետ են գնում։ Սրան գումարվում է  նաև այն, որ Մոլդովայում իրավական ընթացակարգերի միջոցով պայքարից հանեցին քաղաքական ուժերի, Գագաուզիայի ղեկավարին ձերբակալեցին։ Եվ, ամենակարևորը, ֆիքսվեց, որ վերջին 30 տարիներին ժողովրդավարական արժեքների համար կուրծք ծեծողները, երբ պահը գալիս է, մոռանում են այդ նույն արժեքների մասին։

Հիշեցնենք, որ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը հաղթել է կայացած խորհրդարանական ընտրություններում՝ ռուսամետ «Հայրենասիրական դաշինքից» երկու անգամ շատ ձայն հավաքելով։

Ընտրություններին 16 միլիոն մարդ է մասնակցել, Սանդուի կուսակցությունը 50 տոկոս ձայն է հավաքել՝ խորհրդարանում դարձյալ մեծամասնություն կազմելով։ Գլխավոր մրցակից «Հայրենասիրական դաշինքը» 25 տոկոսի շեմը չի անցել։ Նշենք, որ երկրում բողոքի ցույցեր են՝ ընդդեմ կեղծված ընտրությունների, ընդդիմությունը չի ընդունում արդյունքները:

Քվեարկության նախաշեմին Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովն արգելեց ընդդիմադիր երկու կուսակցությունների մասնակցությունը։

Նախկին նախագահ Դոդոնը պնդում է՝ հենց երկրի ներսում ընդդիմությունն ավելի շատ ձայն է հավաքել, Սանդուի կուսակցությունը մեծամասնություն է ապահովել միայն սփյուռքի հաշվին։ Մոլդովայում ընտրելու հնարավորություն ունեն նաև այլ երկրում բնակվող քաղաքացիները։

Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ-ում ապրող հարյուր-հազարավոր մոլդովացիները քվեարկությանը մասնակցելու հնարավորություն չեն ունեցել. ամբողջ երկրում ընդամենը երկու ընտրատեղամաս է գործել։ Մինչ ընդդիմությունը բողոքում է, եվրոպական առաջնորդները եվրաինտեգրման ճանապարհին Մոլդովային աջակցելու մասին են հայտարարում։ «Եվրոպա։ Ժողովրդավարություն։ Ազատություն»,- գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

  • Նիկոլ Փաշինյանն ամեն ինչի գնալու է։ Եթե նախկիններով վախեցնելու իր մշտական գործիքը չաշխատի, մարդկանց վախեցնելու է պատերազմով, եթե դա էլ չաշխատի, պարտք է վերցնելու, որ հոսանքի գինն իջեցնի, ձայներ կորզի: Եվ երբ մարդիկ ասեն՝ էդ պարտքը մենք ենք փակելու, ինչո՞վ ես դա անում, նոր պարտք ես կուտակում՝ երկրի, քաղաքացու ուսերին դնելով, ասելու է՝ չեք ուզում, որ մարդիկ լավ ապրեն…
  • Երեկ «Վիզ Էյր» (Wizz Air) ավիաընկերության բազան բացեցին․ բայց շատերը չգիտեն, որ ազգովի վճարում ենք դրա համար, որպեսզի մի 10 000 հոգի գնա Հռոմ, սուրճ խմի, հետ գա… 

Նույն վիճակն է բոլոր ոլորտներում։ Հայաստանն աշխարհի ամենաանարդար պետությունն է, բայց մարդկանց դա հետաքրքիր չէ, որովհետև փռած ասֆալտ են տեսնում…  Որևէ մեկն այս պետության հեռանկարի հետ հույս չի կապում․ էսօր կա՝ կօգտվեն, չկա՝ կարտագաղթեն։

  • Ցանկացած պետություն պայմանագիր է քաղաքացիների միջև։ Մենք ի մի պիտի բերենք՝ ինչի շուրջ ենք պայմանավորվում։ Ուզո՞ւմ ենք մեր պապերի երկրում լավ ապրել, թե՞ ուզում ենք այն, ինչ մեզ առաջարկվում է՝ ապրել լափելու համար։

Իսկ քաղաքական դաշտում կա՞ ողջամիտ առաջարկ այն մասին, որ՝ այո՛, եկե՛ք ապրենք անվտանգ, բարեկեցիկ ու այնպիսի երկրում, որտեղ հանրային ռեսուրսները նորմալ կբաշխվեն։ 

  • Ինչի՞ պիտի սահմանապահ գյուղի բնակիչը հոսանքի համար վճարի նույն գինը, ինչ Երևանի կենտրոնում։ Ինչո՞ւ պիտի բարձրադիր գոտում ապրողը գազի համար վճարի այնքան, ինչքան Երևանի ցածրադիր գոտում ապրողը, երբ ինքն ավելի շատ է գազ սպառում՝ բնական պայմաններից ելնելով։ 
  • Պետք է մոռանալ Նիկոլ Փաշինյանին, պետք է գիծ քաշել, գրել, որ Նիկոլ Փաշինյանի հետ ապագան անհնար է, ու սկսել աշխատել։
  • Նույն կեղծիքը զինվորական ծառայության հարցում է. Զինծառայողները, որ գնում են բանակ, ինչ-որ ֆունկցիա են իրականացնում։ Երբ դու, իշխանությո՛ւն, 6 ամսով կրճատում ես ծառայության ժամկետը, էդ ֆունկցիան խաթարվում է։ Ինչո՞վ են լցնելու… Եռամսյա զորահավաքներո՛վ։ Այսինքն՝ այն կնոջ ամուսինը, ում որդին քո ականջահաճո որոշման արդյունքում պետք է 1.6 տարի ծառայի, նրա ամուսինը անդադար գնալու է եռամսյա հավաքների։ Էդ ընթացքում չի աշխատելու, գումար չի վաստակելու, վարկերը չի կարողանալու փակել… Սա պետք է բացատրել մարդկանց: Բացի այն, որ երկրի անվտանգությունն ապահովող բանակն է կազմաքանդում, նաև խնդիրներ է առաջացնում մարդկանց, ընտանիքների համար:

Նախկին 30 տարում, այդ թվում՝ բանակում, մենք ունեցել ենք շատ թերացումներ, հատկապես վերջին 7 տարում խայտառակ թերացումներ են։ Հասարակությանը պետք է ասվի՝ ուզո՞ւմ եք անվտանգ ապրենք, պետք է բոլորը ծառայեն, առանց բացառության։ Առողջական խնդիրներ ունեցողների համար էլ պետք է լուծումներ գտնվեն։ Կոմպյուտերանոցում խաղ խաղացող երիտասարդը, եթե խնդիր ունի, թող գնա դրոն քշել սովորի, պետքական գործով զբաղվի։

  • Մոլդովայի ընտրություններից մեր դասը՝ չպետք է ապավինել դրսին։ Որովհետև ինչքան էլ նախապատվությունը մենք փորձենք տալ Ռուսաստանին կամ չտանք Ռուսաստանին, նրա փափուկ ուժը չի աշխատում, արդյունք չի տալիս։ Արևմուտքն այստեղ ահռելի փափուկ ուժ ունի՝ հասարակական կազմակերպություններ, տարբեր նախագծեր, լրատվամիջոցներ, կազմակերպություններ… Հետևաբար՝ պետք է ապավինել սեփական ուժերին։
  • Հակաիշխանական ուժերի կոնսոլիդացիան պետք է լինի ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ շուրջ, և եթե այդ միավորումը՝ կոնսոլիդացիան, ուժեղ լինի, ցանկացած դրսի ակտոր հաշվի է նստելու դրա հետ։ Բոլոր նախկին իշխանությունները քիչ թե շատ հաջողությամբ լուծել են իրենց առջև դրված խնդիրները և իրենց անունը գրել են պատմության մեջ, բայց ապագայի հետ կապված պլաններ չպետք է լինեն, որովհետև նաև Մոլդովայի փորձը ցույց տվեց, որ հետխորհրդային բոլոր երկրներում անխտիր հասարակությունը չի վստահում նախկին իշխանություններին։ Նախկին իշխանությունները հասարակության համար ընկալելի չեն, և ես չեմ խոսում օբյեկտիվ իրականության մասին․ դա ուղղակի հասարակության ընկալումն է։ Նախկին իշխանությունները պետք է իրենց փորձը փոխանցեն, ու դրա համար տարբեր եղանակներ կան։
  • Մենք 7-8 արտգործնախարար ենք ունեցել․ նրանցից ոչ ոք պրոֆիլային բուհում պրոֆիլային առարկաներ չի դասավանդում։ Անհասկանալի է՝ էդ մարդիկ, ուսանողները փորձ որտեղի՞ց պիտի կուտակեն։ Դրա համար 2018թ․ իշխանության եկածները հանգիստ ասացին՝ մենք սկսում ենք մեր զրոյական կետից, ու տարան… ավտոն խփեցին պատին։
  • Բոլոր օրինական իրավական գործիքները պետք է օգտագործել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար՝ սկսած վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացից՝ իմպիչմենտից։ Ես իսկապես ուրախ եմ, որ «Հայաստան» խմբակցությունը միացավ, ու իսկապես չեմ հասկանում 4 ամիս չմիանալու պատճառը. բայց միացել են, լավ է, հիմա պետք է աշխատել միասին։
  • Հասարակության հետ ազնիվ չենք, որովհետև բոլորին ասում են՝ մեր խնդիրն իշխանափոխությունն է, բայց մարդիկ տեսնում են, որ այդքան էլ այդպես չէ խնդիրը ոչ թե իշխանափոխությունն է, այլ իշխանության գալը։ Նիկոլ Փաշինյանը խաբում է, որ խաղաղություն է լինելու, դուք էլ խաբում եք, որ իշխանափոխություն եք ուզում։ 
  • ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության իմպիչմենտի ծրագիրն ինձ համար հասկանալի է այնքանով, որ հստակ ուրվագծված է անցումային կառավարության ֆունկցիան, ամենակարևորը՝ հանրային համերաշխության վերականգնումը։

  • Երբ ասում են՝ մենք տվեցինք ստորագրություններ, դե գնացեք, արեք, ես այդտեղ պրոբլեմ ունեմ․ հարց եմ տալիս՝ իսկ ո՞վ պետք է անի, բոլորդ միասին պետք է անեք։
  • Հասարակությունն իշխանությանը և խորհրդարանական ընդդիմությանը պետք է պատասխան տա քվեով։ Երբ դու չես արել այն, ինչի համար ընտրվել ես, կամ ձախողել ես անելիքդ, ցիկլի ավարտին պետք է հաշվետու լինես։ Դա պետք է արտահայտվի ընտրության արդյունքներով. հասարակությունը պետք է ձայն չտա այն ուժերին, ովքեր ձախողել են։
  • Միայն հզոր բանակն է խաղաղություն երաշխավորում։ Որպեսզի հզոր բանակ ունենաս, դու պետք է ծառայես 2 տարի ու բավարար միջոցներ հատկացնես բանակի զարգացմանը, հակառակ դեպքում կծառայես Ադրբեջանի բանակում ու երջանիկ չես լինի։ Սա պետք է բացատրվի մեր հասարակությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս