Քննչական համակարգի բարեփոխումները մենք ավարտել ենք. Փաշինյանը ներկա է եղել Քննչական կոմիտեի Կոլեգիայի հանդիսավոր նիստին

Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի 11-ամյակի և Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի հանդիսավոր նիստ, որին մասնակցել են Նիկոլ Փաշինյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, Կոլեգիայի անդամները, քննչական ստորաբաժանումների ղեկավարները, քննիչները և այլք.  հայտնում են Քննչական կոմիտեից և մանրամասնում.

Արթուր Պողոսյանը, շնորհավորելով Քննչական կոմիտեի ծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ, նշել է.

«Մեծարգո՛ պարոն Վարչապետ,

Ուրախ եմ ողջունել Ձեզ և շնորհավորել բոլորիս Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման 11-ամյակի և Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ։

Այս օրը ևս մեկ առիթ է վերագնահատելու այն դերը և նշանակությունը, որն ունի Քննչական կոմիտեն, որպես իրավապահ մարմին, երկրում քրեական արդարադատության, օրենքի գերակայության, ներքին իրավական անվտանգության ամրապնդման, հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև Քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված՝ ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպման և իրականացման գործում։

Նախ թույլ տվեք տոնական այս օրվա կապակցությամբ անդրադառնալ Քննչական կոմիտեի՝ միայն այս տարվա 9 ամիսների ընթացքում կատարած աշխատանքին և ձեռքբերումներին, ինչպես նաև նախանշել առաջիկա մեր անելիքներն ու առաջնահերթությունները։

Քննչական կոմիտեն որպես ամենամեծ նախաքննական մարմին իրեն վերապահված գործառույթների շրջանակում ապահովել է օրենքի գերակայության և անշեղ կատարման օրենսդրական պահանջը, ինչի վկայությունն է այն, որ կարճ ժամանակահատվածում բազմաթիվ հանրային հնչեղություն ստացած քրեական վարույթներ, որոնք քննվել են տարիներ շարունակ, արդեն իսկ հասցվել են իրենց տրամաբանական ավարտին և ներկայում այդ վարույթներով ընթանում են դատաքննություններ։

2025 թվականի 9 ամիսների ընթացքում Կոմիտեն ահռելի աշխատանք է կատարել քրեական վարույթների արդյունավետությունը բարձրացնելու, նախաքննության ժամկետները կրճատելու, տուժողների խախտված իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու, պետությանը կամ համայնքին պատճառված վնասը վերականգնելու և քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը կենսագործելու ուղղությամբ։

Այդ նպատակին հասնելու համար առաջին հերթին իրականացվել են զգալի կադրային բարեփոխումներ՝ նշանակումներ, ազատումներ կամ փոխատեղումներ։ Միայն այս տարվա 9 ամիսների ընթացքում ազատվել Է շուրջ 127 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, Քննչական կոմիտեն համալրվել է բանիմաց, մասնագիտական բարձր հատկանիշներ ունեցող բարեվարք կադրերով, որոնց շնորհիվ հնարավոր եղավ առաջին հերթին գրանցել էական արդյունքներ։ Միայն ղեկավար կազմի մասով կարող եմ նշել, որ իմ նշանակումից ի վեր՝ նշանակվել են Քննչական կոմիտեի նախագահի 3 տեղակալներ, 4 գլխավոր վարչության պետեր, ինչպես նաև գլխավոր խմբում ներառվող 67 պաշտոնատար անձինք։ Ընդ որում, նշանակումները կատարվել են հաշվի առնելով առաջին հերթին տվյալ պաշտոնատար անձի մասնագիտական և բարոյական հատկանիշները, բարեվարք լինելը և, իհարկե, պետությանը ծառայելու կամքը։

Հաջորդիվ շարունակվել են ինքնավար պաշտոնների համալրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Կարճ ժամանակահատվածում հայտարարվել են 5 մրցույթներ, որոնց մասնակցելու դիմում է ներկայացրել 402 անձ։ Մրցույթի փուլը հաղթահարած շուրջ 104 անձինք արդեն իսկ նշանակվել են քննիչի պաշտոնում։

Այնուհետև, իրականացվել են կենտրոնական ապարատներում և հատկապես՝ գլխավոր վարչություններում թափուր հաստիքների համալրման աշխատանքներ, որոնց արդյունքում մարզային ստորաբաժանումներում կամ բաժիններում առավել բանիմաց և փորձառու քննիչները տեղափոխվել են կենտրոնական ստորաբաժանումներ։

Աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելն առաջին հերթին պահանջում էր ինստիտուցիոնալ մոտեցում, ինչն անհրաժեշտ էր կարգավորել ներքին իրավական ակտերի միջոցով։ Այդ կապակցությամբ կազմակերպվել են անհրաժեշտ քննարկումներ, հրավիրվել է Կոլեգիայի նիստ, վերլուծության են ենթարկվել քրեական վարույթների ձգձգման պատճառները, վեր հանվել բացթողումները, մշակվել են հստակ մեխանիզմներ և կատարելագործվել առկա կարգավորումները՝ քրեական վարույթների ձգձգումները բացառելու և նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Քննարկումների արդյունքում իմ կողմից արձակվել և գործողության մեջ են դրվել թվով 68 հրամաններ, հանձնարարականներ, որոնք միտված են քրեական վարույթների արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև վերահսկողական մեխանիզմների կատարելագործմանը։

Մասնավորապես՝ Քննչական կոմիտեի նախագահի թիվ 77-Լ հրամանով փոփոխություն է կատարվել Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց գնահատման, պարգևատրման չափորոշիչներ հաստատելու մասին հրամանում, որով քննիչների աշխատանքների գնահատման կարգում որպես առաջնահերթություն սահմանվել են դատավարական ավարտների տեսքով ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների, ինչպես նաև կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթները։

Բացի այդ, 2024 թվականի դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած Կոլեգիայի նիստի ժամանակ սահմանվել են հստակ չափորոշիչներ և ժամկետներ՝ ըստ ծանրության աստիճանի քրեական վարույթներով տրվող հանձնարարականների և պատասխանատու անձանց շրջանակի վերաբերյալ, որով քրեադատավարական անմիջական վերադասները պարտադիր կերպով գրավոր հանձնարարականներ են տալիս քննիչին՝ կատարելու այս կամ այն վարութային և ապացուցողական գործողությունը, սահմանելով այն կատարելու հստակ ժամկետներ, իսկ ժամկետի ավարտից հետո սահմանվել են հանձնարարականի պահանջը երկարաձգելու կամ չերկարաձգելու անհրաժեշտ կառուցակարգեր։

Մյուս կարևոր ներքին իրավական ակտը կայացվել է 2025 թվականի ապրիլի 11-ին թիվ 106-Ա հանձնարարականի միջոցով, որը վերաբերվում է քննիչների ամենօրյա կատարած աշխատանքների վերաբերյալ շաբաթական հաշվետվության ներկայացմանը և ամենօրյա տեղեկանքների կազմմանը, որտեղ արտացոլվում է, թե օրվա ընթացքում կոնկրետ քրեական վարույթով ինչ քննչական կամ վարութային գործողություն է կատարել քննիչը և որքան տևողությամբ, ինչը հնարավորություն է տալիս վերլուծության ենթարկելու քննիչի աշխատանքային ծանրաբեռնվածությունը և զբաղվածությունը։ Այդ տեղեկանքները շաբաթական կտրվածքով ներկայացվում են անմիջական վերադասներին, որոնք հետագայում ամփոփվում են Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում։

Հաջորդ կարևոր փոփոխությունը վերաբերվում է փորձաքննության նշանակման հիմքով քրեական վարույթները չպասիվացնելու և անհիմն պասիվացված վարույթները կրկին որպես ակտիվ հաշվառելու հանձնարարականին, որի շնորհիվ միայն Երևան քաղաքում վեր են հանվել և ակտիվ նախաքննության դաշտ տեղափոխվել շուրջ 6118 քրեական վարույթներ։ Ընդ որում, այդ քրեական վարույթների մեջ առկա են այնպիսի վարույթներ, որոնցով ի սկզբանե հայտնի են եղել որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձինք կամ բացակայել է փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունը։

Վերը հիշատակված աշխատանքները և փոփոխությունները կարճ ժամանակահատվածում տվել են զգալի և շոշափելի արդյունքներ, որոնց շնորհիվ միայն այս տարվա 9 ամիսների ընթացքում զգալիորեն ավելացել են դատավարական ավարտների տեսքով ավարտված քրեական վարույթների, որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը, պետությանը կամ համայնքին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման չափը, նվազել է տևական ժամանակ քննվող քրեական վարույթների քանակը։

Այդ կապակցությամբ ցանկանում եմ մեջբերել մի քանի վիճակագրական տվյալներ, որոնք, անշուշտ, վկայությունն են կատարված ահռելի աշխատանքի և ձեռքբերումների։ Մասնավորապես՝ միայն այս տարվա 9 ամիսների ընթացքում քննված 73.707 քրեական վարույթից լուծվել է 48.997-ի ընթացքը՝ նախորդ տարվա 47.764-ի դիմաց, այսինքն՝ աճել է 1.233-ով կամ 2.5%-ով։ Նույն ժամանակահատվածում 9.625 քրեական վարույթ` 10.335 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ և եզրափակիչ ակտով ուղարկվել է դատարան (2024 թվականին՝ 8.178 քրեական վարույթ` 9.218 անձի վերաբերյալ): Այլ խոսքով՝ միայն այս տարվա 9 ամիսների ընթացքում դատարան ուղարկված վարույթների քանակն աճել է 1.447-ով կամ 17.6%-ով, իսկ անձերի քանակն աճել է 1.117-ով կամ 12.1%-ով: Բացի այդ, 19.814 քրեական վարույթ կարճվել է (2024 թվականին՝ 18.955), այսինքն` աճել է 859 վարույթով կամ 4.5%-ով:

Ներկայացվել է քրեական հետապնդում հարուցելու 9.031 միջնորդություն, որից 8.821-ը բավարարվել է, իսկ 210-ը՝ մերժվել (2024 թվականին՝ 8.311 միջնորդություն, որից՝ 8.163-ը բավարարվել է, 148-ը՝ մերժվել), այսինքն` ներկայացված միջնորդությունների քանակն աճել է 720-ով կամ 8.6%-ով։

Անդրադառնալով պետությանը կամ համայնքին, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ նշեմ, որ 2025 թվականի 9 ամիսների ընթացքում և՛ ավարտված, և՛ ընթացիկ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է աննախադեպ գումար, որը կազմում է 40 մլրդ 78 մլն 425 հզր ՀՀ դրամ (2024 թվականին՝ 34 մլրդ 447 մլն 720 հզր ՀՀ դրամ), այսինքն աճել է 5 մլրդ 630 մլն 705 հզր-ով կամ 16.3%-ով:

Բացի այդ, Քննչական կոմիտեում քննված մի շարք քրեական վարույթներով ձեռնարկված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում 2025 թվականի ընթացքում պետությանն են վերադարձվել կամ այդ գործընթացում են գտնվում առերևույթ հանցագործության արդյունքում ձեռք բերված մի շարք պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքեր։

Մասնավորապես.   Տավուշի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթով Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի 34 հասցեում գտնվող մանկապարտեզի մասնաշենքը (կադաստրի մոտարկված արժեքը՝ 85 մլն 935 հզր 902 ՀՀ դրամ) վերադարձվել է պետությանը:

Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթով 2024 թվականի օգոստոսի 21-ին 6․5 հա մակերեսով մարզադաշտի տարածքն արդեն իսկ վերադարձվել է պետությանը: Նույն վարույթի շրջանակներում պետությանն է վերադարձվել նաև 1980.55 քմ ընդհանուր մակերեսով և 14 մլն 121 հզր 990 ՀՀ դրամ արժողության մարզադաշտի տրիբունան՝ շենք-շինությունները:

Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթներով թվով 2 հողամասերի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցադիմումներ են ներկայացվել ՀՀ վարչական դատարան:

Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով պետությանն է վերադարձվել 40 հա հողատարածք, որից 35 հա հողատարածքը վարձակալության հանձնված, իսկ 5 հա հողատարածքը՝ սեփականաշնորհված, որի մոտարկված արժեքը կազմել է 22 մլն ՀՀ դրամ: Նույն քրեական վարույթով վերականգնվել է նաև պետությանը պատճառված 2 մլն 100 հզր ՀՀ դրամ գումարը:

Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով մեղադրյալը պատրաստակամություն է հայտնել իր կողմից կատարված առերևույթ հանցագործության արդյունքում ձեռք բերված և որդու անվամբ հաշվառված Սյունիքի մարզի Գորիս քաղաքում գտնվող 234․3 քմ մակերեսով՝ շուկայական արժեքին մոտարկված 18 մլն 487 հզր 707 ՀՀ դրամ կադաստրային արժեքով անշարժ գույքը վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը:

Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթով ՀՀ գանձապետական միասնական հաշվին վճարվել է 425 մլն 26 հզր 620 ՀՀ դրամ՝ որպես պետությանը պատճառված վնաս, ինչպես նաև «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի կողմից պետության հետ կնքվել է 1 մլրդ 639 մլն 650 հզր ՀՀ դրամ արժողության անշարժ գույքեր վերադարձնելու վերաբերյալ հաշտության համաձայնագիր:

Մեծարգո Վարչապետ, չեմ ցանկանում ելույթս ծանրաբեռնել այլ վիճակագրական ու թվային տվյալներ ներկայացնելով, սակայն նշեմ, որ գրեթե բոլոր ցուցանիշներով Քննչական կոմիտեն այս տարի գրանցել է դրական արդյունքներ:

Մի քանի խոսք ցանկանում եմ հայտնել նաև նախկին տարիներին կատարված և հանրային հնչեղություն ստացած քրեական վարույթներով կատարված աշխատանքների և այդ ուղղությամբ առկա ձեռքբերումների վերաբերյալ։ Իմ հանձնարարականով ուսումնասիրվել են դեռևս 1998 թվականին մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կատարված սպանության վերաբերյալ քրեական վարույթները, վեր են հանվել և վերլուծության է ենթարկվել այդ քրեական վարույթներով առկա ապացուցողական զանգվածը, կազմվել և մշակվել է քննչական և վարութային գործողությունների կատարման պլան, առաջ են քաշվել և ստուգվել մի շարք վարկածներ՝ նպատակ հետապնդելով բացահայտելու նախկին տարիներին կատարված սպանության դեպքերը, որոնց հանգուցալուծմանը հանրությունը սպասել է տարիներ շարունակ։

Ընդ որում, հանցագործությունների ամբողջական բացահայտման գործընթացում՝ ժամանակային ահռելի խզման պատճառով, ունեցել ենք զգալի դժվարություններ մի դեպքում՝ գործով դատավարության մասնակիցների մահվան կամ երկրից բացակայելու, մյուս դեպքում՝ վկաները երկարատև ժամանակ անցնելու պատճառով չէին կարողանում նկարագրել դեպքերն ու իրադարձությունները այն հստակությամբ, որոնք նկարագրել էին դեպքից անմիջապես հետո։ Նույնիսկ որոշ դեպքերում մենք գործ ենք ունեցել դատավարական փաստաթղթերի անհետացման կամ ոչնչացման հետ։

Սակայն, չնայած առկա դատավարական դժվարություններին, հնարավոր եղավ հասնել առաջին քրեական վարույթով հանցագործություն կատարած անձանց բացահայտմանը, մասնավորապես՝ բացահայտվել է ՀՀ ՊՆ փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը կատարած անձանց շրջանակը և այն կատարող անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Ներկայում մեկ անձ կալանավորված է, իսկ մյուսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Մեծարգո պարոն Վարչապետ, հավաստիացնում եմ, որ նախկին տարիներին տեղի ունեցած հանրային հնչեղություն ստացած սպանությունների բացահայտման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են և այդ քրեական վարույթներով համակողմանի և օբյեկտիվ նախաքննություն կատարելը Քննչական կոմիտեի առաջնահերթություններից է: Ներկայում Քննչական կոմիտեում ակտիվացվել են այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները և շուտով մեր հանրությունն ականատես կլինի հերթական հանրային հնչեղություն ստացած մեկ այլ քրեական վարույթով հանցանք կատարած անձանց բացահայտմանը։ Նպատակը մեկն է, որպեսզի հանրությունը վստահ և համոզված լինի, որ անկախ ժամանակագրությունից կամ դեպքերի ու իրադարձությունների ընթացքից քրեական պատասխանատվությունն անխուսափելիորեն վրա է հասնելու և յուրաքանչյուր ոք վաղ թե ուշ կանգնելու է քրեական արդարադատության առջև և պատասխանատվություն է կրելու օրենքով սահմանված կարգով։

Ցանկանում եմ իմ շնորհակալությունը և երախտիքի խոսքն ասել իրավապահ կառույցի մեր գործընկերներին, ովքեր քրեական վարույթի ողջ ընթացքում իրենց ամենօրյա աշխատանքով ոչ միայն օժանդակել են նախաքննությանը, այլև բազմաթիվ դեպքերում արել են անհնարինը՝ քրեական վարույթով իր տեսակով եզակի ապացուցողական նշանակություն ունեցող փաստական տվյալներ ձեռք բերելու հարցում քննիչին տեղեկատվություն տրամադրելու, քրեադատավարական ողջ պրոցեսի ընթացքում քննիչի կողքին կանգնելու հարցում, հետևաբար՝ վերը հիշատակված դրական արդյունքներին հնարավոր չէր հասնել առանց իրավապահ կառույցների միջև սերտ համագործակցության ու փոխգործակցության, սկսած օպերատիվ գործունեություն իրականացնող բոլոր մարմիններից՝ ԱԱԾ, ՆԳՆ, ՊԵԿ օպերատիվ հետախուզության գլխավոր վարչություն, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմում գործող օպերատիվ ստորաբաժանում և, իհարկե, ՀՀ դատախազություն։

Մեծարգո Վարչապետ, հատուկ ցանկանում եմ ընդգծել ՀՀ կառավարության և անձամբ Ձեր անձնական ջանքերը՝ Քննչական կոմիտեի ծառայողների սոցիալական երաշխիքների բարձրացման, ինչպես նաև Կոմիտեի բնականոն գործունեության համար առկա կարիքներին մեծ հոգատարությամբ վերաբերվելու համար, որի շնորհիվ քննիչի պաշտոնն այսօր դարձել է առավել գրավիչ և պատվաբեր։ Դրա շնորհիվ հնարավոր է դարձել շարունակել կադրային բարեփոխումները, կատարելագործել առկա հնարավորությունները և զարգացնել առկա տեխնիկական հագեցվածությունը՝ պահպանելով համակարգի շարունակական զարգացումը և ժամանակի պահանջներին համահունչ կատարելագործելու հանցավորության դեմ պայքարում առկա հնարավորություններն ու մեթոդները, ինչի կապակցությամբ հայտնում եմ իմ շնորհակալությունը։

Ամփոփելով խոսքս՝ ևս մեկ անգամ շնորհավորում եմ իմ գործընկերներին, ովքեր կանգնած են հանցավորության դեմ պայքարի խրամատում, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի մեր հանրությունը վստահ լինի, որ անշեղորեն գործելու է օրենքի առջև հավասարության և պատժի անխուսափելիության սկզբունքը, ովքեր իրենց աշխատանքին մոտենում են որպես առաքելություն, վստահ եմ, որ ձեր ամենօրյա աշխատանքով արդարացնելու եք հանրային ակնկալիքներն ու սպասումները, քանզի հենց դա է մեր բոլորի հիմնական առաքելությունն ու նպատակը: Համոզված եմ, որ համատեղ ուժերով չեզոքացնելու ենք անարդարությունը, հովանավորչությունը և պետության իրավական անվտանգությունը խաթարող ցանկացած այլ հանցավոր դրսևորումները և միայն այդ կերպ է հնարավոր հասնել արդարության և արդարադատության զգացողություն ունենալու մեր հանրության ունեցած բաղձալի նպատակին։

Շնորհակալություն»։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին և բոլոր ծառայողներին՝ մասնագիտական օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել բոլորին կատարած աշխատանքի համար:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Քննչական կոմիտեում, ինչպես նաև բոլոր մնացած ոլորտներում առկա է մեթոդաբանական խնդիր, այն է՝ հասնել իդեալական վիճակի: Ըստ նրա՝ այս մեթոդաբանության մեջ որոշ բաներ պետք է փոխվեն, քանի որ այդ իդեալի ձգտման ճանապարհին մեծ է հիասթափության և հուսահատության հավանականությունը:

«Մենք պետք է բալանսավորենք, հասկանանք, որ, այնուամենայնիվ, ինչքան էլ իդեալի ձգտենք, նախ պետք է հասկանանք, որ չենք հասնելու դրան: Մեզ պետք է աշխատել հստակ, կանոնակարգված և արդյունավետության բարձրացման՝ շարունակական արդյունավետության բարձրացման վրա։ Ինձ թվում է՝ իդեալը կամ իդեալի պատկերացումը դա է, որ մենք ամեն հաջորդ փուլի պետք է արձանագրենք, որ ավելի արդյունավետ ենք աշխատում, ավելի արդյունավետ ենք հանցագործությունները բացահայտում, ավելի արդյունավետ ենք կանխում և նախականխում հանցագործությունները»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն արդյունավետ աշխատանքի առումով կարևորել է պրոֆեսիոնալիզմի անհրաժեշտությունը և նշել, որ նաև պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում պրոֆեսիոնալիզմ: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է արժեքային, բարոյական համակարգը, խիզախությունը. «Կադրային քաղաքականության առումով կրթությունը, այո՛, շատ կարևոր է, սակայն իրականում կարծում եմ, որ խիզախությունն էլ կրթության հարց է, որովհետև խիզախությունը գալիս է նաև նրանից, թե մարդը, այնուամենայնիվ, հասկանո՞ւմ է ինչով է զբաղված ինքը: Բարոյականությունն էլ, իմ կարծիքով, կրթության հետ կապ ունեցող որոշակի բան է»:

Նա նշել է, որ իրավապահ մարմինների մեծագույն խնդիրը պետք է լինի ոչ միայն հանցագործությունների բացահայտումը, այլև կանխումն ու նախականխումը:

«Այն, որ Քննչական կոմիտեն շատ կարևոր ինստիտուցիոնալ դերակատարում ունի Հայաստանի պետական, հանրային անվտանգության, իրավակարգի պաշտպանության առումով, իհարկե, դա ակնհայտ փաստ է: Ըստ էության, քննչական համակարգի բարեփոխումները մենք ավարտել ենք, հիմա ունենք երկու քննչական մարմին և արդեն երկրորդ տարին է, որ մենք այս համակարգով ենք աշխատում: Հիմա պետք է հետևենք, նաև ընթացքը հասկանանք: Հույս ունեմ՝ պտուղները քաղելու ժամանակ կգա, չնայած պետք է ասել, որ ընդհանուր առմամբ, իհարկե, տպավորությունները դրական են,-ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ պետք է ունենալ բավարար խիզախություն՝ գնալ և առերեսվել, այդ թվում՝ պետական համակարգերի կատարած աշխատանքի թերությունների հետ.,-Սրանով առավելությունները, իմ կարծիքով, ավելի կընդգծվեն: Մենք պետք է թերություններն էլ ընդգծենք, և շնորհակալ եմ, որ Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձավ, որպեսզի հանրության շրջանում չստացվի տպավորություն, թե Կառավարությունը, Քննչական կոմիտեն գոհ են իրականությունից: Ո՛չ, մենք բոլոր պրոբլեմները գիտենք»:

Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհավորել և շնորհակալություն է հայտնել ներկաններին, նրանց ընտանիքի անդամներին:

Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ, ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանը և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, արժեքավոր նվերով՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Ասլանյանը, ՀՀ վարչապետի շնորհակալագրով՝ Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդուարդ Թումաղայանը և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության կազմակերպական-վերլուծական և քրեագիտական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մերուժան Գալստյանը:

Քննչական կոմիտեի 11-ամյակին նվիրված Կոլեգիայի հանդիսավոր նիստին Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, գլխավոր վարչությունների և վարչությունների պետերը հանդես են եկել զեկույցներով՝ ներկայացնելով 2025 թվականի 9 ամիսների ընթացքում կատարված աշխատանքները:

Զեկուցողներն իրենց ելույթներում անդրադարձել են դատավարական ավարտ ունեցող մի շարք քրեական վարույթների, որոնք առանձնանում են իրենց բարդությամբ, կարևորությամբ, հանրային հնչեղությամբ, կատարված վարութային և ապացուցողական գործողությունների ծավալով և նախաքննության պատշաճ պլանավորման արդյունքում արձանագրված դրական արդյունքներով։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամաններով Կոմիտեի մի շարք ծառայողներ պարգևատրվել են կրծքանշաններով, մեդալներով, հուշանվեր ժամացույցով, շնորհվել է շնորհակալագրեր, տվյալ պաշտոնի համար նախատեսված և արտահերթ դասային աստիճաններ։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի հրամանով՝ մասնագիտական և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և արդյունավետորեն կատարելու, պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների, Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ մի շարք քննիչներ պարգևատրվել են մեդալներով, հուշանվեր ժամացույցով և պատվոգրերով:

Հանդիսավոր նիստի ավարտին տեղի է ունեցել նորանշանակ քննիչների երդման արարողությունը։

Տեսանյութեր

Լրահոս