
Երևանում հայտնաբերվել և ձերբակալվել է զինված խմբավորում. առգրավվել են սառը զենք և թմրամիջոցներ

Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության քրեական միջավայրի հակազդման բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ 32-ամյա մի տղամարդ և իր ընկերները Երևանի տարածքում շրջում են մի քանի մեքենայով, նաև` ապօրինի պահում ու կրում են հրազեն, սառը զենք և թմրամիջոց. հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը:
«Տեղեկությունն իրացվեց հոկտեմբերի 3-ին` Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ: Ժամը 18-ին Գարեգին Նժդեհի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում հայտնաբերվեցին 32-ամյա տղամարդն ու նրա ընկերները` իրենց վարած չորս ավտոմեքենաներով:
Մի քանիսը փորձեցին դիմել փախուստի, ինչը կանխվեց: 10 անձ ձերբակալվեց և «Մերսեդես», «ԲՄՎ» ու երկու «Պոռշ» մակնիշի ավտոմեքենաներով հանդերձ տեղափոխվեց Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։
Ձերբակալվածներից մեկի` 36-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց յոթ փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ, մեկ այլ 36-ամյա տղամարդու մոտ կար գաղտնի փականով դանակ, նման մի դանակ և կոկաինով երկու փաթեթ էլ հայտնաբերվեց 41-ամյա տղամարդու խուզարկությամբ:
Ավտոմեքենաները տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք ու կնիքվեցին:
Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 41-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ: