
«Հին ձևով», կամ՝ մանր դաշինքներ՝ ընդդեմ աշխարհաքաղաքական ալյանսի

Քաղաքական կուլիսներում արդեն խոսակցություններ են տարածվում 2026թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տարբեր դաշինքների ձևավորման մասին: Ոմանք հիշել են սոցիոլոգիայի մասին ու հաշվարկներ են կատարում՝ ինչ-ինչ հարցումներ մեջբերելով: Մյուսները վարկանիշներն են հաշվում, որոշները՝ նախընտրական «գռդոնի» սպասվելիք եկամուտները, կան անգամ հետընտրական կոալիցիաների մասին կանխատեսումներ:
Սրանք բոլորը միանգամայն նորմալ քննարկումներ են որևէ միջին վիճակագրական պետության համար, որը պատրաստվում է հերթական ընտրությունների, որոնցում քաղաքական ուժերը մրցելու են, ասենք, սոցիալական այսինչ բարեփոխումն ավելի լավ իրականացնելու կամ օրենսդրություններից որևէ մեկն այնինչ կերպով փոխելու խոստումներով:
Բայց Հայաստանը, ցավոք, միջին վիճակագրական պետություն չէ, երկրի առջև ծառացած խնդիրներն էլ այս կամ այն ծրագրով լուծվելիք հարցեր չեն: Հայաստանը գտնվում է գոյաբանական սպառնալիքների առջև, որոնք հնարավոր չէ հաղթահարել ստանդարտ քաղաքական լուծումներով ու սովորական նախընտրական ձևաչափերով:
Ամենաաբսուրդն այն է, որ գրեթե բոլոր այն ուժերը, որոնք արդեն իսկ լծվել են սովորական նախընտրական պատրաստությունների, վերջին տարիներին հասարակությանն ամեն կերպ վստահեցրել են, որ երկիրը գտնվում է լինելիության աստիճանի վտանգավոր իրավիճակում, որից փրկելու համար էլ իրենք ջանք չեն խնայում:
Բայց այսօր, ահա, նրանք փրկության փոխարեն՝ զբաղված են շարքային նախընտրական զորաշարժերով, որոնք լավագույն դեպքում կարող են ծառայել մանր քաղաքական նպատակների, ապագա իշխանության կազմում փոքր մասնաբաժինների կամ մեծ տնտեսական արտոնությունների:
Հարցն այն չէ, որ ընտրություններից առաջ չպետք է դաշինքներ կազմվեն: Խնդիրն ավելի խորքային է, ընդհուպ՝ մտածողության, աշխարհընկալման մակարդակի: Դաշինքային, պայմանական ստանդարտ նախընտրական հայեցակարգը հանգեցնելու է հենց այդպիսի արդյունքների՝ լուծելով դրանց մասնակիցներից մի քանիսի մանդատների, բայց ամենևին՝ ոչ երկրի փրկության հարցը:
Մինչդեռ այլ աշխարհայացքի, այլ մտածողության դեպքում ընտրություններին պատրաստվող բոլոր ուժերը պետք է մոռանային իրար հետ մանր դաշինքներ կազմելու նախկին ճոխության մասին և փորձեին կազմել այն միակ հնարավոր դաշինքը, որը կարող է հանգեցնել գործող իշխանության փոփոխությանը:
Իսկ դա դաշինքն է հասարակության, քաղաքացիների լայն զանգվածի հետ, որը, սակայն, հնարավոր է միայն այն դեպքում, երբ քաղաքացիներն իրենց դաշինքային առաջարկ անողներին տեսնեն առանց վերապահության որպես մեկ միասնական միավոր՝ մոռացած բոլոր տարաձայնություններն ու հակասությունները, արդեն իսկ ոչ թե թղթային, այլ բովանդակային դաշինք կազմած՝ առանց պաշտոնների թաքուն հույսի ու հաշվարկների:
Գաղափարական տարբերությունների մասին ցանկացած հիշատակում այս դեպքում ծիծաղելի է, քանի որ, երբ երկիրը գտնվում է կործանման եզրին, ինչպես վստահեցնում են բոլորը, ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՒՄՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՐԱԳԱՑՆԵԼ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ: ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԻԶՄ-ԵՐ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ:
Բայց գոնե մինչ այս պահը քաղաքական դաշտից եկող ազդակները խոսում են այն մասին, որ բոլոր ուժերն ընտրություններին պատրաստվում են «հին ձևով», որը երբեմնի Հայաստանի համար ճոխություն էր: Իսկ մինչ ներքաղաքական դաշտում խմորվում են մանր դաշինքային փնտրտուքները, իշխանությունն արդեն իսկ դաշինք է կազմել գրեթե բոլոր խոշոր խաղացողների հետ: Եվ ոչ թե՝ իբրև թե մրցակից քաղաքական դաշինքների, այլ՝ Հայաստանի Հանրապետության դեմ:
Հարություն Ավետիսյան