Փաշինյանը վերածվում է ինֆորմացիոն «քիլլերի». ընդդիմությանը նա ողջ-առողջ է պետք. Սուրեն Սուրենյանց
Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը բացահայտել է Նիկոլ Փաշինյանի վերարտադրության գինը, սակայն «գնդակն այժմ հայ ժողովրդի դաշտում է»՝ հանդուրժելո՞ւ ենք նման փնթի միջամտություն մեր երկրի ներքին գործերին, թե՞ դիմադրություն ենք ցույց տալու։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման կարծիք հայտնեց ԲՀԿ նախընտրական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով «Ջումհուրիեթ»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի դեսպանի՝ հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի ներքաղաքական գործընթացներով պայմանավորելու մասին հայտարարությունը:

Սուրենյանցի խոսքով՝ Մամեդովի հայտարարությունը, թե «հայ-թուրքական սահմանը կբացվի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Հայաստանի սահմանադրության փոփոխությունների գործընթացն ավարտին կհասցվի», բացահայտում է Բաքվի նախապայմանը Նիկոլ Փաշինյանին։
«Մամեդովը շատ ակնհայտ բացահայտում է արել։ Բոլորս գիտենք, որ Ադրբեջանն ունի այդ կոշտ նախապայմանը խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին, և դա է Նիկոլ Փաշինյանի վերարտադրության գինը, այսինքն՝ Ալիևը հանդուրժում է, որ իր երջանիկ վասալը՝ Նիկոլ Փաշինյանը, վերարտադրվի միայն այն պայմանով, որ ընթացք տա ադրբեջանական նոր նախապայմաններին։ Առաջինը հենց Սահմանադրության փոփոխությունն է»,- մեկնաբանեց Սուրեն Սուրենյանցը։
Քաղաքագետը հավելում է՝ երկրորդ հերթին Ադրբեջանի դեսպանն, ըստ էության, հաստատել է այն փաստը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ամբողջովին պայմանավորված է հայ-ադրբեջանական հարաբերություններով։ Սրանք, իհարկե, պաշտոնական Բաքվի և Անկարայի մոտեցումներն են, և այս փաստերն արձանագրելով՝ Սուրենյանցը հայ հասարակությանը ցույց է տալիս իրական վիճակը՝ հետևությունները թողնելով ընտրողներին։
«Սա հրաշալի բացահայտում է մեր բոլոր այն ընտրողների համար, որոնք, իբրև թե այլընտրանք չունենալով, ուզում են Փաշինյանին ընտրել կամ դեռևս չեն կողմնորոշվել՝ ենթակա լինելով իշխանության մեդիատեռորին։ Կողմնորոշվե՛ք, հարգելի հայրենակիցներ, Ձեզ բացահայտ ասում են, որ Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը նշանակում է Հայաստանի վերածում ադրբեջանական ենթապետության»,- նշեց Սուրեն Սուրենյանցը։
ԱԺ պատգամավորի թեկնածուն ընդգծում է, որ Թուրքիան ու Ադրբեջանն ամեն կերպ փորձում են աջակցել Փաշինյանին այս ընտրություններում, և այս պարագայում «գնդակը հայ ժողովրդի դաշտում է»՝ հանդուրժելո՞ւ ենք այս միջամտությունը։
«Այդ մասին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ամիսներ առաջ շատ բացահայտ ասել էր։ Իրենք ամեն ջանք գործադրում են, որպեսզի իրենց վասալը կամ Նիկոլ Փաշինյանի սիրած բառերով ասած՝ իրենց առաջ «կզածը» կամ մյուսի առաջ էլ «չոքածը» վերընտրվի Հայաստանի վարչապետի պաշտոնում։ Հիմա գնդակը Հայաստանի ժողովրդի դաշտում է, ինչպես նաև ընդդիմության. մենք հանդուրժելո՞ւ ենք նման փնթի միջամտություն մեր ներքին գործերին, որը Հայաստանի ադրբեջանականացման ամենակարճ ճանապարհն է, թե՞ դիմադրություն ենք ցույց տալու»,- հայտարարեց Սուրեն Սուրենյանցը։

Խոսելով քարոզարշավի ընթացքում Փաշինյանի անհավասարակշիռ ու ջղաձիգ վարքագծի մասին՝ Սուրենյանցը չի շտապում նրա վիճակը լրիվ ցայտնոտային համարել, բայց նշում է, որ խուճապն ակնհայտ է։
Այս համատեքստում անդրադառնալով Փաշինյանի երեկվա՝ «կզացնելու» ու «սատկացնելու» սպառնալիքներ պարունակող հայտարարությունների մասին հարցին՝ Սուրեն Սուրենյանցն ասում է.
«Եթե նորմալ երկրում ապրեինք, իրավապահ մարմինները վաղուց կալանավորած կլինեին բռնության, ատելության խոսք տարածող այս անձնավորությանը, որովհետև նա, ընդդդիմությունից բացի, շեշտադրված թիրախավորում է հայության կոնկրետ հատվածի՝ արցախահայությանը։ Սա անում է գիտակցված։ Ասում եմ՝ եթե նորմալ երկրում ապրեինք, նա պիտի վաղուց ոչ թե իր հերթական քարոզչական օրը պլանավորեր, այլ ԱԱԾ մեկուսարանում սպասեր «տուլիկի» (հանձնուքի:- Ա.Ս.)»։
Սուրենյանցն ընդգծում է՝ գիտի, որ հասարակության մի զգալի մասի երազանքը հենց դա է՝ ոչ թե այն պատճառով, որ մեր հասարակությունը չար է, այլ որովհետև կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը պիտի պատասխան տա բերած ազգային ավերի ու ողբերգության համար։ Այս առնչությամբ անդրադառնալով համացանցում տարածված, Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող անհայտ ծագումով տեսանյութին՝ Սուրեն Սուրենյանցը նշեց, որ ողջամիտ ղեկավարը նման տեսագրություն տեսնելուց հետո հանձնարարում է իրավապահ մարմիններին քննություն նշանակել, արագ բացահայտել այդ՝ իսկապես անընդունելի կոնտենտը ստեղծողներին և պարզել բոլոր հանգամանքները, որն էլ պահանջում է ընդդիմությունը, իսկ Նիկոլ Փաշինյանը, դա անելու փոխարեն, այն օգտագործում է որպես «զենք» ընդդիմության դեմ և վերածվում է «ինֆորմացիոն քիլլերի»՝ հարձակվելով իրեն հանդիպողների վրա և իրեն հակադրվող բոլոր քաղաքացիների մեջ տեսնելով Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին։
Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ ընդդիմադիր ուժերին Նիկոլ Փաշինյանը ողջ ու առողջ է պետք։
«Եթե այս քննությունը չի արվում, քննության փոխարեն՝ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը սա օգտագործում է որպես պատրվակ, որպեսզի քաղաքական կամ ինֆորմացիոն քիլլերի կարգավիճակով թիրախավորի Հայաստանի քաղաքացիներին, ողջամիտ կասկածներ կարող են առաջանալ, որ այս կոնտենտը ստեղծվել է կա՛մ իշխանության կաբինետում, կա՛մ այս իշխանության տերերից որևէ մեկի կաբինետում։ Ոնց որ գեներալ Մանվելն էր ասում.
«Չագուճն էլ է ձեռքդ, մեխն էլ, նալն էլ»։ Պարզեիր։ Հետո, օրինակ, ես Նիկոլ Փաշինյանից եմ իմացել, որ նման տեսանյութ կա… Ինքը չի էլ պատկերացնում, որ ընդդիմադիր առանցքային ուժերին ինքը ողջ-առողջ է պետք. ինքն էնքան հարցերի պատասխան ունի տալու։ Ես ասել եմ՝ մեկն էլ, «ԿԳԲ-ի պադվալում» վեր ընկած, սպասում է իր բլոտի ընկերոջը։ Նաիրի Հունանյանի մասին եմ խոսում։ Իրեն ինչո՞ւ է թվում, թե ընդդիմությունն ուզում է թիրախավորել իրեն։ Ընդդիմությանն ինքը ողջ-առողջ է պետք։ Քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ, պատի տակ նստած, «արտասվում են» իր համար»,- հավելեց Սուրենյանցը։

Քաղաքագետն առաջ է քաշում այն վարկածը, որ սրանով Նիկոլ Փաշինյանը պատրվակ է ստեղծում կա՛մ բռնաճնշումներ սկսելու, կա՛մ ընտրությունները հետաձգելու համար։
Սուրենյանցի խոսքով՝ տարբեր գնահատականներ կարող ենք տալ, բայց լուծումը մեկն է՝ քաղաքական ճանապարհով նրան հեռացնելը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



