Իսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներ
Իսրայելը սկսել է նախապատրաստվել Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությանը հնարավոր մասնակցությանը՝ չնայած նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն այն մասին, որ նա կասեցրել է ծրագրված հարվածը, հաղորդում է իսրայելական Channel 12 հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ իսրայելական ղեկավարությունը կարծում է, որ գործողության մեջ դադար վերցնելու մասին մայիսի 18-ի Թրամփի հրապարակային հայտարարությունը կարող էր սահմանափակել Վաշինգտոնի մանևրելու տարածությունը։ Աղբյուրները նշում են, որ եթե Թեհրանը բանակցությունների վերաբերյալ զգալիորեն ավելի շահավետ առաջարկ չներկայացնի (ինչը Իսրայելում քիչ հավանական են համարում), Սպիտակ տունը կարող է հանգել այն եզրակացությանը, որ ռազմական սցենարն անխուսափելի է։
Ինչպես հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով Channel 12-ին, իսրայելական ղեկավարության վերջին գործողությունները վկայում են հնարավոր հարձակմանը բարձր պատրաստվածության մասին։ Գործողության մեկնարկի դեպքում Իսրայելը, ամենայն հավանականությամբ, սերտորեն կհամակարգի իր քայլերը ԱՄՆ-ի հետ։
Մայիսի 18-ին վարչապետ Բենիամին Նեթանյահուն անվտանգության հարցերով փակ խորհրդակցություն է անցկացրել, որը տևել է գրեթե հինգ ժամ։ Դրան մասնակցել են Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետը, Ռազմաօդային ուժերի հրամանատարը, ռազմական հետախուզության պետը, բանակի օպերատիվ վարչության ղեկավարը և ուժային կառույցների այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Քննարկման հիմնական թեման եղել է Իսրայելի պատրաստվածությունը Իրանի դեմ ռազմական սցենարի հնարավոր զարգացմանը։
Channel 12-ը նաև հայտնում է, որ իսրայելական բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստվածության վիճակի՝ առաջիկա օրերին Իրանի դեմ ԱՄՆ հնարավոր գործողությունների համար։




