ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՐԱԾԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Է. ՀԵՂԻՆԱԿԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՋՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ՖԻԴԱՆՆ Է. ՎԱԽԵՆԱՄ՝ ՍՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ ՎՃԱՐԵՆՔ. ՍԱՐԳԻՍ ՇԱՀԻՆՅԱՆ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի նախկին գլխավոր քարտուղար, Շվեյցարիայի հայկական և հայամետ կազմակերպությունների խորհրդի նախագահ Սարգիս Շահինյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը երևաց մակերեսային, ընդամենը իբրև հյուրընկալող կողմ: Սակայն դրա ժամանակ Հայաստանին հուզող ոչ մի խնդիր ոչ դրվեց, ոչ էլ լուծվեց: Այդ հավաքը պետք էր ներկա վարչախմբին՝ ցույց տալու համար, որ կարող է 48 երկրի ղեկավար բերել այստեղ, և, որ ինքը մոտ է նրանց, մասնավորապես՝ Մակրոնի հետ: Ստորագրված փաստաթղթերը ԵՄ-ի ու Ֆրանսիայի հետ պայմանագրեր չէին, այլ մտադրությունների մասին հռչակագրեր, որոնցում սոսկ միտումներ էին և ոչ մի առարկայական բան: Սա ընդամենն ընտրություններից առաջ աջակցություն էր Նիկոլ Փաշինյանին:

- Եվրոպան մատը մատին անգամ չի տա մեր անվտանգությունը պաշտպանելու համար:
- Իհարկե, Հայաստանը ԵՄ չի մտնելու: Անգամ Ուկրաինան ԵՄ չընդունվեց, ուր մնաց՝ Հայաստանը, որն Ուկրաինայից քիչ արժեք ունի Եվրոպայի համար: Պետք է աչքի մեջ փչած թոզը մաքրել ու տեսնել, որ մենք վատի ու վատագույնի ընտրության մեջ ենք: Հունիսի 7-ին մենք պետք է ընտրենք ոչ թե Ռուսաստանը կամ Եվրոպան, այլ ինքներս մեզ՝ Հայաստանը:
- Ղարաբաղյան կոնֆլիկտը սոսկ եղունգի փոշի չէր, որ անցավ: Իրականությունն այն է, որ մենք պատերազմը պարտվեցինք, և այդ ժամանակից պետք է հասկանայինք՝ ինչ անել: Մենք դա չարեցինք, և այսօր Հայաստանի իշխանությունները սալյամիի մեթոդով զիջումը զիջումի հետևից են անում… Մենք արդյունքում այսօր անվտանգ երկինք չենք:
- Վիզաների ազատականացումն ու եվրոպական մյուս «բարիքները», եթե անգամ դրանք իրականություն դառնան, Ղարաբաղը կորցնելու և մեր մյուս տարածքային ու այլ զիջումների գինն է: Եվ մենք պիտի մտածենք՝ այս ամենից հետո մենք համաձա՞յն ենք, որ վարչապետը շարունակի պահպանել իր աթոռը:
- Այն, ինչ տեղի ունեցավ Շվեյցարիայում հայ համայնքի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, երբ նա կասկածի տակ դրեց Հայոց ցեղասպանությունը, դրա պատճառներն ու հետևանքները, ուրացում էր ու ցինիկ ժխտողականություն:
- Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, թուրքական ծրագիր է՝ Ղարաբաղի կորուստ, Ցեղասպանության ժխտողականություն, 300 000 ադրբեջանցիների «վերադարձ» Հայաստան… Այս ծրագրի ղեկավարը բուն Էրդողանը չէ, Հաքան Ֆիդանն է՝ ներկայիս ԱԳ նախարարը, ով լինելու է Թուրքիայի հաջորդ նախագահը:
- Երկիր պահելու մտադրության ու կարողության խնդիր կա այսօր: Ես այնքան նաիվ չեմ, որ մտածեմ՝ պետք է շարունակել թշնամի մնալ Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Բայց չմոռանանք, որ այս վարչախմբի օրոք ու նրա թույլտվությամբ է մեր երկրի սուվերեն տարածքն օկուպացված Ադրբեջանի կողմից: Այս վարչախմբին ընտրություններում ձայն տալը, նրան թիկունք կանգնելը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է: Ես մարդկանց խնդրում եմ, որ հունիսի 7-ին կատարեն իրենց քաղաքացիական պարտքը, մասնակցեն ընտրություններին:
- Եթե Փաշինյանի սրտիկների, ժպիտների համար մենք Սյունիքով վճարենք, դա ցածր գին կլինի: Ես վախենամ, որ մենք Հայաստանով վճարենք:

- Ինչ վերաբերում է TRIPP-ին, այդտեղ Հայաստանն անելիք չունի, ոչ մի անելիք: Հայաստանը ռազմավարական խոսք չունի ասելու: Հակառակը, մենք կորցնելու ենք Իրանի ու Ռուսաստանի լոգիստիկ հնարավորությունները: Մենք այս խնդրի առաջ մերկ ենք:
- Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր սև գործն արդեն արել է, երբ երկու անգամ Ալիևին հայտարարեց որպես իրենց վստահելի բևեռ:
- Այնպես չէ, որ Չինաստանը նստել սպասում է Սյունիքի 42 կիլոմետրի բացմանը: Դա ի՞նչ է տալու նրան, ընդամենը 1-2% ապրանքաշրջանառության հնարավորությո՞ւն: Ես չեմ հասկանում ՀՀ ղեկավարների ոգևորությունը: Հայանպաստ կլիներ, եթե բացվեին բոլոր կոմունիկացիաները:
- Մակրոնը 2027թ. ապրիլին, ուզի-չուզի, հեռանալու է: Եվ Աստված չանի, որ նրա հաջորդը Հայաստանի նկատմամբ ունենա նույն մոտեցումը, ինչ Մակրոնը, որ նա էլ մեզ դիտարկի՝ որպես կթու կով: Այսօր ողջ աշխարհը ջրի խնդիր ունի: Իսկ Հայաստանում ֆրանսիական ընկերությունն է ջրի մոնոպոլիայի տերը:
- Ես և Դուք գնալու ենք այստեղից, եթե 300 000 ադրբեջանցիները եկան Հայաստան: Ես ռասայական ատելություն չեմ տարածում, բայց մենք գիտենք՝ դա ինչ հետևանքներ կարող է ունենալ:
- Ղարաբաղի հարցի այս կերպ «լուծումը» հնարավորություն տվեց, որ աշխարհի լռության առաջ «լուծվի» Թայվանի հարցը: Ցավոք, մենք վատ օրինակ ենք ծառայում:
- Ձեր լայքերը, սրտիկները, ձեր հայտարարությունները, եվրոպացի առաջնորդնե՛ր, ոչ մեկի չեն հուզում, բացի այս վարչախմբից: Հուսամ՝ հունիսի 7-ին ժողովուրդը դա կապացուցի:
- Մենք նախկինում լուրջ դիվանագիտություն ունեինք, հիմա չունենք: Պետությունը տեսլական պետք է ունենա: Հայաստանի այսօրվա դիվանագիտություն պետք չէ, որովհետև իրենց դիվանագիտությունն ուրիշները դնում են իրենց սեղանին:

- Այն, ինչ այս վարչախմբի քարոզչական թեզերին դեմ է, ըստ իրենց՝ հիբրիդային պատերազմ է: Սրա համար նրանց ահռելի գումարներ՝ միլիոնավոր եվրոներ են տրվում:
- Եթե արևմտյան որևէ առաջնորդ իրեն պահեր այնպես, ինչպես այսօր առավոտյան Փաշինյանն Արաբկիր համայնքում՝ բժշկուհու հետ խոսելիս, իրավապահ մարմիններն անպայման նրան պատասխանատվության կկանչեին: Երբ Փաշինյանի առաջ ես դնում իրականությունը, որն իր անկարողության ուղիղ արտահայտությունն է, հավասարակշռությունը կորցնում է: Ողջ աշխարհի առաջ խոնարհ, հլու-հնազանդ կանգնող Փաշինյանը միայն այստեղ է իրեն այդպես պահում: Այս մարդը չի կարող միջազգային կշիռ ունենալ, նա չի կարողանում նորմալ արտահայտվել ու բացատրել:
- Մենք չկարողացանք հասկանալ, որ մենք առաջին հերթին պետք է հայամետ լինենք: Ընտրողը սա պետք է հստակ իմանա, որ ինքը պետք է ընտրի Հայաստանն ու անպայման գնա քվեարկության:
- Մեծ հավանականությամբ, հունիսի 7-ի քվեարկությամբ 4 ընդդիմադիր ուժեր կանցնեն խորհրդարան: Պետք է խելք ունենալ Նիկոլ Փաշինյանից հունիսի 8-ից ազատվելու համար: Ընդդիմության դերակատարները պետք է մի կողմ դնեն իրենց ես-ը, իրենց աքլորական մոտեցումը, էգոն ու հարցը լուծեն:
- Շատ կարևոր է սադրանքների չտրվելը, որովհետև Նիկոլ Փաշինյանն ամեն ինչի ընդունակ է. նա կարող է, օրինակ, հունիսի 8-ին մարդկանց իրար դեմ հանել:
- Փաշինյանը պատերազմով սպառնում է այն մարդկանց, ում վրա դա կարող է ազդել, թույլ մարդկանց կարող է նա միայն շանտաժի ենթարկել:
- Լևոն Տեր Պետրոսյանի ժամանակ, հենց 2008թ մարտի 1-ի ժամանակ, ինքը՝ Փաշինյանը, արյուն հոսել տվեց: Մարդիկ մոռացել են, բայց արձանագրությունները կան, վիդեոները կան, այո, և դա իրական է: Ես ո՞նց կարող եմ ընդհանրապես մի անձնավորության հավատալ, որ պատրաստ է իր սեփական ազգի արյունը հոսեցնել տալ։
- Սփյուռքը չի կարող առաջնորդվել Փաշինյանի օրակարգերով: Սփյուռքն իր ուժն ու դերը, իր կշիռն ունի:

- Աստված չանի՝ հաստատվի, որ Նիկոլ Փաշինյանը դեռ 2018-ից էր մտադրվել քանդել Եկեղեցին, բայց ամեն ինչ դրան է տանում… Սա արդեն հասկացնել է տալիս, թե մենք ում ձեռքն ենք ընկել:
- Դժբախտաբար, հայերիս մոտ մինչև դանակը ոսկորին չի հասնում, չենք հասկանում, որ հրդեհ է բռնկվել:
Հիշեցնենք, որ Հայաստանում 2018 թվականի գունավոր հեղափոխությունից օրեր անց՝ ապրիլի 29-ին, ուսապարկով մի մարդ, բարձրանալով Մայր տաճարի վրա, փորձել էր տաճարի խաչը սղոցել՝ խաչի փոխարեն երկաթյա վարդ տեղադրելու նպատակով:
Մանրամասները՝ տեսանյութում:



