Աղքատությունը վերացրեցին միայն սեփական գրպաններում

Դեռ 2018թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր ՔՊ-ն խոստացել Հայաստանում իսպառ վերացնել ծայրահեղ աղքատությունը։ Ասում էին՝ աղքատությունն իջեցնելու ենք 10 տոկոսային նիշով, իսկ ծայրահեղ աղքատությունը վերացնելու ենք։

Ծայրահեղ աղքատությունը խոստացել էին վերացնել մինչև 2023թ.։ Բայց 2023թ. ծայրահեղ աղքատությունը Հայաստանում ոչ միայն չվերացավ, այլև խորացավ։

Պաշտոնապես 2018թ. Հայաստանում ծայրահեղ աղքատ էր բնակչության 1 տոկոսը, 2023թ. ծայրահեղ աղքատների քանակն ավելացավ ևս 0.1 տոկոսային կետով և կազմեց 1.1 տոկոս։

Արդեն 2026թ. է, իսկ Նիկոլ Փաշինյանը դեռ ծայրահեղ աղքատությունը վերացնելուց է խոսում։

Կարդացեք նաև

«Մեր երկրում ծայրահեղ աղքատությունն, ըստ էության, վերացման շեմին է, և համոզված եմ՝ դրա վերացումը շատ շուտով կարձանագրվի պաշտոնապես»,- աշխատավորների օրվա առիթով հղած իր ուղերձում ժողովրդին աչքալուսանք էր տալիս Նիկոլ Փաշինյանը։

Ծայրահեղ աղքատությունը խոստացել էին վերացնել սկզբում՝ 2018թ., հետո՝ 2021թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Վերջին տվյալներով՝ Հայաստանում բնակչության 06 տոկոսը դեռևս ծայրահեղ աղքատ է։

Այսքան տարի հետո ծայրահեղ աղքատությունը կարողացել են կրճատել ընդամենը 0.4 տոկոսային կետով։ 2018թ. 1 տոկոսից հազիվ 0.6 տոկոսի են իջեցրել։

Հետո էլ աշխատավարձերի բարձր աճերից ու հարյուր-հազարավոր աշխատատեղերի ավելացումներից են խոսում։

«Վերջին տարիներին մենք աշխատանքի ոլորտում հասել ենք լուրջ հաջողությունների։ 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է շուրջ 280 հազար աշխատատեղ։ Հեղափոխությունից հետո Հայաստանը բարձր տնտեսական աճ է ապահովել և արձանագրված ցուցանիշները բարձր են եղել թե՛ աշխարհի, և թե՛ Եվրասիական տնտեսական միության միջինից»,- ասում Նիկոլ Փաշինյանը։

Նախ՝ այն մասին, թե որտեղի՞ց է վերցրել, որ Հայաստանում 280 հազար աշխատատեղ է ստեղծվել։ Երբեմն էլ նույնիսկ 300 հազար են ասում։ Բայց նման բան չկա։ Պաշտոնական տվյալներով՝ 2018թ. ապրիլին Հայաստանում եղել է գրանցված շուրջ 541 հզ աշխատատեղ։ Հրապարակված վերջին տվյալներով՝ գրանցված աշխատատեղերը կազմել են 784 հազար։

Այս թվերի տարբերությունը 243 հազար է, իսկ Նիկոլ Փաշինյանը 280 հազար աշխատատեղերի ստեղծման մասին է խոսում։ 37 հազար՝ այս կողմ, 37 հազար՝ այն կողմ, երևի իշխանությունների համար մեծ բան չէ։ Դեռ չենք ասում, որ այդ աշխատատեղերի մեծ մասը նախկինում կամ նախկինների ժամանակ ստեղծված աշխատատեղերն են։ Դա է պատճառը, որ անգամ այդքան աշխատատեղերի ստեղծման պայմաններում Հայաստանում ոչ միայն ծայրահեղ աղքատությունը չի վերացել, այլև գրեթե չի նվազել նաև աղքատությունը։

2018թ. Հայաստանում պաշտոնապես 27 հազար ծայրահեղ աղքատներ կային։ Թվում է, թե մեծ բան չէր այդ 27 հազար քաղաքացիներին հանել ծայրահեղ աղքատությունից։ Բայց դա էլ չեն կարողացել անել։

Չնայած հայտարարվող տնտեսական աճերին, աշխատատեղերի ավելացումներին, այսօր էլ Հայաստանում գրեթե 20 հազար ծայրահեղ աղքատ կա։

Աղքատների մասին էլ չենք խոսում։ 650 հազարից ավելի քաղաքացի շարունակում է աղքատ լինել։

2018թ. Հայաստանում աղքատ էր բնակչության 23.5 տոկոսը, 2024թ. աղքատ է եղել 21.7 տոկոսը։ Այս ընթացքում 2 անգամ փոխել են աղքատության գնահատման չափանիշները։ Չափանիշների փոփոխությունը գուցե ազդել է աղքատության ցուցանիշի վրա, բայց ոչ՝ աղքատների վրա։ Երբ համադրում ենք աղքատության մակարդակը բնակչության թվի հետ, ստացվում է, որ 2018թ. Հայաստանում աղքատ էր գրեթե 681 հազար քաղաքացի, 2024թ.՝ աղքատ է եղել 651 հազար քաղաքացի։

Վեց տարում աղքատների քանակը 30 հազարով կրճատվել է։ Բայց դա ոչ թե ձեռքբերում է, այլ լրջագույն ձախողում։

2018թ. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ներկայացրած նախընտրական ծրագրով խոստացել էին աղքատությունը նվազեցնել 10 նիշով, իսկ 2021թ. ընտրությունների ժամանակ՝ կրճատել կիսով չափ։ 10 նիշով նվազեցնելու պարագայում 2023թ. Հայաստանում աղքատությունը պիտի լիներ 13.5 տոկոս, բայց 23.7 տոկոս էր։ Նույնիսկ ավելի բարձր, քան 2018թ. էր։

2021թ. նախընտրական խոստումը կատարելու պարագայում հիմա աղքատությունը 12 տոկոսից ցածր պիտի լիներ։ Սակայն նույնիսկ դրան մոտ չէ։ Վերջին տվյալներով, 21.7 տոկոս է։

Ահա այսպես են կրճատել աղքատությունն ու վերացրել ծայրահեղ աղքատությունը։ Հիմա էլ հերթական ընտրությունների նախօրյակին են խոսում ծայրահեղ աղքատությունը վերացնելու մասին։ Տարիներ առաջ պիտի վերացրած լինեին, բայց դեռ հույս են հայտնում, որ շուտով կարող է վերանալ։

Այդ հույսով էլ, հերթական ընտրությունների իրենց նախընտրական ծրագրում, ծայրահեղ աղքատության վերաբերյալ խոստումներ չեն տվել։ Փոխարենը՝ խոստացել են աղքատությունը կրճատել 5 տոկոսային կետով։

2018թ. տված խոստումը չեն կատարել, 2021թ. տված խոստումը չեն կատարել, հիմա էլ նոր խոստում են տալիս։ Եթե նախկին խոստումները կատարած լինեին, հիմա Հայաստանում աղքատությունը հազիվ 5-6 տոկոս պիտի լիներ, բայց 21.7 տոկոս է։

Աղքատությունը, իհարկե, կրճատել են, բայց միայն իրենց գրպաններում։ Իրենք այլևս նախկին դատարկ գրպաններով հեղափոխականները չեն։ Ժողովրդի սոցիալական վիճակը հեղափոխական տեմպերով բարելավելու փոխարեն, իրենց գրպանների պարունակությունն ու իրենց կարողություններն են հեղափոխական տեմպերով ավելացրել։ Արդեն հարյուր-հազարավոր դրամ աշխատավարձերով ու նույնքան պարգևավճարներով չեն բավարարվում, բյուջից միլիոններ են դատարկում սեփական գրպանները։

ժողովրդին մի քանի «քյոռ կոպեկ» են տալիս, միլիոններն իրենք են վայելում։ Դրա համար հասարակ ժողովրդի վիճակը չի լավանում, իսկ իրենք «բիրդան աղա» են կտրել։ Եկել էին իբր ժողովրդին անշահախնդիր ծառայելու, ժողովրդի վիճակը լավացնելու համար, իրենց վիճակը թռիչքային թեմպերով լավացրեցին, ժողովուրդը շարունակեց «վայելել» իր աղքատությունը։

Հիմա էլ հույս են տալիս, որ ծայրահեղ աղքատությունը վերացման շեմին է։

Տարիներ պահանջվեց 27 հազար մարդու ծայրահեղ աղքատությունից հանելու համար, եթե դա էլ դեռ իրականություն դառնա, պատկերացրեք, թե այս տեմպերով քանի տասնյակ տարի կպահանջվի 651 հազար աղքատների՝ աղքատությունից հանելու համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031