Փաշինյանի ամեն քայլի հետևում ԱՐՅՈՒՆ է. Ամեն ինչ հանած է աճուրդի, Հայաստանը դարձնում է ՊՈԼԻԳՈՆ. Կարեն Բեքարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Հեչ պատահական չէ, որ Փաշինյանի բոլոր տեսակի անոմալ հայտարարությունների խոսույթի սրացում ենք նկատում: Բոլոր հնարավոր եղանակներով իրենց թիկունքին կանգնած ուժերին հայտնում են իրենց հավատարմությունը, հասկացնում, որ մազաչափ չեն շեղվելու թուրք-ադրբեջանական շահերը սպասարկելու գծից:
  • Մենք ինչ-որ մի օր շատ խորքային իրավական գործընթաց ենք ունենալու, որը ներառելու է Նիկոլ Փաշինյանի հակասական հայտարարությունների ու դրանց հետևանքների ուսումնասիրությունը:
  • Ցանկացած նորմալ երկրի պարագայում Փաշինյանի հայտարարություններից մեկը բավական էր, որ նա հրաժարական տար, բայց մեր դեպքում Փաշինյանի ամեն դրվագի հետևում արյուն է ու զոհեր:
  • Եկեք նայենք՝ 2018-ից մինչև էսօր ինչից ուր ենք հասել, ու մտածենք՝ ի՞նչ կլինի, եթե հերթական անգամ հունիսի 7-ին ՔՊ-ն քվե ստանա: Մենք մտած ենք պետությունն ավերելու ծիրի մեջ, որ եթե նորից քվե ստանան, կործանումը շարունակվելու է: Ժողովուրդ ջան, լավ, դեռ ի՞նչը չեք տեսել: Էսօր պատերազմով ձեզ սպառնում է մի ուժ, որն իր կառավարման ողջ ընթացքում անընդհատ պատերազմներ է բերել: Ու եթե դու այսօր ասում ես՝ ես չընտրվեմ, պատերազմ է լինելու, ուրեմն դու ստորագրել ես «ես տապալել եմ պետության անվտանգությունը» նախադասության տակ: Բացահայտ գործ ունենք հանրությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու հետ:
  • Թուրքիայի արտգործնախարարը, ադրբեջանական տարբեր ռեսուրսներ աջակցում են Նիկոլ Փաշինյանին: Ի՞նչ եք կարծում, էդ աջակցությունը Փաշինյանի սիրուն աչքերի համա՞ր է, թե՞ կան խոստումներ, որոնք պիտի կատարվեն, եթե, Աստված մի արասցե, Փաշինյանը վերընտրվի: Գլխավոր խոստումը տարածաշրջանային աշխարհաքաղաքական բալանսի փոփոխությունն է՝ Իրանի ու Ռուսաստանի դուրս վռնդումը տարածաշրջանից, որից հետո Հայաստանը կդառնա պոլիգոն: Իսկ դրանից հետո ոչ մեկին չի հետաքրքրի՝ ինչ կլինի Հայաստանի հետ:

Կարդացեք նաև

  • Այսօր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի՝ Երևանում անցկացումը եվրոպական մանդատը չէ: Երբ սրանք ասում են՝ գնում ենք Եվրոպա, դա նշանակում է՝ գնում ենք Թուրքիա:
  • Իրականության մեջ այսօր նույն Եվրոպան, եվրոպական հասարակություններն իրենց քաղաքական էլիտաների ձեռքը կրակն են ընկած: Նույն Եվրոպան այսօր ունի ճգնաժամ, և այդ ճգնաժամն ունի բոլոր բաղկացուցիչները՝ քաղաքական, անվտանգային, արժեքային, իդենտիֆիկացիոն, սոցիալ-տնտեսական…
  • Ուկրաինայի պատերազմն իր հետ Եվրոպայի համար բերեց էներգետիկ, քաղաքական, սոցիալ-տնտեսական ճգնաժամ, որը չի ավարտվել: Եվրոպան կանգնեց այնպիսի միգրացիոն հոսքերի առաջ, որը սկսեց հանրությունների ներսում շատ լուրջ դժգոհություն առաջացնել: Դրան ավելանում են արդեն Իրանի հետ պատերազմից բխող պրոբլեմները: Սա իր հերթին՝ իր հետ բերում է տնտեսական կոլապսի էլեմենտներ: Եվրոպական քաղաքակրթությունը ո՞նց կարող էր հասցնել նրան, որ արժեքները սրբվեն:
  • Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) կամ, ինչպես եվրոպացիներն են անվանում, Հայաստանի հետ մեծ պայմանագիրը, իր մեջ անդրադառնում է մեր կյանքի բոլոր կողմերին, ներառյալ՝ վիզաների ազատականությունը: Բացի դրանից, CEPA-ով վավերացված էր Արցախի ինքնորոշման իրավունքը: Վավերացրած միջազգային պայմանագիրը ներպետական օրենսդրության բաղկացուցիչ է: Եվրոպայի խորհրդի արդեն նախկին նախագահ Շառլ Միշելը՝ որպես եվրոպական պաշտոնյա, սկսեց ձևակերպել դրույթներ ու փաստաթղթեր, որոնք հակասում են ԵՄ բոլոր անդամ պետությունների խորհրդարանների կողմից վավերացված CEPA-ով ամրագրված դրույթներին: Չի բացառվում, որ վաղը Շառլ Միշելի դեմ նույնպես իրավական գործընթաց սկսվի: Արցախի հետ կապված ողբերգական գործընթացների առանցքում Շառլ Միշելն էր:

Հիշեցնենք. 2017թ. նոյեմբերին Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրում են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որտեղ ներառված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես Արցախի խնդրի կարգավորման սկզբունքներից մեկը: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպական միության Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Փաստաթղթում սևով սպիտակի վրա գրված է, որ ամբողջ Եվրամիությունն օժանդակում է Արցախի ինքնորոշման իրավունքին, տարածքային ամբողջականությանը, ուժի չկիրառման հիման վրա կոնֆլիկտի լուծմանը: Այն վավերացրել են ԵՄ անդամ 28 պետություններից 17-ը՝ խորհրդարանների միջոցով։ Վավերացրել է նաև Հայաստանը:

  • ԵՄ գագաթնաժողովից մեզ մնաց չոր մնացորդ: Հիշեք՝ 44-օրյա պատերազմից առաջ Փաշինյանը լուսանկարվում էր ՄԻԳ-երի թե ՍՈՒ-երի հետ: Հետևաբար, ի՞նչ մեծ տարբերություն կա ՄԻԳ-երի թե ՍՈՒ-երի մեջ նկարվելուց, եթե չոր մնացորդում, բացի էդ ինքնաթիռները գրել-բերելուց, մեջը նկարվելուց, ոչինչ չի մնում: Էդ ինքնաթիռները պատերազմի ժամանակ ի՞նչ արեցին: Հիմա նույնն այդ Եվրոպական գագաթնաժողովից է, բացի նկարվելուց ու մեր քաղաքացիների միամիտ պատկերացումներից, որ մենք Բրյուսելի կողքն ենք արդեն գտնվում, ի՞նչ է փոխվել…Ասե՞մ՝ ինչ… Հայաստանը կրկին ոտնատակ ընկավ ու սուբյեկտայնությունը ջախջախեց:
  • ԵԱՏՄ երկրներից ո՞վ էսօր մեզ հետ երկարաժամկետ ծրագրեր կքննարկի, երբ դու քո գործելակերպով կոնկրետ ազդում ես ԵԱՏՄ վարկանիշի վրա: Այո՛, Եվրոպայի հետ հարաբերությունները պետք է զարգացնել, բայց եթե դու որոշել ես ամեն ինչի հաշվին ԵՄ մտնել, այդ դեպքում ԵՄ մտնելու այդ հայտն ինչի՞ չես ներկայացնում: Եթե չես ներկայացնում, էս քո սրացումներն ինչի՞ մասին են, ինչի՞ ես անում: Էս իրավիճակում գագաթնաժողով ես անում՝ որպես խաղալի՞ք, թե՞ գործընկեր: Չե՞ս հասկանում՝ ինչ ես անում, ինչ օրակարգով ես անում:
  • Մի հատ խնդրում եմ՝ բացե՛ք, կարդացեք Ֆրանսիայի հետ կնքված փաստաթուղթը: Դրանից մեր անվտանգությունը մի միլիմետր ավելացա՞վ: Ֆրանսիան պատասխանատվություն ստանձնե՞ց Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիայի դեպքում պաշտպանել քեզ… Ո՛չ իհարկե…Այսինքն՝ դու անվտանգային խնդիր չունե՞ս: Բա որ չունես, սեփական ժողովրդիդ ինչի՞ ես պատերազմով, Ալիևով ահաբեկում: Ինչքա՞ն կարելի է լարախաղացությամբ զբաղվել: Ախր ոչինչ չկա, անգամ քաղաքական որոշմամբ՝ վիզաների ազատականացումը չկա: Այսինքն՝ էս բոլոր շոուները ոչ մի բանի մասին են:

  • Մակրոնն ասաց՝ Փաշինյանին, ինչպես Սանդուին, թևիս տակ եմ առնում: Մակրոնի՝ ինչ-որ մեկին հովանավորելն արդեն անեկդոտ է: Սա ես ասում եմ խորին հարգանքով հանդեպ Ֆրանսիայի ժողովրդին ու պետությանը: Մակրոնն էսօր միացել է սեփական ժողովրդին գժի տեղ դնողին: Մակրոնն էսօր հայ-ֆրանսիական հարաբերություններին մեծագույն վնաս հասցնողն է:
  • Էս եվրոպական, թուրքական ու ադրբեջանական աջակցության դիմաց Փաշինյանն ո՞ւմ՝ ի՞նչ է խոսք տվել, միայն Աստված գիտի: Ամեն ինչ հանած է աճուրդի: Ամբողջ խնդիրն այդտեղ է:
  • Քանի դեռ սրանք իշխանության են, և քանի դեռ մեր սուբյեկտայնությունն ուղղակի գետնին փռած փալաս է, որ պահին ում շահերից ինչ բխեց, անելու է: Երբ չկա գործընկերություն, արդյունքը սա է լինում: Եթե ԱՄՆ-ին անհրաժեշտ է Իրանի դեմ երկրորդ ճակատ բացել, ու եթե դիմացինդ ընդամենը գործիք է, դա անելու են:
  • Հայ-ռուսական դե ֆակտո հարաբերությունները ծայրից ծայր ճգնաժամային են՝ բոլոր ուղղություններով: Այս իրավիճակում ՌԴ նախագահը փորձում է հստակեցնել իրողությունը: Բայց նույն ՌԴ նախագահը 2021թ. ընտրություններից առաջ ասում էր, որ սա դավաճան չէ: Նույն ՌԴ նախագահն այսօր բողոքում է հայ-ռուսական հարաբերությունների որակից: Մինչդեռ շատ հստակ մի բան պետք է ասվեր՝ Ռուսաստանի հետ մեծ պայմանագրով ստանձնված պարտավորություններն առկա՞ են, թե՞ ոչ, և եթե առկա են, որքանո՞վ է սրա՝ սեփական ժողովրդին ուղղված պատերազմի սպառնալիքն արդիական, ո՞նց պատահեց, որ այդ պարտավորությունները չգործեցին Ջերմուկի դեպքերի ժամանակ, և, ի վերջո, Ռուսաստանի համար Հայաստանի սահմանը ո՞րն է մինչև դեմարկացիայի, դելիմիտացիայի ավարտը: Այս հարցերի մասին պետք է խոսի Ռուսաստանը:
  • Մենք ուզո՞ւմ ենք ունենալ պետություն, որը պետության համ ու հոտ ունենա: Այս հարցի հասցեատերը ՀՀ քաղաքացիներն են: Հունիսի 7-ի ընտրությունները սրա մասին են:

  • Եթե լինի այնպիսի սցենար, ու, Աստված մի արասցե, կրկնվի 2021թ. սցենարը, այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ, բովանդակությամբ նույն, ձևով տարբերվող գործընթաց ենք ունենալու Հայաստանում: Լինելու է պետության ու պետական ինստիտուտների անկման գործընթաց: Ինչը չկարողանան ստանալ ինքնակամ, անելու են ռազմական գործողությունների միջոցով: Ես չգիտեմ՝ կա՞ աշխարհում այնպիսի ծիածան, որի տակով սրանք անցնեն, ու հրաշք լինի, սրանց վարքը փոխվի: Չկա՛… Շարունակելու են նույն ձևով: Ի՞նչն է իրեն խանգարելու, որ 2 տարի հետո ասի՝ Միջանցք է, ադրբեջանցիները պիտի գան, արցախցիները չգնան, ու այդպես շարունակ:
  • Եթե հունիսի 7-ին հաղթի ընդդիմությունը, Հայաստանը շատ դժվարությամբ շանս է ստանալու պետություն մնալու, վերականգնվելու, գործընկերների հետ հարաբերությունները կարգավորելու, փրկվելու, սերունդ ունենալու, ապրելու ու մտածելու, որ մեր սերունդները շանս կունենան Հայաստանում ապրել՝ որպես հայ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031