Փաշինյանի նախընտրական «մշուշը»․ Ընտրությունների մոտենալուն զուգընթաց՝ Փաշինյանը փորձում է հանգստացնել հայ հասարակությանը
Երևանում ԵՄ-ում կամ ԵԱՏՄ-ում երկրի գտնվելու ընտրության վերաբերյալ հանրաքվեի անհրաժեշտություն չեն տեսնում, հայտարարել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ պաշտոնապես արձակուրդ մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «…կանցկացնենք այն պահին, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն լինի»:
Ռուս-հայկական հարաբերությունների «անխուսափելի տրանսֆորմացիայի» պայմաններում Եվրասիական ինտեգրացիոն միավորումից դուրս գալու անհրաժեշտություն չկա. «Ես հրապարակավ ասել եմ, որ մինչև այն պահը, երբ ընտրության անհրաժեշտություն չլինի՝ դե յուրե և դե ֆակտո, նման հարց օրակարգ չենք դնի։ Ես համաձայն չեմ «ամուսնալուծություն» ձևակերպման հետ, որովհետև երբեմն միջպետական հարաբերությունները շփոթում ենք ամուսնության հետ… ամենասուր հարցերը քննարկել ենք հանգիստ, հարգալից, բարեկամական մթնոլորտում»,- իր միտքը շարունակել է «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդը։
Այսպիսով Փաշինյանը պատասխանել է Վլադիմիր Պուտինին, ով մայիսի 9-ին առաջարկել է Հայաստանի իշխանություններին անցկացնել հանրաքվե՝ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ընտրության վերաբերյալ: Հայ հասարակության մեծամասնության կողմից անցողիկ «եվրոպական ընտրության» հաստատման դեպքում Մոսկվայի հետ սկսել «խելամիտ ամուսնալուծության» գործընթացը։
Ռուս-հայկական հարաբերությունների ներկա վիճակի աշխույժ քննարկման հերթական առիթը մայիսի սկզբին Երևանում միջոցառումների շարանն էր՝ Ռուսաստանի թշնամական եվրոպացի առաջնորդների և հատկապես Ուկրաինայի նախագահ Զելենսկիի մասնակցությամբ, որի ծայրահեղական արտահայտությունները մի շարք դիվանագիտական դեմարշների առիթ դարձան։
Պետական դումայի առանձին պատգամավորներ, փորձագետներ և քաղաքագետներ սկսել են տարածել հեռուն գնացող անպատասխանատու կոչերը՝ խզելու գրեթե բոլոր տնտեսական կապերը և դադարեցնելու համատեղ նախագծերը։ Մինչդեռ, հայ փորձագետները նշում են՝ Փաշինյանի կառավարման շրջանում Հայաստանի առևտրատնտեսական կապերը Ռուսաստանի հետ աճել են մոտ երկու անգամ։
2022 թվականի փետրվարին Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Հայաստանը դարձել է «զուգահեռ» արտահանման և ներմուծման գործողությունների ուղիներից մեկը։ Վերջին տարիներին ամրապնդվել են շրջանակների դիրքերը, այդ թվում՝ կառավարության հետ կապված, որոնք ուղղակիորեն հետաքրքրված են ոսկու, թանկարժեք քարերի և ապրանքների մի շարք այլ կատեգորիաների հետ կապված վերաարտահանման գործողություններով:
ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը վերջերս տված հարցազրույցում նշել է՝ 2025 թվականի արդյունքներով Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 36%-ը, մինչդեռ ԵՄ-ին՝ ընդամենը մոտ 10%-ը։ Ռուսական շուկա է մտնում գյուղատնտեսական արտադրանքի 98%-ը և թունդ ալկոհոլային խմիչքների արտահանման 78%-ը։ Արտաքին առևտրային հաշվարկների 98%-ը տեղի է ունենում ազգային արժույթներով։
Հայաստանում մեկնարկել են ռուսական բիզնեսի տասնյակ նախագծեր՝ կուտակված 4,2 մլրդ դոլար ներդրումներով։ Ռուսաստանն էներգետիկ և պարենային անվտանգության երաշխավորն է, ընդ որում, Հայաստանի համար կենսական անհրաժեշտ ապրանքներն ու էներգակիրները մատակարարվում են շուկայականից զգալիորեն ցածր գներով։ Ռուսաստանը հետագայում ևս պատրաստ է հանրապետության հետ կիսել իր ձեռքբերումները, մինչդեռ եվրոպացիները «փորձում են» վաճառել այն, ինչը չկա, այդպես էլ առաջին անգամ չէ»։
Միևնույն ժամանակ, տեղեկատվություն է տարածվում պաշտոնական շրջանառության մեջ ռուսական ռուբլու օգտագործումից հրաժարվելու նախապատրաստման մասին։ ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ 2027 թվականից սկսած Հայաստանը պետք է դադարեցնի պետական և միջպետական մակարդակներում ռուբլով հաշվարկների իրականացումը, ընդ որում, փոփոխությունները կարող են տարածվել նաև մասնավոր հատվածի վրա՝ ներառյալ ընկերությունների և քաղաքացիների միջև հաշվարկները։ Նման որոշումը, դրա իրականացման դեպքում, կունենա ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական հետևանքներ։
«Եվրոպամետ» հռետորաբանության և համապատասխան գործնական գործողությունների էսկալացիան կարող է առիթ դառնալ հնարավոր սահմանափակումների, որոնք կարող են հարվածել ինչպես հայկական խոշոր բիզնեսին («Ջերմուկի» պատմությունը պետք է դիտարկել որպես ազդակներից մեկը), այնպես էլ Հայաստանից Ռուսաստան աշխատանքային միգրանտներին, որոնց դրամական փոխանցումները կազմում են 10-15 ՀՆԱ։
Հավանաբար, ձգտելով կանխել բացասական սցենարները՝ Փաշինյանի կառավարությունը, «Եվրոպական ընտրության» մասին վերացական դատողություններին զուգահեռ, ջանքեր է գործադրում հարևան Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապեր հաստատելու ուղղությամբ։
Մասնավորապես, Երևանն ու Բաքուն բանակցություններ են վարում սահմանային ուղիղ հաղորդակցության բացման շուրջ, ինչի համար անհրաժեշտ է արագացնել պետական սահմանի հետագա դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը (առայժմ այդ գործընթացը քիչ թե շատ ավարտված է միայն հյուսիսային, «Տավուշի» հատվածում)։ Այս և մի շարք այլ լուրջ հարցերի էր նվիրված, մասնավորապես, ապրիլի 29-ին Աղվերանում փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը:
Բացի փաստաթղթերի հաստատումից, որոնք կոչված են արագացնելու սահմանային սահմանազատումը, Բաքվից հյուրը (ծնունդով Հայկական ԽՍՀ Նոյեմբերյանի շրջանից) մեկնել է հայրենի գյուղ և հանդիպել հայկական բիզնեսի ներկայացուցիչների հետ: Բանակցություններ են ընթանում Ադրբեջան մի շարք ապրանքների արտահանման հնարավորությունների շուրջ, ինչի մասին դեռևս հունվարին խոսել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Միջին և երկարաժամկետ հեռանկարում անդրսահմանային առևտրի վերսկսումը կարող է ճշգրտել Հայաստանի արտաքին տնտեսական կապերի կառուցվածքը։ Դեռևս 2024 թվականին Ալիևը հայտարարել էր, որ «արտահանման հնարավորությունների ընդլայնման շրջանակներում Բաքուն թույլ է տալիս Հայաստանի տարածքով անցկացնել էլեկտրահաղորդման գծերից և գազատարից մեկը։ Հայաստանը կարող է պոտենցիալ դառնալ Ադրբեջանից գազ ստացող»։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Հայաստան նավթամթերք ներկրող ընկերությունները կապված են խոշոր գործարարներ Խաչատուր Սուքիասյանի և Սամվել Ալեքսանյանի հետ:
Հավակնելով առանցքային տարանցիկ օղակի դերին Չինաստանի, Կենտրոնական Ասիայի, Թուրքիայի և Եվրոպայի միջև «միջին միջանցքի» ճանապարհին՝ Բաքվում ակնարկում են որոշ տարանցիկ և այլ արտոնությունների մասին, որոնք կարող էր ստանալ Հայաստանը, իհարկե, ներկայացվող պահանջների անշեղ կատարման դեպքում՝ սկսած Սահմանադրության փոփոխությունից մինչև ժամանակի ընթացքում նախկին Հայկական ԽՍՀ-ի ադրբեջանցի քաղաքացիների և նրանց ժառանգների վերաբնակեցման վայրեր (նախ և առաջ՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի, մասամբ՝ Արարատյան դաշտի սահմանամերձ շրջաններ և այլն):
Ինչպես վկայում է մեկնարկած ընտրարշավը, «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդը ակնարկները լավ է հասկանում՝ պատմելով, որ Ղարաբաղը, պարզվում է, երբեք հայկական չի եղել, և ընտրողին վախեցնելով պատերազմով՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության անհաջողության դեպքում։ Իր հերթին, Ադրբեջանի առաջնորդը նախազգուշացնում է «ռևանշիստական ուժերի» իշխանության գալուց՝ այդ դեպքում հայ ժողովրդին «մեծ անախորժություններ» խոստանալով:
Պատահական չէ նաև Թուրքիայի հետ երկխոսության առաջընթացը, ներառյալ՝ սահմանի ապաշրջափակման նախապատրաստումը և որպես նախապատրաստական քայլ՝ Փաշինյանի հայտարարած՝ հարևանների կողմից առևտրային գործարքների պարզեցումը։
Այսուհետ որպես վերջնական ստացող՝ կարելի է նշել Հայաստանը, ինչը վերացնում է փաստաթղթերի վերաձևակերպման համար միջնորդ փնտրելու անհրաժեշտությունը, և այլն:
Հայ քաղաքական գործիչների որոշ հարցազրույցներից երևում է՝ նրանք ծայրահեղ անհամբերություն են ցուցաբերում Թուրքիայի հետ սահմանի բացման հարցում, սակայն Անկարայում առաջվա պես անդրդվելի են՝ որպես նախապայման ներկայացնելով Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը (հիշեցնենք, որ այս փաստաթուղթը երկու երկրների արտգործնախարարների կողմից նախաստորագրվել էր 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում)։
Վլադիմիր Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի այն ամենին, ինչը ձեռնտու է հայ ժողովրդին։ Հայաստանի նման երկրների համար ներքին օրակարգը հաճախ սերտորեն կապված է արտաքին քաղաքական առաջնահերթությունների հետ, որոնք տարբեր կերպ են մեկնաբանվում առանձին էլիտար և հասարակական խմբերի կողմից։ Վերջին հարցումները վկայում են՝ մեծ մասամբ քաղաքացիները չեն ընկալում որոշ կողմնակիցների հակառուսական հռետորաբանությունը, որոնք փորձում են ընտրողին «դեպի Եվրոպա ճանապարհի» անվան տակ վաճառել Հայաստանի ինտեգրումը «թյուրքական աշխարհին»։ Պետք է ենթադրել, որ հունիսյան ընտրությունների արդյունքները ևս մեկ անգամ կհաստատեն դա։
Անդրեյ Արեշև
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի



