Զորքերի տեղակայման հետաձգումը Լեհաստանում չի նշանակում Եվրոպայում ԱՄՆ ուժերի կրճատում. Վենս
ԱՄՆ-ը հայտարարել է, որ Լեհաստանում ամերիկյան զորքերի տեղակայման հետաձգումը չի նշանակում Եվրոպայում ռազմական ներկայության կրճատում և կապված է լոկ տեխնիկական ռոտացիոն ուշացման հետ։
«Այն, ինչ մենք փորձում ենք անել, և այն, ինչին ուղղված է մեր արտաքին քաղաքականությունը, եվրոպական անկախության և ինքնիշխանության խթանումն է։ Մենք ցանկանում ենք, որ Եվրոպան ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի սեփական տարածքային ամբողջականության համար»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Մենք պարզապես հետաձգել ենք զորքերի տեղափոխումը Լեհաստան։ Դա կրճատում չէ, սովորական ուշացում է ռոտացիոն գործընթացներում»,- հավելել է նա։
Վենսը նշել է, որ Լեհաստանն «ի վիճակի է պաշտպանելու իրեն՝ ԱՄՆ-ի զգալի աջակցության դեպքում»։ «Մենք չենք խոսում Եվրոպայից ամերիկյան բոլոր զորքերի դուրսբերման մասին։ Մենք խոսում ենք որոշ ռեսուրսների վերաբաշխման մասին այնպես, որպեսզի առավելագույնի հասցվի ԱՄՆ անվտանգությունը,- ասել է նա,- Ես չեմ կարծում, որ դա վատ է Եվրոպայի համար. դա խթանում է Եվրոպային ավելի շատ պատասխանատվություն ստանձնել։ Միացյալ Նահանգները չի կարող լինել աշխարհի ժանդարմը (ոստիկանը)»։
Փոխնախագահը նաև հայտարարել է, որ այդ զորքերն ի վերջո, այնուամենայնիվ, կուղարկվեն Լեհաստան, բայց կարող են տեղակայվել նաև Եվրոպայի այլ երկրներում։
«Փաստացիորեն մենք դեռ վերջնական որոշում չենք ընդունել, թե կոնկրետ ուր են ուղարկվելու այդ զորքերը, բայց ես ասում եմ, որ սխալ է պնդել, թե մենք զանգվածաբար զորքեր ենք դուրս բերում,- ասել է նա,- Սա շատ փոքր և աննշան փոփոխություն է, և, անկեղծ ասած, եվրոպական լրատվամիջոցների զգալի մասը չափից ավելի սուր է արձագանքում դրան»։




