ԳԱԼՈՒ ԵՆ…ուժային համակարգի սիրասուն տղաներ և աղջիկներ, հիշեք՝ անկախ նրանից, թե որտեղ կլինի Նիկոլը՝ բանտում, գերեզմանում, թե արտասահմանում, ձեր բոլորի հետևից գալու են. Միհրան Հակոբյան

Պատմաբան Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«1953-ին Ստալինի մահից հետո ԽՄԿԿ Կենտկոմի նախաձեռնությամբ հազարավոր մարդիկ են ռեաբիլիտացվել ու տուն դարձել Գուլագից և այլ աքսորավայրերից: Հազարավորների էլ ԽՄԿԿ Կենտկոմն ու Մինստրների խորհուրդը հետմահու է արդարացրել: Այս քայլին գնացող հետստալինյան նոմենկլատուրան բաղկացած էր այն մարդկանցից, որոնք ստալինյան բռնաճնշումների ուղիղ մասնակիցներ էին: Ստալինը հո՞ չէր կարող մենակով մոտ 2 միլիոն մարդ բռնադատել:

Իրենց մեղքը որոշակիորեն քավելու համար նրանք արագորեն գնացին գործերի վերանայումների և արդարացումների՝ միաժամանակ ազատվելով Բերիայից ու նրա վրա բարդելով եղած-չեղածը: Իսկ արդեն 1956-ի հայտնի ԽՄԿԿ 20-րդ համագումարում Ստալինի անձի պաշտամունքի քննադատությունից հետո նոմենկլատուրան քավության նոխազ նշանակեց Ստալինի հրահանգները կատարող ռեպրեսիվ ապարատի պարագլուխներին:

Ինչու՞ այդպես վարվեցին. որովհետև բոլորի համար էլ պարզ էր, որ թեև փորձում են չքմեղանալ, բայց կատարվածի հետ իրենք էլ կապ ունեն: Այդ մասին մարդիկ սկսել էին խոսել:Եվ, խոսում էին բարձրաձայն: Օրինակ՝ գրող Նաիրի Զարյանը ԽՄԿԿ Կենտկոմի նախագահության անդամների մասին հրապարակավ ասել էր.

«Ո՞վ կարող է հավատալ, որ նրանք չեն տեսել այդ ամենը: Ինչպե՞ս կարելի է բացատրել այն փաստը, որ նրանք տեսել և հանդուրժել են այդ ամենը։ Վախի՞ց։ Բայց արդյո՞ք վախկոտը իրավունք չունի գործելու։ Մենք չենք ներում վախկոտությունը նույնիսկ շարքային զինվորին։ Շարքային զինվորին գնդակահարում են, երբ նա վախկոտություն է ցուցաբերում մարտի ժամանակ, իսկ երբ պետական գործիչներն են վախկոտություն ցուցաբերում, դա հանգեցնում է ժողովրդի համար սարսափելի աղետի»։

Նաիրի Զարյանի այս խոսքն այն աստիճանի արձագանք էր ունեցել ԽՍՀՄ ամբողջ տարածքում, որ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը ստիպված էր հրապարակավ քննադատել գրողին, որպեսզի մոսկովյան նոմենկլատուրային ցույց տա, թե համաձայն չէ Զարյանի կարծիքի հետ: Հենց նմանատիպ մտքերն էին, որ ստիպեցին Ստալինի երբեմնի հանցակիցներին մի կողմից մեղքը բարդել մեռած Ստալինի ու Բերիայի վրա, մյուս կողմից՝ դաժանորեն փոշիացնել այն ուժայիններին, որոնք կատարել էին Ստալինյան Կենտկոմի հրահանգները:

Ինչու՞ հիշեցի այս պատմությունը. մի օր Նիկոլը վարչապետ չի լինելու: Եվ, անկախ նրանից, թե ով է լինելու վարչապետ, Նիկոլի արածների համար պատասխան է տալու ոչ միայն Նիկոլն անձամբ, այլև անբարոյական «բեսպրեձելի» հրահանգներ կատարած ուժայինները: Լավ է, թե վատ է, բայց այդպես է աշխատում պատմությունը. քաղաքական գործիչները միշտ լուծումներ գտնում են, իսկ քավության նոխազ նշանակվում են կատարողները…

Այնպես որ՝ ուժային համակարգի սիրասուն տղաներ և աղջիկներ, հիշեք՝ անկախ նրանից, թե որտեղ կլինի Նիկոլը՝ բանտում, գերեզմանում, թե արտասահմանում, ձեր բոլորի հետևից գալու են: Անգամ էական չի, թե ով է գալու, ինչ գույնի կամ դրոշի ներքո է գալու: Էականն այն է, որ ԳԱԼՈՒ ԵՆ…»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031