Պենտագոնը և Shield AI-ը պայմանավորվել են Իրանի հետ պատերազմի ֆոնին էժան հարվածային դրոնների համար ԱԲ ներդրման շուրջ
ԱՄՆ կառավարությունը համագործակցում է պաշտպանական տեխնոլոգիաների Shield AI ստարտափի հետ՝ ձգտելով ձեռք բերել ավելի էժան անօդաչու սարքեր Իրանի հետ պատերազմի պատճառով նյութերի արժեքի բարձրացման պայմաններում, հայտնում է CNBC-ն։
ԱՄՆ պաշտպանության նախարարի հետազոտությունների և ճարտարագիտության գծով տեղակալի գրասենյակը հայտնել է, որ ինտեգրում է Shield AI-ի Hivemind ինքնավար կառավարման ծրագրային ապահովումը՝ ցածրարժեք անօդաչու հարվածային համակարգերը կառավարելու համար, որոնք հայտնի են որպես LUCAS-դրոններ։
Shield-ում հայտարարել են, որ արհեստական բանականության ծրագրային ապահովումը զինվորականներին հնարավորություն կտա համակարգել և հարմարեցնել LUCAS-դրոնների երամներն արագ փոփոխվող մարտական իրավիճակում։ Տեխնոլոգիան նաև հարթակներին հնարավորություն է տալիս գործել, շտկել վարքագիծը և որոշումներ ընդունել առանց մարդու միջամտության։
«Ի վերջո, սա ավելի շահավետ է ամերիկյան հարկատուների համար, քանի որ թիրախի ոչնչացումն ավելի էժան է նստում, ինչպես նաև բարձրացնում է մեր զինծառայողների անվտանգությունը»,- CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Shield AI-ի համահիմնադիր և նախագահ Բրենդոն Ցենգը։
Պենտագոնը և Shield-ը չեն բացահայտել գործարքի ֆինանսական պայմանները։
ԱՄՆ կառավարությունն ակտիվորեն ներդնում է նոր տեխնոլոգիաներ Իրանի դեմ պատերազմում, քանի որ իրանական էժան «Shahed» դրոնները ոչնչացնում են թանկարժեք ռազմական համակարգերը և փոխում ժամանակակից մարտադաշտի բնույթը։ Պաշտպանական տեխնոլոգիական ընկերությունները, մասնավորապես՝ Shield AI-ը, առաջարկում են լուծումներ, սակայն նրանց տեխնոլոգիաները դեռևս չեն օգտագործվում ամբողջ ծավալով։
LUCAS-ը բացառություններից մեկն է, և կառավարությունը ծրագրում է գնել ավելի շատ նման համակարգեր՝ Իրանում դրանց հաջող կիրառումից հետո։
35 հազար դոլար արժողությամբ դրոնը, որն արտադրել է Արիզոնայի ամերիկյան SpektreWorks ընկերությունը, իրանական այն անօդաչու սարքերի պատճենն է, որոնք վնաս են հասցրել տվյալների կենտրոններին, դեսպանատներին և օդանավակայաններին։
Ցենգն ակնկալում է, որ արհեստական բանականությամբ կառավարվող ավելի էժան ռազմական համակարգերը ժամանակի ընթացքում կփոխարինեն հնացած սպառազինությունները, թեև այդ անցումը կարող է տևել ավելի քան մեկ տասնամյակ։




