ԱՄՆ-ը դարձյալ հրաժարվել է պատասխանատվություն ստանձնել Իրանում դպրոցի վրա հասցված հարվածի համար
Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի բարձրաստիճան հրամանատարը խուսափել է պատասխանատվություն ճանաչել Իրանում դպրոցի վրա հասցված հարվածի համար, որի հետևանքով պատերազմի առաջին օրը 155 մարդ էր զոհվել՝ հայտարարելով, որ հետաքննությունը մնում է «բարդ», հայտնում է France 24-ը։
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը Կոնգրեսի վերահսկողության կոմիտեին հայտնել է, որ «բուն դպրոցը տեղակայված է եղել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թևավոր հրթիռների ակտիվ ռազմաբազայի տարածքում», ինչի պատճառով հետաքննությունն «ավելի բարդ է, քան ստանդարտ հարվածի դեպքում»։
Իրանական պետական լրատվամիջոցների տվյալներով՝ փետրվարի 28-ին Մինաբ քաղաքի դպրոցին հասցված հարվածի հետևանքով զոհվել է 73 տղա, 47 աղջիկ, 26 ուսուցիչ, յոթ ծնող, դպրոցական ավտոբուսի վարորդը և ևս մեկ չափահաս անձ։
Միացյալ Նահանգները բազմիցս խուսափել է ողբերգության համար ուղղակի պատասխանատվություն ճանաչելուց։
Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ դպրոցին հարված է հասցվել ամերիկյան Tomahawk թևավոր հրթիռով՝ զենքով, որն Իրանը չունի։ CNN-ը նույնպես հայտնել էր, որ հարվածի հետևում կանգնած է ԱՄՆ-ը։




