Ինչպես «Ամերիաբանկի» սեփականատեր դարձավ թուրքական կապիտալը, նույնն են փորձելու անել ՀԷՑ-ի հետ. Պետականացումը կբերի հոսանքի սակագնի թանկացման. Նաիրի Սարգսյան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության հնարավոր ազգայնացման շրջանակում կառավարության կողմից նախաձեռնված օրենսդրական բարեփոխումների փաթեթն իրավաբանորեն խոցելի փաստաթուղթ է։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀԷՑ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ վաղն Ազգային ժողովի արտահերթ նիստում ՔՊ-ականների ներկայացրած ՀԷՑ-ը պետականացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը մեկ բառով բնորոշելով՝ անգրագիտություն։

«Ենթակառուցվածքային ընկերությունների ազգայնացումը, ինչպես ցույց են տվել Արգենտինայի, Բոլիվիայի և Հունգարիայի օրինակները, հանգեցրել ներդրումների ներգրավման, տեխնիկական խնդիրների ի հայտ գալու, էներգամատակարարման ընդհատումների և, որպես արդյունք, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման»,- նշեց Ղազինյանը։

Նա ընդգծեց, որ 2016թ. «Տաշիր Գրուպի» կողմից ՀԷՑ ձեռքբերումից ի վեր էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է ընդամենը 4.8 դրամով, մինչդեռ ՀԷՑ բաժինն այս բարձրացման մեջ կազմել է 0 դրամ:

«Ավելին, ընկերությունը կարողացել է զսպել սակագնի աճը՝ կրճատելով էլեկտրաէներգիայի կորուստները»,- ավելացրել է նա:

Կարդացեք նաև

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀԷՑ-ի պետականացումը հոսանքի սակագնի թանկացման հետ կապեց նաև «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

«Այո, տեղի է ունենալու սակագնի բարձրացում. այդ խնդիրը հիմա էլ դրված էր ՀԷՑ-ի վրա, բայց ՀԷՑ-ը չէր բարձրացնում, իսկ պետականացման դեպքում բարձրանալու է։ Մյուս խնդիրը, որը ցանկանում է այս իշխանությունը լուծել, արտաքին քաղաքական վեկտորը դեպի Թուրքիա թեքելն է. իսկ դա առանց ռազմավարական օբյեկտների՝ հնարավոր չէ անել։ Հիշե՛ք, թե ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանի ամենախոշոր բանկերից մեկի՝ «Ամերիաբանկի» հետ. բաժնետոմսերի 90 տոկոսն անցավ վրացական մի բանկի, որի սեփականատերը թուրքական կապիտալն է։ Հայաստանի խոշորագույն այդ բանկը, որը հսկայական տեղեկատվություն է պարունակում, հասանելի դարձավ թուրքական կապիտալին։

Հիմա ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող հաջորդ օբյեկտը ՀԷՑ-ն է։ Ցանկանում են՝ ՀԷՑ-ի հայ սեփականատիրոջն ունեզրկել, սեփականությունը խլել, ունեզրկել, որ հանձնեն թուրքերին»,- ասաց Նաիրի Սարգսյանը՝ ընդգծելով՝ Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխություն դեպի Թուրքիա հնարավոր չի լինելու իրականացնել՝ առանց Հայաստանի ռազմավարական օբյեկտների սեփականությունը Թուրքիային հասանելի չդարձնելու միջոցով։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս