Պատերազմը սկսելու որոշումը կայացվել է ամենահարմար պահին, իսկ Շուշիի գրավման օրը Բաքու էր մեկնել Հուլուսի Աքարը. ուշագրավ փաստեր

2020 թ. 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակի 5-ամյակին նվիրված մեծամասշտաբ զորահանդես է անցկացվելու Բաքվում նոյեմբերի 8-ին, որտեղ Ադրբեջանը ցուցադրելու է իր ամբողջ զինանոցը, այդ թվում՝ 44-օրյա պատերազմից հետո ձեռք բերված սպառազինությունը, որոնք հիմնականում հարձակողական են:

Բնական է՝ զորահանդեսին ներկա են լինելու Թուրքիայի, Պակիստանի ղեկավարները՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմում հաղթել է Թուրքիայի և Պակիստանի անմիջական մասնակցության շնորհիվ: Իհարկե, այլ երկրներից ներկայացուցիչներ ևս կլինեն, հատկապես որոնց հետ Ադրբեջանը պաշտպանական ամուր համագործակցություն ունի:

Նշենք, որ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահն ընդունել է տարբեր պետությունների ներկայացուցիչներից կազմված ՆԱՏՕ-ի պատվիրակությանը, որի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի բանակի արդիականացումը շարունակվելու է, չնայած «ադրբեջանական օկուպացված տարածքները» վերականգնվել են, և, որ իր երկրի բանակը համապատասխանեցվում է ՆԱՏՕ-ի ստանդարտներին, և հենց այդ համատեքստում է Ադրբեջանի զինված ուժերը սերտ համագործակցում թուրքական բանակի հետ:

168.am-ը բազմիցս գրել է, թե 44-օրյա պատերազմի օրերին ինչպես են թուրք գեներալները ղեկավարել Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբը, իսկ պատերազմից հետո անմիջական մասնակցություն ունեցել Ադրբեջանի բանակը «թուրքական փոքր բանակի» վերածելու գործընթացին: Ավելին, հայտնել ենք, որ Ադրբեջանի բանակում բարձր պաշտոններ են վստահում 44-օրյա պատերազմի հերոսներին և հատկապես՝ թուրքական բանակի նրբություններից տեղյակներին:

Կարդացեք նաև

Մեկ այլ հոդվածում էլ գրել էինք, որ Ադրբեջանի զինված ուժերի կադրային փոփոխություններում որոշիչ դեր ունի Ցամաքային զորքերի հրամանատար-Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը: Նա 44-օրյայի ժամանակ եղել է Ադրբեջանի բանակի Հատուկ նշանակության ուժերի հրամանատարը, և Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար դառնալուց հետո նրա «թեթև ձեռքով» պաշտոններին հրաժեշտ են տվել մի շարք հնաբնակ, գուցե՝ ՆԱՏՕ-ական չափանիշներին չհամապատասխանող գեներալներ, թեև իրենց ներդրումն են ունեցել 2020 թվականի ադրբեջանական հաղթանակում:

Ադրբեջանն այլևս չի թաքցնում, որ ինքն է սկսել պատերազմը. որոշումը կայացվեց ամենահարմար պահին

Եթե պատերազմից հետո տևական ժամանակ Ադրբեջանը հայտարարում էր, թե հայկական կողմն է սկսել պատերազմը, ապա վերջին շրջանում աշխատում են չթաքցնել, որ 44-օրյա պատերազմը հենց իրենք են սկսել:

Ներկայացնենք վերջին թարմ օրինակները: Անկարայում տեղի ունեցած՝ 2020 թվականի պատերազմում ադրբեջանական հաղթանակին նվիրված միջոցառման ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է.

«Ադրբեջանի բանակը սկսել է մարտական գործողությունները՝ նպատակ ունենալով «ազատագրել օկուպացիայից հայրենի հողը` Ղարաբաղը», և վերջ դնել տարիների ճնշմանը և անարդարությանը»:

Նա շեշտել է՝ Թուրքիան և՛ այսօր, և՛ վաղը ևս պաշտպանելու է Ադրբեջանին իր արդար գործում, իր անվտանգությունն ապահովելու հարցում։

Իսկ ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում 44-օրյա պատերազմի մասնակից ադրբեջանցի գնդապետներից մեկը նշել է.

 

«Մարտական պատրաստության զորավարժանքների ընթացքում մենք զգում էինք, որ դա շուտով տեղի կունենա: Բայց Գերագույն գլխավոր հրամանատարը հիանալի գիտեր՝ ինչ, ինչպես և երբ իրականացներ: Եվ նա այդ որոշումը կայացրեց ամենահարմար պահին: Ու սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսվեց Հայրենական պատերազմը: Այդ ժամանակ ես աշխատում էի Գլխավոր շտաբի Բաքվի բարձրագույն հրամանատարական ուսումնարանում, և երբ սկսվեց պատերազմը, ինձ ուղարկեցին ճակատամարտ»:

Իհարկե, հետո ադրբեջանցի գնդապետն իր խոսքում մի փոքր խմբագրում է կատարում՝ պատմելով.

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան 05:30 արթնացել էի, մարզվում էի, և այդ պահին զանգ հնչեց, գաղտնի տեղեկություն հայտնեցին: Ադրբեջանական բանակը սահմանի ամբողջ երկայնքով «հակահարձակում» էր (չակերտները։-Մ.Պ.): Մենք երկար էինք սպասել այդ օրվան…»:

Այս համատեքստում ադրբեջանական բանակի ներկայացուցիչը չի անտեսել «Օհանյանի գծի» «հատվածում իրենց հանդիպած դժվարությունները, բայցև պատմել է, թե ինչպես են «Կուբաթլուի (Սանասար) մեր զորամասի հրամանատարի սենյակից քարտեզներ վերցրել և տեղեկացել հայկական կողմի պլաններին», ինչից ելնելով՝ որոշել իրենց հետագա քայլերը:

Մի առիթով գրել ենք, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանն իր ռազմական օպերացիաներում փոփոխություններ է մտցրել, այդ թվում՝ հաշվի առնելով, որ «հակառակորդը կարող է տեղեկություն ունենալ իրենց մտադրությունների մասին»: Նման մանրամասներ ինքը՝ Ալիևն է հայտնել նաև, միաժամանակ նշելով, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում իրենց գործողությունների հիմքը մշակվել է պատերազմից շատ ավելի վաղ:

5 տարի առաջ այս օրը. ուշագրավ դրվագներ

 5 տարի առաջ այս օրերին որոշվում էր Շուշիի ճակատագիրը և ոչ միայն, ուստի հարկ ենք համարում մի քանի կարևոր դրվագներ հիշեցնել:

– 2023 թվականին հունիսի 20-ին Քննիչ հանձնաժողովում Փաշինյանը Շուշիի թեմային անդրադառնալով՝ մասնավորապես, ասել էր.

«Նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին… Շուշիի անկման լուրը լսելով՝ առաջին արձագանքս պահանջն էր՝ կատարեք այն, ինչ խոստացել եք՝ Շուշին պահել, ետ վերցնել: Ի վերջո, ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին…»:

Իսկ 2021 թվականի հունիսի 5-ին Աբովյանում նախընտրական հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարել էր. «Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու: Ինքն ինձ․․․, ինձ չէ, դատարանում պետք է բացատրի, թե Շուշիին օգնության հասնող խումբն ինչո՞ւ է 1.5-2 օր ուշացումով տեղ հասել»:

Թե կոնկրետ ինչ հաշվարկով են մշակվել և իրականացվել Շուշին հետ բերելու գործողությունները, հայտնի չէ, հնարավոր է՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն անդրադարձել է քննիչ հանձնաժողովում իր հարցաքննությունների ժամանակ: ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին, ով միակ մեղադրվողն է Շուշիի պաշտպանությունը չկազմակերպելու հարցում, իշխանությունները չեն ցանկացել լսել հանձնաժողովում:

Հավելենք, որ Միքայել Արզումյանյանի մեղադրանքն ավարտվում է նոյեմբերի 7-ով, իսկ հակագործողությունները, ինչպես նշեցինք՝ Փաշինյանի հրամանով իրականացվել են նոյեմբերի 7-ից հետո:

2024 թվականին ՀՀ քննչական կոմիտեից մեզ հայտնել էին. «2020 թվականի նոյեմբերի 7-ից հետո Շուշիի ուղղությամբ տեղի ունեցած իրադարձությունները քննության առարկա են դարձված ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացվող քրեական վարույթների շրջանակներում»:

Ավելի ուշ նույն հարցի պատասխանը համարել էին գաղտնի:

– 2020-ի նոյեմբերի 7-ի ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ադրբեջանական ֆեյք լուրեր էր տարածել՝ պնդելով, թե սպանվել է ադրբեջանցի գնդապետ Մենսիմովը, իսկ նա այդ պահին Շուշին էր գրավում, որի մասին արդեն պատերազմից հետո մանրամասներ էր ներկայացրել:

– Նոյեմբերի 7-ին նաև հայկական սոցցանցային տիրույթում ինչ-ինչ օգտատերեր արխիվային տեսանյութ էին տարածել և եզրակացրել, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել: Փաշինյանի այդ ժամանակվա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն էլ որոշել էր ակտիվորեն հերքել այդ ֆեյքային տեղեկությունը, որի մասին շարքային քաղաքացիները միայն այդ հերքումից հետո իմացան: Թե սա ինչ «խաղ» էր, գուցե մի օր կպարզվի:

– Նոյեմբերի 6-ին և 7-ին Արայիկ Հարությունյանի հրամանով Երևան էին եկել և՛ Սամվել Բաբայանը, և՛ Սեյրան Օհանյանն ու Արգիշտի Քյարամյանը, որպեսզի ՀՀ իշխանությունների հետ ինչ-ինչ խնդիրներ լուծեն, այդ թվում՝ սպառազինության։

– 2022 թվականին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի նախագահական գրադարանում «Հայրենական պատերազմի պատմությունը» գրքի շնորհանդեսի ժամանակ Շուշիի գրավման օպերացիայի հետ կապված մի քանի «գաղտնազերծում» էր արել.

«Մենք ամեն առավոտ զեկուցում էինք ռազմական օպերացիայի դետալները: Նախօրեին ես ներկայացրեցի մարտական գործողությունների պլանը, բայց Ադրբեջանի նախագահը մերժեց այն: Նա ասաց, որ չպետք է վնաս հասցնել շենքերին և պատմական հուշարձաններին, և քաղաքը պետք է վերցնել առանց ծանր մարտական տեխնիկայի կիրառման: Եվ նախագահի հանձնարարությամբ, Շուշին «ազատագրվել» է Ադրբեջանի հատուկ ջոկատայինների ուժերով: Երեկոյան մոտավորապես ժամը 20:00-21:00-ի սահմաններում ես զեկուցել եմ երկրի ղեկավարին, որ քաղաքն «ազատագրված» է»,- պատմել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարը:

– 2024-ի հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել էր.

«Նոյեմբերի 8-ին ես չէի կարող ասել, թե ինչպես կավարտվի պատերազմը, չէի կարող դա ասել լիակատար վստահությամբ: Իհարկե, ես գիտեի, որ ամեն ինչ բերելու է մեր հաղթանակին, բայցև նոյեմբերի 8-ին հնարավոր չէր կանխատեսել՝ երբ և ինչպես դա տեղի կունենա: Իհարկե, նոյեմբերի 8-ին խոշոր իրադարձություն տեղի ունեցավ՝ «ազատագրվեց» Շուշին, բայց, ըստ էության, ռազմավարական տեսանկյունից անիմաստ էր սեպարատիստների դիմադրելը:

– Ի դեպ, 2020 թվականի նոյեմբերի 1-ին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ նախատեսվում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի այցը Բաքու՝ Էրդողանի հանձնարարականով, որին հոկտեմբերի 29-ին նախորդել էր Էրդողան-Ալիև հեռախոսազրույցը: Եվ Շուշին գրավելու՝ Ադրբեջանի համար ճակատագրական վերջին պահին՝ 2020 թվականի նոյեմբերի 8-ին, Աքարն արդեն Բաքվում էր:

Սրանից օրեր առաջ՝ 2020թ. նոյեմբերի 6-ին, ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել էր.

«Ղարաբաղյան պատերազմում թուրքական հետախուզական ծառայության աշխատանքը մենք զգում ենք, տեսնում ենք առանձին էլեմենտներ այդ աշխատանքի։ Ինչ վերաբերում է բրիտանական հետախուզությանը, նրանց մասին ոչինչ ասել չեմ կարող»:

Մենք գրել ենք, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ աշխատել է թուրքական հետախուզությունը, կատարվել են Էրդողանի հրամանները: Նշենք, որ 44-օրյա պատերազմի օրերին Հաքան Ֆիդանն էր ղեկավարում  Թուրքիայի ազգային հետախուզությունը (MIT), ով այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է, և 44-օրյա պատերազմից ոչ անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից պարգևատրվել էր նաև 2020թ. պատերազմում կատարած առաքելության համար:

– Նոյեմբերի 8-ին ԱԱԾ տնօրեն է նշանակվում Արմեն Աբազյանը։ Իսկ Շուշիի համար մարտերն ավարտվում են այդ ժամանակահատվածում, ինչպես նախապես զգուշացրել էր ՀՀ ՊՆ ներկայացուցիչ ընտրված Արծրուն Հովհաննիսյանը, բայց ոչ մեր օգտին…

Տեսանյութեր

Լրահոս