Բոլորի մոտ տպավորություն կա, թե Օնիկ Գասպարյանը «թքած» ունի ամեն ինչի վրա, նրան չի մտահոգում՝ ինչ է կատարվում, այդպես չէ՞. Գրիգոր Գրիգորյան

Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել էր՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» պետք է լինի և կլինի, և, որ Հայաստանը չի կարող աշխարհագրական պատնեշ լինել Թուրքիայի ու Ադրբեջանի միջև։

168.am-ը  «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանի հետ զրույցում փորձել է հասկանալ՝ արդյո՞ք սա ենթադրում է Ադրբեջանի կողմից Սյունիքի ուղղությամբ ռազմական գործողությունների հնարավորություն, թե՞ սահմանազատման և սահմանագծման գործընթացի հաջորդ փուլը լինելու է Սյունիքում: Այսինքն՝ ինչպե՞ս կարող է Ադրբեջանը ստանալ «Զանգեզուրի միջանցքը»:

-Եթե Հայաստանում ի հայտ չգան ուժեր, որոնք փորձեն դեմ կանգնել դրան, ապա հանգիստ ճանապարհով Ադրբեջանը ստանալու է դա, և Փաշինյանը ֆինանսական միջոցներ է հատկացնելու այդ նպատակով, ինչպես դա արեց Կիրանցում և Ոսկեպարում: Եթե խաղաղ ճանապարհով չստանան, ապա 90 տոկոս հավանականությամբ փորձելու են միջանցքը ստանալ ռազմական ճանապարհով: Բայց, կրկնում եմ, պակաս հավանական չէ, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացի հաջորդ փուլը լինի Սյունիքում և Վայքի հատվածում: Այսինքն, Ջերմուկով, Երասխով, Մեղրի-Կապան ճանապարհը, որ վաղուց ուզում է Ադրբեջանը, քանի որ ՀՀ-ում ունեն իրենց «դաշնակից», ես կասեի՝ «եղբայր» Հայաստանի վարչապետ, ուստի ամեն ինչ անում են, որ հասնեն մաքսիմալ արդյունքի՝ Հայաստանը ոչնչացնեն:

Իրականում «Զանգեզուրի միջանցքը» ուղղակի պատրվակ է, այսօր դա են ուզում, վաղը մեկ ուրիշ բան են ուզելու, մյուս օրը՝ լրիվ ուրիշ, և այսպես՝ մինչև Երևան հասնեն:

Կարդացեք նաև

-Ի դեպ, Ալիևը վերևում հիշատակված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը «ֆաշիստական պետություն է, ֆաշիզմի սպառնալիքը չի վերացել», և կամ այդ «ֆաշիզմը» կոչնչացնի ՀՀ ղեկավարությունը, կամ՝ իրենք: Ի՞նչ է սա ենթադրում, ինչպե՞ս է Փաշինյանը վերացնելու դա՝ մարդկա՞նց է ձերբակալելու:

-Այսօր միջազգային հանրության շրջանում, Եվրոպայում Հայաստանը ներկայացված է՝ որպես ժողովրդավարական երկիր, և Ալիևը փորձում է ցույց տալ, որ Հայաստանի ընդդիմությունը կամ նրանք, ովքեր դեմ են գործող իշխանություններին, իշխանափոխություն են պահանջում, նրանք, այսպես ասած, «ֆաշիստական» գաղափարների կրողներ են:

Ավելին, փորձ է արվում միջազգային հանրության ուշադրությունը գրավել, որ Հայաստանում «ֆաշիզմ» է ձևավորվում: Պիտի ասեմ, որ դա իրենց մոտ լավ էլ ստացվում է, և այստեղ ոչ միայն Ալիևի գործոնն է, այլ կոնկրետ կենտրոնների, որոնք մշակում են նման գործողությունները, թելադրում՝ ով, ինչ պետք է անի:

Այս համատեքստում, ցավոք, պիտի նշեմ, որ հայաստանյան ընդդիմությունը, նրա կարգավիճակը հիշեցնում է «Կարապը, խեցգետինը և գայլաձուկը» հայտնի ռուսական առակը, երբ ամեն մեկը սայլը մի կողմ է քաշում:

Ինչ վերաբերում է ձերբակալությունների հնարավորությանն Ալիևի նշած սպառնալիքը վերացնելու համատեքստում, չի բացառվում, որ ձերբակալություններ սկսվեն, և ձերբակալությունների տանեն նրանց, որոնք կարող են անգամ փոքր խոչընդոտ հանդիսանալ իշխանության ծրագրերի համար, կամ կարողանան հակակառավարական ինչ-որ բան կազմակերպել: Պիտի ասեմ, որ, ըստ էության, գեներալ Տիրան Խաչատրյանի կալանավորումը հենց այս տրամաբանության մեջ է, նաև, որ մարդկանց պահեն վախի ազդեցության տակ:

-Բայց գեներալները վտա՞նգ են ներկայացնում Փաշինյանի համար:

-Նայած՝ ինչ գեներալ:

-Մեծ հաշվով, գեներալները վտանգ չեն ներկայացնում, այդպես չէ՞, ո՛չ խոսում են, ո՛չ հակադարձում…

-Գեներալներ կան, որոնք պայքարում են, նրանց մի դատեք լռել-չլռելով:

-2021 թվականի փետրվարին գեներալները կարո՞ղ էին իրավիճակ փոխել, երկրի համար վտանգավոր կամ երկրին կործանման տանող անիվը կանգնեցնել:

-Դա 2024 թվականի մայիսի 9-ին էլ էր հնարավոր կանգնեցնել՝ Սրբազան պայքարի շրջանակում, բայց մարդկանց տուն ուղարկեցին. ո՞վ զանգեց, ի՞նչ ասեց…

-Վերադառնանք ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի կալանավորմանը, ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել է, որ դա 44-օրյա պատերազմի համատեքստում է, ճիշտ է, դեռ 2020 թվականի պատերազմին առնչվող Քննիչ հանձնաժողովի զեկույցը չի ներկայացվել: Եվ սրանից չեն խուսափելու նաև մյուս գեներալները, որոնք այս կամ այն կերպ առնչություն են ունեցել պատերազմի հետ, կամ այդ ժամանակ պաշտոն են զբաղեցրել: Սա ո՛չ մեր ցանկանալ-չցանկանալով է, ո՛չ էլ իրենց լռել-չլռելով, դա կախված է Փաշինյանի տեսանկյունից քաղաքական պահի թելադրանքից և նպատակահարմարությունից:

-Նախ այդպիսի հանձնաժողովի գոյությունը ծիծաղելի է, որովհետև այնտեղ չկան կոմպետենտ մարդիկ, որոնք ստրատեգիական հարցերից գաղափար ունեն, կամ հասկանում են պատերազմական կարևորագույն որոշումներ ընդունելուց, գործողություններ կազմակերպելուց, որ մի հատ էլ եզրակացություններ անեն: Իմ կարծիքով, Տիրան Խաչատրյանի կալանավորման համար 44-օրյա պատերազմը պատրվակ է, ես հակված եմ նրան, որ այստեղ դեր է խաղացել նրա 2023 թվականի հարցազրույցի բովանդակությունը, որտեղ գեներալը նշում էր. «Երբ Փաշինյանն ասում է՝ բանակն իրենից ինչ ուզել է, մերժում չի ստացել, պետք է նրան հիշեցնել մի քանի դրվագ, օրինակ՝ փող բանակին պետք է եղել, բանակն ուզել է, բայց նա չի տվել։ Ընդ որում, մասնագիտորեն և մանրամասն հիմնավորումներ են եղել, թե ինչո՞ւ է գումար անհրաժեշտ, կոնկրետ ի՞նչ նպատակի համար դա պետք է ծառայեր, սակայն այդպես էլ չի փոխանցվել բանակին»:

-Հնարավոր է, որ սա պատճառ է, բայց Տիրան Խաչատրյանը պատերազմի ժամանակ նաև պատասխանատու պաշտոն է զբաղեցրել: Իհարկե, Փաշինյանը պատերազմի և դրա պարտության ամբողջ պատասխանատվությունն իր վրայից գցում է բանակի և գեներալների վրա, սա այլ հարց է, հենց սրա համատեքստում է, որ հանրությունը պահանջում է, որ գեներալները չլռեն:

-Այո՛, Տիրան Խաչատրյանը մեծ լիազորություններ ուներ, և նա պետք է լիներ բունկերում՝ որպես ԳՇ պետի առաջին տեղակալ, բայց նա այնքան հայրենասեր է, որ փորձել է ինքն իրեն նեղություն տալով և «զոհաբերելով»՝ առաջնագծում իրավիճակ փոխել: Եվ առաջնագծում ինքը մեծ խնդիր է կատարել:

Ի դեպ, եթե խոսում ենք պատերազմից, ապա պիտի նշել, որ զինկոմիսարիատներում պատահական մարդկանց վերցրել և ուղարկել են պատերազմ, և հենց այս մարդիկ են պատերազմի դաշտից կամ դեռ տեղ չհասած փախել: Փորձառու տանկիստին հրաձիգ են սարքել, շատ դեպքերում մարդկանց մասնագիտական կարողություններն անտեսվել են մոբիլիզացիայի ժամանակ:

Այսինքն, զորամասերը ինչպես հարկն է, չեն համալրվել մոբ ռեսուրսով, մի քանի օր պատրաստություն չեն անցել: Մարդկանց ավտոբուսով ուղարկել են պատերազմական գործողությունների վայր, հետները սպա էլ չի եղել, կամ, ասենք, 100 հոգուն մի սպա են տվել:

Պատերազմի ժամանակ պատրաստի ստորաբաժանումներն է բարդ ղեկավարելը, ուր մնաց հավաքովին՝ առանց կոմպետենտ մարդկանց, և պարզ է, որ դասալքություն պիտի լիներ: Շատերի մոտ տպավորություն է եղել, թե 2016 թվականի Ապրիլյան պատերազմն է՝ 2-3 օր կկռվեն, կամ ոմանք կնկարվեն և կռվող տղու համբավ ձեռք կբերեն ու հետ կգան, այս մտքով են շատերը վազել զինկոմիսարիատներ, հետո, երբ պատերազմի դաշտում բախվել են պատերազմական լուրջ իրավիճակների և խնդիրների, սկսվել է խուճապը:

Բայց մարդկանց չի կարելի մեղադրել, որոնք գլխավերևում պտտվող ԱԹՍ-ներից, կողքի պայթյուններից խուճապի են մատնվել, չեն տեսել նման բան երբևէ: Իսկ մոբիլիզացիան ձախողել է իշխանությունը, սխալ է կազմակերպվել ամեն ինչ կամ ճիշտ չի կազմակերպվել:

-Տիրան Խաչատրյանի գործով վերջերս հարցաքննվել է ԳՇ պետի նախկին տեղակալ Օնիկ Գասպարյանը, գուցե ոչ առաջին անգամ: Նրանից պահանջելու են բացատրել՝ ինչու է Տիրան Խաչատրյանին առաջարկել ՀՀ ազգային հերոսի կոչում տալ, վերցրել է Խաչատրյանը, թե չի վերցրել, դա այլ հարց է, բայց կա ՀՀ նախագահի հրամանագիր: Այսինքն, Նիկոլ Փաշինյանն այս պատասխանատվությունն էլ է իր վրայից գցելու, ինքն է, չէ՞, ՀՀ նախագահին միջնորդություն ներկայացնում:

-Կրկնում եմ՝ կատարվել է գործողություն, որն իրավիճակ է փոխել, ես հիմա չեմ կարող խոսել դրա մասին, ավելին, ես չէ, որ պիտի խոսեմ դրա մասին:

-Օնիկ Գասպարյանին վտանգ սպառնո՞ւմ է այս գործով, 44-օրյայի համատեքստում:

-Բոլորի մոտ տպավորություն կա, թե Օնիկ Գասպարյանը «թքած» ունի ամեն ինչի վրա, նրան չի մտահոգում, թե ինչ է կատարվում անվտանգային առումով, ոչ, դա այդպես չէ:

Կգա ժամանակ, վստահ եմ, նա իր ասելիքը կասի:

Տեսանյութեր

Լրահոս