Փաշինյանը պատրաստ է ավելացնել ճնշման ուժը Դիմադրության շարժման դեմ, քանի դեռ դրսից աջակցություն ունի․ Արթուր Մարտիրոսյան
Դիմադրության շարժման շարքերում բազմաթիվ են այն մարդիկ, որոնք որևէ քաղաքական կուսակցության հետևորդ չեն, նրանք ուղղակի Փաշինյանի ընտրած ճանապարհը չեն ընդունում, այդ պատճառով էլ սա լայնածավալ շարժում է։ Այն մի քանի խնդիր ունի, նախևառաջ՝ մոբիլիզացնել մարդկանց, օգտագործել այն մեթոդները, որոնցով Փաշինյանը եկավ իշխանության։ Բայց նրան կրկնելը սխալ է, քանի որ շարժումն այդպիսով դառնում է կանխատեսելի և նմանվում շախմատում մրցակցիդ քայլերը կրկնելուն։ Եթե սոցիալական կամ հանրային հակամարտությունների ժամանակ կողմերը չեն բանակցում, մնում են այլընտրանքները։ Սա ի սկզբանե զրոյական գումարով խաղ է, երբ մի կողմն ասում է՝ «Դավաճան ես, պետք է գնաս», մյուսը՝ «Հրաժարական չեմ տալու, ժողովրդի մանդատն ունեմ»։ Այս երկու մոտեցումների դեպքում բանակցելու տեղ չկա, կա՛մ պետք է հրաժարական տաս, կա՛մ շարունակես պայքարը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բանակցային մասնագետ, կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանը։
«Պայքարը շարունակելու համար պետք է ստեղծագործ լինել։ Երբ հետևում ես տեղի ունեցողին, տպավորությունն այն է, թե երկու կողմն էլ կարդացել են Ջին Շարփի գիրքը մինչև նույն էջը՝ բաց թողնելով ամենակարևոր միտքը։ Շարփն իշխանափոխություն անելու՝ ոչ բռնի գործողությունների 198 մեթոդ էր ներկայացնում, բայց ցանկացած երկրում պետք է ստեղծագործ լինել, գործել ըստ իշխանությունների աղբյուրի և ինստիտուտների։
Օրինակ, ժամանակին Սերբիայում ընդդիմադիր շարժումը պսակվեց հաջողությամբ, քանի որ բանակն ու ոստիկանությունն անցել էին նրա կողմը, բայց դա տեղի չունեցավ, օրինակ, Եգիպտոսում։ Այստեղ պարզ է, թե Փաշինյանն ինչի վրա է հույսը դրել, նրա այլընտրանքը որն է։ Որքան էլ փորձենք ցույցեր կազմակերպել, նա հրաժարական չի տա, քանի որ ունի իրեն լոյալ ոստիկանություն և այն կարող է կիրառել Սահմանադրությամբ նախատեսված կարգով, ինչպես բոլոր երկրներում են իշխանություններն այն օգտագործում»,- ասաց փորձագետը։
«Փաշինյանը պատրաստ է ավելացնել ճնշման ուժը, եթե ընդդիմադիր պայքարը շարունակվի, լինեն նոր բախումներ ու քաշքշուկներ։ Կարևոր հանգամանք է նաև այն, որ դրսի ուժերն իր կողմից են, և նա գիտի դա։ Որքան էլ Փաշինյանն ուժ կիրառի, կասեն՝ ժողովրդավարությունում դա ընդունելի է, երկու կողմերին՝ իշխանությանն ու ընդդիմությանը, կոչ կանեն ուժ չկիրառելու, բայց դրանից ոչինչ չի փոխվի։ Մենք որպես քաղաքական ազգ չենք ձևավորվել, քաղաքական կուսակցությունները կայացած չեն։ Կան ավանդական քաղաքական ուժեր, օրինակ՝ ՀՅԴ-ն, բայց որպես իշխանության համար պայքարող ուժերի դաշտ՝ մեր կուսակցական համակարգն այդպես էլ չի ձևավորվել։ Ընդդիմության առաջնորդները պետք է փորձեն հասկանալ՝ ինչո՞ւ է իշխանությունն իրենց մեղադրում աթոռակռվի համար։
Օրինակ, տաքսիստներից շատերը պնդում են, թե «նախկինների» հանդեպ այնպես են լցված ատելությամբ, որ ընդդիմությունն ինչ էլ անի՝ ասելու են, թե «նախկիններն» ուզում են վերադառնալ, և դա իրենց համար անընդունելի է։ Նրանք Արցախի մասին չեն մտածում, չեն արժևորում դրա կորուստը, ապրում են այսօրվա օրով, և եթե Երևանն էլ մնա ու Հայաստան կոչվի, նրանց համար դա նորմալ է»,- նշեց Արթուր Մարտիրոսյանը։
Հասարակական գործչի կարծիքով՝ ընդդիմությունից դժգոհողներն իրենց բողոքը ձևակերպում են թույլ փաստերի վրա՝ էմոցիոնալ մակարդակում, իսկ ատելությունը փաստի վրա չի կարող հիմնվել․
«Նրանք ասում են՝ ո՛չ սրանց ենք ընդունում, ո՛չ նրանց, ի՞նչ անենք։ Գալիս է ապատիայի, անտարբերության, հիասթափվածության պահը, երբ ասում են՝ ոչ մեկին չենք հավատում, երեսուն տարի մեզ խաբեցին, ոչ մի լավ բան չենք սպասում։ Վախը կարևոր հանգամանք է, երբ իշխանությունն ակտիվորեն համոզում է բնակչության մեծ զանգվածների, որ եթե չանեն այն, ինչ անում են, այսինքն՝ չհանձնեն Արցախը, չգնան միակողմանի զիջումների, Ադրբեջանի հետ պայմանագիր չստորագրեն, պատերազմ է լինելու։
Պատերազմի վախը զսպում է մարդկանց։ Մարդիկ սպասում են, որ վստահելի մեկն իրենց կասի, թե պարտադիր չէ պատերազմ լինի, եթե մենք ոչ ասենք Ադրբեջանին։ Փաշինյանն ասում է՝ այլընտրանք չունենք։ Բանակցությունների մասնագետ պետք չի լինել՝ հասկանալու, որ եթե ասում ես՝ այլընտրանք չունենք, ուրեմն պետք է ընդունես այն ամենը, ինչը մյուս կողմը որպես պահանջ դրել է սեղանին»:
«Բաքուն մեզ հինգ կետ է առաջադրել։ Եթե ասում ես՝ այլընտրանք չունես, ուրեմն այնքան թույլ ես, որ պետք է ընդունես դրանք։ Մենք ունե՞նք այլընտրանք, այո՛, դա մեր ժողովուրդն է, մարդկային կապիտալը Հայաստանում և Սփյուռքում, դրա մոբիլիզացիան, որ կարողանաս այլընտրանքդ ուժեղացնել։ Ուղղակի առայսօր խնդիր է այդ ուժն օգտագործելը։ Բանակցային սեղանի շուրջ ոչ ասելիս պետք է իմանաս, որ այդ սեղանից հեռանալով՝ չես գնում դեպի պատերազմ։ Ի վերջո, պատերազմը հնարավոր է նաև, եթե Ադրբեջանը ստորագրի պայմանագիրը։ Միգուցե Բաքուն համաձայնեցված է գործում մեր իշխանությունների հետ, իր քայլերով փորձում է օգնել Փաշինյանին, քանի որ նա ասում է՝ ընդդիմությունը ներսից թուլացնում է երկիրը, որ պատերազմ սկսվի։ Արդյունքում՝ մարդիկ ասում են՝ ավելի լավ է գնանք Գինու փառատոնի կամ մնանք տանը, քան միանանք ընդդիմությանը, որ պատերազմի հավանականությունը չաճի»,- ամփոփեց Արթուր Մարտիրոսյանը: