Եկեղեցու գործերին միջամտելն անթույլատրելի է, Վեհափառին փոխելու փորձերը՝ առավել ևս․ Ալվինա Գյուլումյան
Միջամտությունը եկեղեցու գործերին անթույլատրելի է։ Այն, ինչն այսօր արվում է, ոչ թե չիմացության, այլ կամայական մեկնաբանության արդյունք է։ Վեհափառին փոխելու փորձերն արդեն իսկ միջամտություն են։ Եկեղեցապատկան որևէ կառույցի զավթումը կոպիտ քայլ է։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բազմաթիվ գործեր կային, երբ ռումինական ուղղափառ եկեղեցին դիմել էր իրենց դատարաններին՝ վերադարձնելու եկեղեցապատկան հողերը, և եվրոպական դատարանը խախտում էր արձանագրել ազգային դատարանների՝ դրանք այս կամ այն պատճառով չվերադարձնելու հարցում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման պնդում արեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը:

«Ռումինիայում կոմունիստական հասարակարգի օրոք եկեղեցիները բռնազավթվել էին պետության կողմից, և եկեղեցին դրանք հետ էր պահանջում։ ՄԻԵԴ-ում Թուրքիայի դեմ գործ կա հայկական եկեղեցապատկան սեփականությունը վերադարձնելու պահանջի մասին, որը Եվրոպական դատարանը ևս հօգուտ եկեղեցու է լուծել։ Հիմա մենք հակառակ գործընթացի մեջ ենք, երբ եղածն են փորձում վերցնել, և կարելի է միայն զարմանալ այն դատավորի վրա, որը նման հայց ներկայացնելու դեպքում կփորձի այլ վճիռ կայացնել՝ ունենալով Եվրոպական դատարանի նախադեպային որոշումները»,- ասաց իրավաբանը:
«Այս իշխանությունն օրենք է ընդունել դատավորի լիազորություններն ընդհուպ դադարեցնելու մասին, երբ Եվրոպական դատարանի վճռով՝ դատավորի քննած գործով խախտում է արձանագրվել։ Մենք ունենք դատավորներ, որոնց լիազորությունները դադարեցվել են այդ հիմքով՝ Դատական օրենսգրքում կատարված փոփոխության հիման վրա, նույնիսկ դրան հետադարձ ուժ տալով։ Նրանցից մեկը Սուրեն Անտոնյանն է։ Մյուս դատավորները մի՞թե իրենց գործընկերների օրինակը չունեն և չեն սպասում, որ այս նորմը գործելու է։ Եվ երբ էլ իշխանությունը փոխվի, եթե դուք դրան հետադարձ ուժ եք տվել, ձեր նկատմամբ նույն կերպ են վարվելու։ Սրա մասին գոնե պետք է մտածեն»,- նշեց նախկին դատավորը:
Իրավաբանի կարծիքով՝ տարբեր երկրներ, օրինակ՝ Ռուսաստանը կամ Թուրքիան, փորձառություն ունեն չկատարելու ՄԻԵԴ-ի որոշումները, բայց ի վերջո դրանց կատարման պահը գալու է. «Սահմանադրական դատարանի կազմը փոխելու որոշման պատճառը խորքային էր։ Այն որոշումները, որոնք պետք է կայացվեին իրենց համար անցանկալի մի խումբ դատավորների կողմից, կարող էին հանկարծ արգելակել դրանք։ Այն սկզբունքները, որոնք դրված են և՛ Սահմանադրության, և՛ Անկախության հռչակագրի հիմքում, հարատև են, դրանք չեն կարող փոփոխվել։ Այն, ինչ ունեցել ենք Առաջին Հանրապետության ժամանակ, հիմա փորձում են չշարունակել։ Իսկ պետության շարունակականության մեջ նրա հզորության տարրերից մեկն է»:

«Դու չես կարող ասել՝ ես նոր, զրոյից ստեղծվեցի։ Եթե այդպես է, ուրեմն մնացած ամեն ինչը դու համարում ես ոչ քոնը կամ ջնջում ես։ Ժողովրդի մեծամասնությունը չի ձեզ ընտրել, ընտրությանը մասնակցողների մեծամասնությունն է ձեզ ընտրել։ Եվ ապա՝ ի՞նչ ծրագրով են ընտրել։ Ի վերջո, եթե մենք խոսում ենք ժողովրդավարական հասարակության մասին, այդ հասարակությունում ձայնը տրվում է ոչ թե անձանց, այլ ծրագրին։ Եվ ցանկացած կառավարություն, որը չի իրացնում իր ծրագիրը, լեգիտիմ չէ և ինքնակամ պետք է հեռանա»,- ասաց Ալվինա Գյուլումյանը։
Մանրամասները՝ տեսանյութում

