
Անգամ Ստալինի պես տականքն է պատերազմի օրերին կարևորել հոգևորը, իսկ այս սրբապիղծը եկեղեցի է գրոհում․ Պարույր Հայրիկյան
Մարդն անասունից տարբերվում է հոգևորով, և եթե մեկը գործում է կյանքի հոգևոր ոլորտի դեմ, նրա հիմնական նպատակն է՝ որքան կարելի է անասնականացնել մարդուն։ Հոգևորականների ձերբակալումը պիտի լուրջ նախազգուշացում լինի բոլորիս համար։ Հայաստանում գործում է կոռուպցիոն պետական համակարգ, դա անառարկելիորեն ապացուցված է։ Մենք գործ ունենք հանցավոր իշխանությունների հետ։ Նրանց կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով պետությանը խոշոր չափի վնասներ են հասցվել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
«Այս անձն ազգային պղծություն է, խայտառակություն, նա կատարում է ցեղասպանություն իրականացրած մարդու, չեկիստի որդու, չեկիստական բարքերով ապրող մի գործչի՝ Իլհամ Ալիևի պահանջները։ Նա կոռուպցիոն հանցախմբի ղեկավար է և պետք է կանգնի պատասխանատվության առաջ։
Միջազգային շրջանակներում արդեն հասկացել են, որ նրան լուրջ վերաբերվել չի կարելի, նրան անգամ հիշել չեն կամենում, ճիգ էլ չեն գործադրում։ Մեր ժողովուրդը կապ չունի նրա հետ, նա ինչ-որ ինքնուրույն միավոր է, այն էլ՝ հանցավոր։ Կոռուպցիոն հանցախումբը պետք է ոչ թե իշխանական լծակների տիրապետի, այլ պետք է գտնվի բանտում»,- ասաց քաղաքական գործիչը։
«Փաշինյանը մաֆիոզ, հանցավոր կառույցի, կոռուպցիոն հանցախմբի ղեկավար է։ Նա ինչ էլ անի, իր մտածողության հիմքում ընկած են հանցավոր նկատառումներ, նպատակներ, կամ, որ ավելի ստորացուցիչ է՝ թելադրանքներ։ Իրավապահ կառույցներն անմիջապես պիտի միջոցներ ձեռնարկեին նման հանցավոր դրսևորումների դեմն առնելու համար։ Այս տականքը, ազգային պղծությունը զբաղված է մարդկանց ուշադրությունը կարևոր խնդիրներից շեղելու աշխատանքներով, արդեն նաև հարկային տեռորի է անցել»,- նշեց Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդի կարծիքով՝ այն, որ սրանք պատերազմ են հայտարարել եկեղեցուն, իրենց վերջն է, քանի որ սեփական եկեղեցուն պատերազմ հայտարարածները դա երբևէ չեն մարսել. «Անգամ Ստալինի նման միջազգային տականքը պատերազմի օրերին հոգևորին սկսեց ուշադրություն դարձնել, վերականգնեց Հայ Առաքելական եկեղեցու կառույցը։ Սրանք ոչ այդ խելքն ունեն, ոչ էլ՝ տարրական ինքնապաշտպանական բնազդ։ Իրավապահ համակարգը պիտի որոշի՝ կա՛մ իրենք իրավապահ են, կա՛մ էլ՝ կոռուպցիոն հանցախմբի մաս։ Աննա Վարդապետյանն ինքն է որոշել դառնալ կոռուպցիոն հանցախմբի հովանավոր ու աջակից, նաև անդամ»:
«Անկախության պայքարը եղել է նվիրյալների փոխանցավազք, և ով որքան կարողացել է՝ այդ անկախության դրոշը տարել է, հետո փոխանցել ուրիշին։ Օրինակ, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն այսօր առաջին գծում է և աշխատում է Էջմիածնում։ Մարդկանց մեջ պետք է արթնացնել պատասխանատվության զգացումը, ինչպես արդեն մի անգամ դա մեզ հաջողվել է։ Այն մարդիկ, ովքեր դեմ էին անկախությանը, ասում էին՝ մեր հարցն Արցախն է, հետո բոլորը դարձան անկախական։ Շատ բան կախված է նրանցից, ովքեր առաջին գծում են եղել, և պետք է միասնաբար փորձենք նկատած բացերը վերացնել»,- ամփոփեց Պարույր Հայրիկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: