Նիկոլ Փաշինյանն իր ոհմակով պիտի հեռացվի, խնդիրն առաջիկա 20 տարում Հայաստանի տեղն ու դերը ճշգրտելն է․ Աբրահամ Գասպարյան

Մենք գործ ունենք ոչ թե զուտ կրոնական ծիսակարգի, այլ կրոնաքաղաքական գործընթացի հետ, որտեղ թացն ու չորը խառնվել են իրար։ Բոլոր եկեղեցիների բակերը պետք է ողողել և ցույց տալ, որ անկախ նրանից՝ դու հավատացյա՞լ ես, հեթանո՞ս, թե՞ մի այլ բան, պետք է հայ եկեղեցու կողքին կանգնած լինել։ Եթե եկեղեցին հայկական է, բացառապես ազգային կամ էթնոպատկան տարրն ենք գործածում, հնարավորություն ունենք ներգրավելու նաև հասարակության այն շերտերին, որոնք քո դավանանքի հետևորդ չեն։ 168TV«#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը։

«Հայ եկեղեցու մեջ մտնում են հարանվանությունները, նաև կաթոլիկ եկեղեցին, ավետարանականները։ Նրանք ևս պատասխանատվություն են կրում։ Սողոմոն Թեհլերյանը Հայ Ավետարանական եկեղեցու հետևորդ էր, բայց ազգի պարծանքն է, ուստիև այդ տարբերակումները դնելն անիմաստ է։

Մեկն իրեն Հայկազուն է համարում, մյուսը՝ հեթանոսը, երրորդը՝ առաքելական, Սփյուռքում՝ լուսավորչական, կաթոլիկ, և այլն։ Խնդիրն այն է, որ բոլորս մեկ մարդու նման պիտի գնանք և պաշտպանենք եկեղեցին, և ոչ թե այս իշխանությանն ինչ-որ բան ասենք, քանի որ սա այս իշխանության խելքի բանը չէ»,- ասաց հասարակական գործիչը։

«Այս գործընթացի արմատները շատ ավելի խորքից են գալիս, քան ՔՊ կոչեցյալ խմբակն է։ Հիշենք, թե 2018 թ․-ին Գնդեվանքում ինչ մասկի-շոու սարքեցին՝ Վեհափառ հորը քաշքշելով։ Սա քրիստոնեության տրանսֆորմացիայի խնդիր է, քրիստոնեության առաքելական և ուղղափառ հենասյուները ջարդելու ագրեսիվ արշավանք է, որի մեջ թաթախված է այս իշխանությունը, և դա նրա ձեռքով է կատարվում։ Սա քրիստոնեության էկումենիկ կոնցեպտի մեջ շրջադարձային մի ժամանակաշրջան է, որում մենք ապրում ենք, երբ գլուխ են բարձրացրել բողոքականության սիոնիստական թևի ներկայացուցիչները և ունեն հստակ նպատակ՝ քրիստոնեական արժեհամակարգի աներկբա փոփոխություն»,- նշեց Գասպարյանը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ մենք դեռևս շոկի փուլ էլ չենք թևակոխել, քանի որ քաղաքական հոգեբանության տեսանկյունից՝ երբ ժողովուրդը շոկի է մատնվում, ունենում է այլընտրանք որոնելու տարբերակ, իսկ մենք չունենք․

«Այս իշխանությունը, Օվերտոնի պատուհաններ բացելով, չի թողնում, որ դու ոտքի վրա կանգնես, նա մեզ օդում կախված է թողել։ Մենք չգիտենք՝ ինչ ենք ուզում, և դա խոսում է հայկական ռազմավարական մտքի սնանկության մասին։ Մենք ուզում ենք ընդամենը Հովհաննավանքում պիղծ արարողությունը կանխելով՝ հա՞րց լուծել։ Բայց չէ՞ որ մեր խնդիրները շատ ավելի արմատական են, չէ՞ որ մեր քաղաքական և մշակութային էլիտաներն այլևս որևէ խոսք չունեն ասելու։

Հեռանկարի տեսլականը կրում են միայն այն խմբերը կամ անհատ դերակատարները, որոնք պարփակված են ակվարիումի մեջ՝ նեղ շրջանակում»:

«Նիկոլ Փաշինյանն իր ոհմակով պիտի հեռացվի, իշխանազրկվի, սա ապրիորի ճշմարտություն է, այսինքն՝ մենք ռեսուրս և ժամանակ չպիտի ծախսենք՝ հիմնավորելու այս թեզը։ Խնդիրն այն է՝ Հայաստանն ի՞նչ տեղ և դեր ունի առաջիկա 20 տարում այս տարածաշրջանում, Հայաստանի սուվերենությունն ի՞նչ մասնաբաժնով է ներկայացված ազգային ինքնության բաղադրատարրերի մեջ։

Արդյոք ազգային ինքնություն ասելով՝ մենք հասկանո՞ւմ ենք Արցախը, թե՞ ոչ։ Արդյոք սփյուռքը մաս կազմո՞ւմ է այդ ամենին, թե՞ ոչ»,- ասաց Աբրահամ Գասպարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս