
Փաշինյանից քաղաքական պահանջը եղել է ոչ թե հանրապետությունը փակելը, այլ նախընտրական խոստումները կատարելը․ Վլադիմիր Մարտիրոսյան
Չի՛ կարող պետության ղեկավարը փակել պետությունը՝ նորը բացելու հավակնությամբ։ Դա ենթադրում է, որ այդ պետությունն անպայմանորեն ձախողվել է նրա կառավարմամբ, և եթե նորը պետք է բացվի, ապա այդտեղ նա այլևս չպետք է գոյություն ունենա։ Սա տրամաբանական, քաղաքագիտական, պատմական կանոն է։ Նա, ով փորձում է փակել այս հանրապետությունը, պետք է բացատրի, թե նրա սահմանադրաիրավական, քաղաքական, պատմական և գաղափարական հենքն ինչո՞ւ և ինչքանո՞վ չի սպասարկում «Չորրորդ Հանրապետությանը», և որո՞նք են լինելու դրանց տարբերությունները։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագիտության թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը։
«Այս ամենի հետևում թաքնված է մի ահռելի քաղաքական կուրս, որը կոչվում է քաղաքական, ազգային, պատմական հայկականության իսպառ զրոյացում։ Արդյո՞ք դա հայ հասարակության պահանջն է։ Բացարձակապես ո՛չ, որովհետև այդպիսի քաղաքական պահանջ հայ հասարակությունը որևէ կերպ չի արտահայտել, դա նույնիսկ նրա մտքով չի անցել։
Ավելին, այդպիսի հիմքեր չկան՝ ո՛չ հոգեբանական, ո՛չ դաստիարակչական, ո՛չ մշակութային, ո՛չ էլ պատմական։ Սա մի նոր երևույթ է, որն անհեթեթության պես իջեցվել է հայ հասարակության գլխին՝ որպես փրկության հնարավորություն»,- ասաց քաղաքագետը։
«Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի Երրորդ Հանրապետության սահմանադրաիրավական կարգին համապատասխան, և նրանից քաղաքական պահանջարկը եղել է ոչ թե այդ հանրապետությունը փակելն ու նորը ստեղծելը, այլ ընդամենը նախընտրական շրջանում խոստացածը կատարելը։ Դա է նրա լեգիտիմության հիմքը։ Նա այլ լեգիտիմության հիմք չունի։ Դրանից հետո Փաշինյանն ամբողջությամբ և հիմնարար կերպով քանդուքարափ է արել իր լեգիտիմության հիմքերը՝ շեղվելով այդ ծրագրից»,- նշեց Վլադիմիր Մարտիրոսյանը։
Քաղաքագետի պնդմամբ՝ Փաշինյանի բերած խաղաղության որակը, տիպը, կերպը «խաղաղության պայմանագրի» նախաստորագրումից հետո ամբողջությամբ արժեզրկվել է․ «Գոնե մինչև հիմա ոչ ոք չի ասել, որ ինքը Երրորդ Հանրապետության պահապանն է և անելու է ամեն ինչ դրա սահմանադրաիրավական կառավարման մոդելները պահելու համար։ Որ րոպեին ընդդիմությունը կարողանա օրակարգ թելադրել, դա կնշանակի իշխանության փլուզում։
Սոցիոլոգիական հարցումները խոսում են այն մասին, որ Փաշինյանի ընտրազանգվածը փոքրացել է։ Այն որևէ օրգանական կապ չունի նախկին՝ 2020, 2021, 2022, նույնիսկ 2023 թ․-ի հետ, մաշվել է։ Բայց այս ընթացքում Փաշինյանն իր ընտրազանգվածին տալիս է գործառույթ, նրա հետ շատ խիտ աշխատանքային ռեժիմի մեջ է գտնվում»:
«Ամեն առավոտյան, երբ Փաշինյանը բարի լույս է մաղթում և ուղղում է իր փողկապը, թվում է՝ աբսուրդ է, բայց նա որևէ վայրկյան չի ուզում կորցնել կապն իր ընտրազանգվածի հետ։ Փաշինյանի օրակարգի լոբբինգով զբաղվում են բարձր պրոֆեսիոնալիզմով։
Զբաղվում են դրա տարածմամբ՝ աբսուրդ, ճիշտ, թե սխալ, կիրառում են ժամանակակից ինֆորմացիոն հասարակության հետ շփվելու, նրան համոզելու, սեփական պատումների ծիրում պահելու գործիքակազմերը։ Այստեղից է, որ ամեն առավոտ, երբ Փաշինյանը զարթնում է, տեսանելի պետք է դառնա իր ընտրազանգվածի համար՝ ցույց տալով, թե իբր ամեն ինչ կարգին է»,- ամփոփեց Վլադիմիր Մարտիրոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում