Գյումրու որոշ պոլիկլինիկաներում բացակայում է «Դիաբետոնը»

ՀՀ-ում շաքարային դիաբետով տառապող անձանց թիվն աճում է. ըստ վիճակագրական տվյալների՝ նրանց թիվը վերջին 10 տարում կրկնապատկվել է: Մեր հանրապետությունում շաքարային դիաբետով հաշվառված հիվանդների թիվը կազմում է 76.000, որից 13000-ն ինսուլինակախյալ են:

Շաքարախտի համաշխարհային ասոցիացիայի տվյալներն այլ բան են փաստում՝ Հայաստանում  շաքարային դիաբետով տառապող հիվանդների  թիվը 100.000-ի է հասնում:

ՀՀ առողջապահության նախարարության կայքում առկա զեկույցի համաձայն՝ 2002 թվականից սկսած մեր հանրապետությունում շաքարային դիաբետով տառապող անձանց շրջանում հիվանդացության ամենաբարձր մակարդակն արձանագրվել է 2010 թվականին՝ 22.1 տոկոս՝ իր տարածվածությամբ գերազանցելով շնչառական, աչքի, մարսողական, արյան շրջանառության և միզասեռական հիվանդություններին:

Հաշվի առնելով այն փաստը, որ մեր հանրապետությունում այս հիվանդությունը զարգանալու միտում ունի՝ դրա բուժման համար անհրաժեշտ են որակյալ դեղամիջոցներ:

Կարդացեք նաև

Մեզ հետ զրույցում որոշ դեղագետներ հավաստեցին, որ ամեն դեղ ունի ամենաբարձր որակով մի բրենդ, իսկ ջեներիկները, հատկապես՝  հայկական արտադրության դեղերի մեծ մասը (բրենդային դեղերին փոխարինողը), շաքարային դիաբետի բուժման համար հիմնականում անարդյունավետ են:

Ընդ որում, բացի դեղորայքային բուժումից՝ շաքարային դիաբետով հիվանդները պետք է փոխեն նաև իրենց սննդակարգը:

Էնդոկրինոլոգ Մարիա Ստեփանյանի խոսքով՝ շաքարային դիաբետը գլյուկոզայի բարձր մակարդակով, քրոնիկական հիպերգլիկեմիայով ուղեկցվող հիվանդություն է՝ պայմանավորված ինսուլինի բացարձակ կամ հարաբերական անբավարարությամբ: Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը զարգացնում է աչքերի, երիկամների, սրտի հիվանդություններ, վնասում է օրգանիզմի մեծ և փոքր նյարդաթելերը, առաջացնում վերջույթների պոլինեյրոպաթիա:

«Շաքարային դիաբետ ունեցող հիվանդների սննդակարգում պետք է սահմանափակվի քաղցրեղենի օգտագործումը՝ ջեմեր, մուրաբաներ, հյութեր, կոնֆետներ: Ավելի շատ պետք է  օգտագործվի անյուղ մսամթերք, կաթնամթերք, նաև բանջարեղեն»,- ասում է էնդոկրինոլոգը:

Դեռևս 2016 թվականին ՀՀ Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ ընդունեց «Դեղերի մասին» ՀՀ օրենքը: Դրանում ամրագրված դրույթներով կարգավորվեց դեղերի շրջանառությունը, բնակչությանը որակյալ և անվտանգ դեղերով ապահովումը, դեղերի ֆիզիկական և տնտեսական մատչելիությունը, դրանց տեղական արտադրության խթանումը: Կազմվեց այն դեղամիջոցների ցանկը, որոնց արժեքը փոխհատուցեց պետությունը:

«Հայաստան: Ոչ նյութական աղքատություն» անունը կրող զեկույցի համաձայն՝ շաքարային դիաբետով տառապող անձանց  դեղապահովման բարելավման նպատակով հնգամյա պայմանագրեր կնքվեցին անմիջապես դեղարտադրող ամերիկյան «ԷլայԼիլի» և ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» կազմակերպությունների հետ։ Արդյունքում՝ մեր հանրապետությունում ինսուլինով ապահովվածությունը հասցվեց 100%-ի, իսկ «Դիաբետոն ՄՌ», ինչպես նաև՝ «Գլիմեպիրիդ» և «Մետֆորմին» դեղերով ապահովվածության մակարդակը՝ 80 տոկոսի՝  նախորդ տարիների մոտ 30 տոկոսի փոխարեն։

2015 թվականին մեկնարկեց «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագիրը, որի շրջանակում 2015-2019 թվականներին ՀՀ-ում և ԼՂՀ-ում հաշվառված 0-22 տարեկան երեխաներին և երիտասարդներին անվճար տրամադրվում են ինսուլինային անալոգներ և ինսուլինային գրիչ-ներարկիչներ:

Չնայած  շաքարային դիաբետի բուժմանն ուղղված ՀՀ առողջապահության նախարարության ձեռնարկած միջոցառումներին, վերջերս հիվանդներից ահազանգեր ենք ստանում, որ Գյումրու որոշ պոլիկլինիկաներում բացակայում է ֆրանսիական արտադրության, երկրորդ կարգի շաքարային դիաբետով տառապող անձանց համար նախատեսված «Դիաբետոն» դեղամիջոցը:

Ընդ որում, հիվանդները երբեմն բողոքում են նաև պոլիկլինիկաներում իրենց հանդեպ դրսևորվող անտարբեր վերաբերմունքից՝ պնդելով, թե քրոնիկական հիվանդությունների առկայության դեպքում երբեմն հիվանդների ստուգումները ժամանակին չեն իրականացվում, իսկ տեղի աշխատողները զբաղված են  հիմնականում թղթեր լրացնելով:

Պոլիկլինիկայի հիվանդներից մի տարեց տղամարդ մեզ հետ զրույցում նշեց, որ մեկ շաբաթից ավելի է՝ չի կարողանում պոլիկլինիկայից «Դիաբետոն» դեղամիջոցը ձեռք բերել. «Մեղք ենք, դեղը չկա, պետք է գումարով դեղատնից գնենք, որտեղի՞ց  մեզ գումար»:

168.am-ի հետ զրույցում երկրորդ կարգի շաքարային դիաբետով տառապող Սահականույշ տատը բողոքելով «Դիաբետոնի» բացակայությունից՝ ասաց. «Որ դեղը չի լինում՝ վիճակս շատ է վատանում:  Ընձի փոխարինող դեղ պետք չէ, դա շաքարս չի իջեցնում»:

Մեկ ուրիշ հիվանդ էլ ասաց, թե դեղը ստանալու համար զանգահարում է պոլիկլինիկա, իրեն պատասխանում են, թե՝ մի շաբաթից զանգահարեք:

Հաշվի առնելով հիվանդների մտահոգությունը, որոշեցինք Գյումրու պոլիկլինիկաների տնօրեններից հետաքրքրվել, թե արդյո՞ք իրենց մոտ առկա է «Դիաբետոն» և երկրորդ կարգի շաքարային դիաբետի բուժման համար նախատեսված այլ դեղամիջոցները:

Միջազգային «Կարմիր խաչի» անվան պոլիկլինիկայի տնօրեն Հովհաննես Վարձելյանի խոսքով՝ իրենք  ՀՀ առողջապահության նախարարությանը և մարզային առողջապահության վարչությանը հիվանդների քանակի մասին տեղեկատվություն են տալիս, նաև այն մասին, թե որ հիվանդին ինչ քանակի դեղ են տրամադրում: Նրա հավաստմամբ՝ իրենց պոլիկլինիկայում շաքարային դիաբետով տառապող հիվանդների թիվը 768 է. հիվանդների թիվը շատանում է, ուստի լրացուցիչ դեղորայքի կարիք է զգացվում.

«Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ դեղորայք, այդ թվում՝ «Դիաբետոն», ստանալու ենք հուլիսի 25-ին:

Այժմ «Դիաբետոնի» փոխարեն՝ հիվանդներին տրամադրում ենք հայկական արտադրության «Դինգա» դեղամիջոցը: Բացի «Դիաբետոնից»՝  «Մետֆորմին» էլ չկա»: «Մի ժամանակ ինսուլինի խնդիր էլ կար, այժմ այդ հարցը լուծված է: Այն դեղատներում գրեթե չի վաճառվում, բացի այդ, դեղահաբերի համեմատ՝ շատ թանկ է, հիվանդները չեն էլ կարող գնել»,- մեզ հետ զրույցում նշեց պոլիկլինիկայի տնօրենը:

Միջազգային «Կարմիր խաչի» անվան պոլիկլինիկայի էնդոկրինոլոգ Արմինե Երիցյանի խոսքով՝ շաքարային դիաբետի հայտնաբերման համար պոլիկլինիկաներում ստուգումներ են իրականացվում 35 տարեկանից սկսած մարդկանց շրջանում:

«35 տարեկանից սկսած մարդկանց մոտ կարող է ի հայտ գալ շաքարային դիաբետի թաքնված տեսակը: Երբ ստուգումների արդյունքում հիվանդության առկայությունը հաստատվում է, տվյալ անձինք մեր պոլիկլինիկայում հաշվառման են վերցվում»,- նշեց Ա.Երիցյանը:

Գյումրու թիվ 3-րդ պոլիկլինիկայից փոխանցեցին, որ շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված դեղորայք չեն ստացել:

«Միայն մեր մոտ չէ, ոչ մի տեղ չկա: Երկու շաբաթ է՝ ոչ մի տեսակի դեղորայք չունենք, նախարարությունից չենք ստացել, միայն ինսուլինն է, երևի դա էլ է վերջացել»,- փոխանցեցին պոլիկլինիկայից:

Կառույցի փոխտնօրենին հարցրեցինք՝ ի՞նչն է պատճառը, որ «Դիաբետոն» չունեն:

«Պատճառը չեմ կարող ասել, բայց հիվանդների թվի հետ կապված չէ: Նախարարությունն ուղարկում է, մենք էլ հիվանդներին ենք տալիս: Կարող է՝ մի շաբաթ հետո լինի»,- նշեց պոլիկլինիկայի փոխտնօրենը:

«Էնրիկո Մատտեի» անվան պոլիկլինիկայի տնօրեն Գագիկ Ադամյանը մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում հավաստեց. «Մենք որոշակի դեղորայք ունենք»:

Մինչդեռ այս պոլիկլինիկայի հիվանդներից մեկի հավաստմամբ՝ «Դիաբետոնի» փոխարեն՝ իրեն այժմ առաջարկում են «Գլիմեպիրիդ» դեղամիջոցը:

Թիվ 2-րդ պոլիկլինիկայում մեզ ցույց տվեցին «Դիաբետոն» և «Մետֆորմին» դեղամիջոցների պահեստը՝ պնդելով, որ հիվանդները շարունակում են ստանալ վերը նշված դեղամիջոցները:

Ինչ վերաբերում է թիվ 1 պոլիկլինիկային, ապա մեզ չհաջողվեց զրուցել տնօրենի հետ:

Հուլիսի 21-ի դրությամբ այսպիսին է եղել իրավիճակը Գյումրու պոլիկլինիկաներում:

Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ և´ կենտրոնացված և´ հումանիտար ճանապարհով ստացված դեղորայքը ՀՀ առողջապահության նախարարությունն է տրամադրում:

Այնտեղից Շիրակի մարզին դեղորայքի տրամադրման մասին հրաման պետք է լինի: Դեղորայքը տրամադրվում է հիվանդների թվին համապատասխան, իրենք էլ իրականացնում են դեղերի ներմարզային բաշխումը: Եթե պոլիկլինիկան այս կամ այն դեղը չի ունենում, ապա դիմում են իրենց, որպեսզի տվյալ դեղամիջոցը հատկացվի: Առայժմ նման խնդիր չի առաջացել, հիվանդներն էլ առանց դեղի չեն մնում:

Վերը նշված խնդրի վերաբերյալ դիմեցինք նաև ՀՀ առողջապահության նախարարություն:

Այնտեղից հետաքրքրվեցինք՝ արդյոք հուլիս ամսին Շիրակի մարզի պոլիկլինիկաներին  հատկացվե՞լ է «Դիաբետոն» դեղամիջոցը:

Այդ կառույցի Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանի խոսքով՝ դեղերը բաշխվում են՝ ըստ եռամսյակների և ըստ իրենց կողմից ներկայացված հաշվետվությունների:

«Մենք տալիս ենք մարզին, մարզն իրականացնում է ներմարզային բաշխում: Ամեն հաշվետվություն տալուց հետո ամփոփվում է (երկրորդ եռամսյակի վերջի հաշվետվությունը նոր է ներկայացվել): Արդեն իսկ մեր կողմից դեղերի բաշխումը կատարված է, երկուշաբթի իրենք գալու են և իրենց դեղերը տանելու են, բայց մարզում դեղերի խնդիր այս պահին չկա: Կստանան իրենց կողմից ներկայացված հաշվետվությունների հիման վրա, ուսումնասիրվում է հիվանդների թվի աճը և եռամսյակի կտրվածքով՝ ծախսված քանակը: Հենց այնպես բաշխել մենք դեռ չենք կարող, քանի որ բոլորը տեղերն անվանաքանակական հաշվարկի  ենք ենթարկում: Այսինքն, եթե պետությունը ձեռք է բերել, ինքը հիվանդին պետք է տա՝ ըստ հաշվառված հիվանդի թվի և ըստ ծախսի: Իրենք մեզ եռամսյակի կտրվածքով կատարված ծախսերն են ներկայացնում, հիվանդների թիվը, մենք ամփոփում ենք հաշվետվությունը, և նախարարի հրամանով՝ նորից մարզին հատկացնում ենք անհրաժեշտ դեղերի քանակ»:

Հարցին՝ ի՞նչն է  պատճառը, որ Գյումրու որոշ պոլիկլինիկաներում «Դիաբետոն» չկա, Վ. Գրիգորյանը պատասխանեց, որ ներկայումս ինքը նման տվյալ չունի, բայց մարզի առողջապահության վարչության պետի հետ անպայման կխոսի:

«Չլինել չի կարող, քանի որ մենք ստացել ենք իրենց հաշվետվությունը և տեսել ենք, որ ընդհանուր մարզում առկա է, ուղղակի պետք է իրականացվեր ներմարզային վերաբաշխում»,- ասաց նա:

Ըստ Վ.Գրիգորյանի՝ Շիրակի մարզում առկա է 4514 երկրորդ տիպի շաքարային դիաբետով տառապող, հաբեր ընդունող  հիվանդ, իսկ «Դիաբետոնն» իրենք ձեռք են բերում անմիջապես գործարանից, և առկա է դեղամիջոցի բավարար քանակ հանրապետությունում հաշվառված երկրորդ տիպի շաքարային դիաբետով տառապող հիվանդներին դրանով ապահովելու:

Հետաքրքիրն այն է, որ փոխարենն Առողջապահության նախարարությունն ինքն ուսումնասիրություններ իրականացնի՝ պարզելու, արդյո՞ք հավաստի են Գյումրու որոշ պոլիկլինիկաներում «Դիաբետոնի» բացակայության մասին լուրերը, նրանք մեզանից էին փորձում տեղեկություններ իմանալ, թե խոսքը ո՞ր պոլիկլինիկաների մասին է, որտե՞ղ է բացակայում  դեղամիջոցը:

«Խնդրում եմ՝ ասեք՝ դուք որտե՞ղ եք դեպք արձանագրել, մենք հասկանանք, խնդիրն առաջացել է պոլիկլինիկայի՞ց, որ պարտավոր էր ունենալ և չունի, թե՞ մարզկենտրոնից, որը, կարող է, թերի բաշխում է կատարել»,- հավելեց Վ. Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է «Դիաբետոնին», ապա այժմ պոլիկլինիկաների մեծ մասում դրա բացակայությունը ցածր կենսամակարդակ ունեցող հիվանդներին ստիպում է այն ձեռք բերել դեղատներից, ինչը նպաստում է դեղատնային բիզնեսի զարգացմանը:

Որոշ հիվանդների կարծիքով՝ իրականում Առողջապահության նախարարությունը խնդրից լավ էլ տեղյակ է, ու բացառված չէ, որ  որոշ պոլիկլինիկաներում շաքարային դիաբետի բուժման համար նախատեսված «Դիաբետոն» դեղահաբի բացակայությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ փոխհամաձայնեցված քաղաքականություն է, որի նպատակը նաև հայկական արտադրության դեղամիջոցների սպառումը խթանելն է, որոնց որակից հիվանդները շատ դեպքերում դժգոհում են:

Նրանց խոսքով՝ օրինակ, Աբովյան քաղաքի «Արփիմեդ» ընկերությունում արտադրվող «Դինգա» դեղն արյան մեջ շաքարն իջեցնելու տեսանկյունից ոչ արդյունավետ է:

Հավելենք, որպեսզի խնդրի վերաբերյալ քիչ բարձրաձայնվի, որոշ պոլիկլինիկաների տնօրեններ հնարավորինս խուսափում են ձայնագրվելուց և հարցազրույց տալուց:

Անահիտ Սիմոնյան

Տեսանյութեր

Լրահոս