Դոքսիցիկլին հակաբիոտիկը նվազեցնում է շիզոֆրենիայի զարգացման ռիսկը․ AJP

Էդինբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, որ դոքսիցիկլին տարածված հակաբիոտիկը նվազեցնում է շիզոֆրենիայի զարգացման հավանականությունը որոշ երիտասարդների մոտ։ Արդյունքները հրապարակվել են «American Journal of Psychiatry (AJP)» ամսագրում։

Դոքսիցիկլինը լայն սպեկտրի հակաբիոտիկ է, որը հաճախ կիրառվում է վարակների և ակնեի բուժման համար։ Նախկինում ցույց էր տրվել, որ այն նվազեցնում է ուղեղի բջիջների բորբոքումը և կարող է ազդել այսպես կոչված սինապտիկ «կտրտման» վրա՝ մի գործընթաց, որի ընթացքում ուղեղը հեռացնում է ավելորդ նեյրոնային կապերը։ Նեյրոկենսաբանների տվյալներով, նման «կտրտման» ավելորդ ակտիվությունը կապված է շիզոֆրենիայի զարգացման հետ։

Շիզոֆրենիան դրսևորվում է վաղ չափահաս տարիքում։ Այս ծանր խանգարումը ուղեկցվում է հալյուցինացիաներով, զառանցանքով և մտածողության խանգարումներով։

Հետազոտողները վերլուծել են 56 հազարից ավելի դեռահասների տվյալներ, որոնք դիմել էին հոգեբուժական օգնության և ստացել էին տարբեր հակաբիոտիկներ։ Նրանց մոտ, ովքեր ընդունել են դոքսիցիկլին, շիզոֆրենիայի զարգացման ռիսկը 30-35%-ով ցածր է եղել, քան այն հասակակիցների մոտ, որոնք բուժվել են այլ միջոցներով։

Գիտնականները նշել են, որ ռիսկի նվազումը չի բացատրվում նրանով, որ հիվանդները բուժվում էին կորյակային ցանից, սակայն էֆեկտը պահպանվել է նույնիսկ այլ գործոնները, ներառյալ ախտորոշումը և առողջական վիճակը, հաշվի առնելուց հետո։

«Փորձարկվողների գրեթե կեսը, որոնց մոտ հետագայում զարգացել է շիզոֆրենիա, նախկինում դիմել են մանկական հոգեբուժական ծառայություններ՝ կապված այլ խնդիրների հետ»,- նշել է հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Իեն Քելլեհերը։

Հետազոտողների խոսքերով` ստացված տվյալները հեռանկարներ են բացում հակաբորբոքային դեղամիջոցների հետագա ուսումնասիրության համար։ Մասնավորապես, գիտնականները նախատեսում են ստուգել, թե արդյոք դոքսիցիկլինը կարող է դառնալ այլ ծանր հոգեկան խանգարումների կանխարգելման միջոց դեռահասների մոտ, թե ոչ։

News.am

Տեսանյութեր

Լրահոս