Մի քանի խորհուրդ` խմիչքների մասին
Մատուցվող խմիչքները պետք է ունենան համապատասխան ջերմաստիճան.
Այսպես՝ երբ մրգօղիները սառը չեն, ձեռք են բերում տհաճ համ, իսկ եթե չափից ավելի սառեցվեն, կորցնում են իրենց բույրը։
Մրգօղու համար ամենահարմար ջերմաստիճանը ցելսիուսի 10 -15 աստիճանն է։ Այսպիսի ջերմաստիճանի դեպքում դրա համն ու հոտն ավելի լավ է զգացվում։
Մրգօղու հետ կարելի է մատուցել սալաթներ՝ պատրաստած քերած շաղգամով ու ձիթապտղով, թարմ ու թթու վարունգով, այլ թթուներով, աղի պեչենի, ձկնկիթով բուտերբրոդ, աղի գետնանուշ, նուշ կամ ընկույզ, ապխտած երշիկ, պանիր։
Գարեջուրը և սպիտակ գինին մատուցվում է ինչպես տաք, այնպես էլ սառը խորտիկների հետ։ Գարեջուրը, բացի այդ, կարելի է մատուցել բուտերբրոդների և թակածո կոտլետների, շնիցելի, պանրի հետ։ Սպիտակ գինին հարմար է նաև սառը բուտերբրոդների հետ։
Կոնյակը, անիսոնի օղին, վերմուտը և ռոմը հարմար են թեթևակի սառեցրած նախուտեստների հետ։ Ընդ որում, անիսոնի օղին խորհուրդ է տրվում մատուցել փոքրիկ սառցակտորներով։ Այդ դեպքում այն ավելի բուրումնավետ է դառնում։ Անիսոնի օղու հետ նույնպես հարմար են բուսական յուղով ու քացախով պատրաստված սալաթները, թթու վարունգն ու կաղամբը։
Կոնյակն ու ռոմը կարելի է առաջարկել թեյի հետ։ Դրանք ուժեղացնում են թեյի բույրը և, բացի այդ, ջերմացնում են։ Կոնյակը մատուցվում է շաքարի կտորների և կիտրոնի շերտիկների հետ միասին։
Կոնյակի, ռոմի և վերմուտի հետ հարմար են բիսկվիտները, սովորական և աղի պեչենիները, մրգերից` արմավը, խնձորը, նարինջը, ընկուզեղենից` հունականը, նուշը, գետնանուշը։
Սև սուրճի հետ, լիկյորից բացի, կարելի է մատուցել ռոմ` բիսկվիտի կամ պեչենիի հետ։
Օղու և սպիտակ գինու հետ մատուցել գնդիկներ «Ռոկֆոր պանրից»
Հավասար քանակությամբ պանիրն ու կարագն իրար խառնեք, լավ տրորեք փայտե գդալով և ստացված զանգվածից պատրաստեք ընկույզի մեծությամբ գնդիկներ։ Գնդիկների մի մասը թաթախեք մանր կտրատած կանաչ մաղադանոսի մեջ, մյուսները` մանր ծեծած ընկույզի, իսկ մնացածները՝ մանր քերիչով անցկացրած պանրի մեջ։ Այնուհետև ափսեի մեջ շարեք մաղադանոսի մեջ թաթախած գնդիկները, ծեծած ընկույզի մեջ թաթախածները և պանրի մեջ թաթախածները` առանձին շարքերով։
Որպեսզի հնարավոր լինի դրանք վերցնել, ամեն մի գնդիկի մեջ անցկացրեք մի փայտիկ։