Կոլապսի վտանգը մեծանում է. «ֆեյք» արտահանումների անվան տակ Փաշինյանը փորձում է թաքցնել իրականությունը
Իշխանությունների աչքին Հայաստանի տնտեսության մեջ ամեն ինչ լավ է, աճեր ու միայն աճեր են նկատում։ Ոչինչ, որ այդ աճերի հետևում, առանց չափազանցության, տնտեսությունը գահավիժման վտանգի առաջ է։
Կոլապսից հինգ է պակաս, իսկ իշխանություններն, ինչպես միշտ, քեֆ-ուրախություններով են զբաղեցնում մարդկանց։ Միլիոններ են ծախսում պալատական երգիչներ վարձելու ու մարդկանց ուշադրությունը խնդիրներից շեղելու համար։
Ոչ երանի, եթե առարկայանան այն ռիսկերը, որոնց առաջ կանգնած ենք. Տնտեսությունը պարզապես փլուզվելու է։ Բայց այդ ամենը տնտեսության փլուզումով չի ավարտվելու։ Ապոկալիպտիկ իրավիճակ է առաջանալու նաև բազմաթիվ այլ ոլորտներում, այդ թվում՝ ֆինանսական համակարգում։ Նվազելու են մարդկանց եկամուտները, սրվելու է սոցիալական իրավիճակը։
Դժվար է ասել, իշխանությունները սա գիտակցո՞ւմ են, թե՞ ձևացնում են, որ անհանգստացած չեն, որ ոչինչ էլ տեղի չի ունենում։ Այնպիսի թեթևամտությամբ են խոսում այն ամենի մասին, ինչի առաջ կանգնեցրել են տնտեսությունը, կարծես դա մեզ չի էլ վերաբերում։
Ինչքան պիտի կառավարության ղեկավարն ու կառավարությունը կտրված լինեն իրականությունից, որ իրենց չհետաքրքրի, թե ռուսական շուկայի սահմանափակումներն ինչ հետևանք են ունեցել Հայաստանի տնտեսության վրա ու ինչ է սպասվում տնտեսությանն՝ այն վտանգների պարագայում, որոնք իրականություն դառնալու մեծ հավանականություն ունեն։
Նիկոլ Փաշինյանին հարցնում են, ասում է՝ չկան նման հաշվարկներ։ Բա ինչո՞վ է զբաղվում կառավարությունը, որ մինչև հիմա նման հաշվարկներ էլ չունի։
Տնտեսության հասցրած վնասները հաշվարկելու փոխարեն, ձևական աճերով են խաբում մարդկանց։
«Հա, օկ, արտահանումը նվազել է, բայց ՀՆԱ-ի աճն այս տարվա առաջին կիսամյակում 6 տոկոս է կազմել։ Երկրներ կան, որ երազում են, որ մեկ-երկու տոկոս տնտեսական աճ ունենան։ Գյուղմթերքի արտահանումն է 0.1 տոկոս նվազել, իսկ արտահանումը նվազել է, քանի որ այդ ցուցանիշից դուրս է եկել վերաարտահանումը, որը մեր տնտեսությանը ոչ մի բան չի տվել։ Մենք ինքներս ենք այդ վերաարտահանումների դեմ որոշակի պայքար մղել, քանի որ դա ֆեյք արտահանում է»,- տնտեսական աճերի ու «ֆեյք» արտահանումների տակ Նիկոլ Փաշինյանն ուզում է քողարկել ռուսական շուկայի սահմանափակումների հետևանքները։
Ժամանակին, երբ նույն վերաարտահանումների արդյունքում արտահանումն ու ընդհանրապես արտաքին առևտրի շրջանառությունները բարձր տեմպերով աճում էին՝ չէին ասում, թե գործ ունենք «ֆեյք» արտահանումների հետ։ Գլուխ էին գովում արտահանման աճերով ու դրանք վերագրում իրենց։ Այսօր, երբ վերաարտահանումներն այլևս բացասաբար են ազդում արտահանման ցուցանիշների վրա, «ֆեյք» են դարձել։
Այդ «ֆեյք» արտահանումների անվան տակ էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է թաքցնել այն իրականությունը, որի հետ Հայաստանի տնտեսությունն առերեսվել է ռուսական շուկայի սահմանափակումներից հետո։
Չնայած նրան, որ բազմաթիվ արտադրողներ հայտնվել են իրենց արտադրանքն իրացնելու փաստի առաջ, վերջերս կառավարության նիստերից մեկում էկոնոմիկայի նախարարը լուրջ-լուրջ հայտարարում էր, որ արտահանման ծավալների խնդիրն այլևս լուծված է, շուկաները դիվերսիֆիկացրել են ու արտահանում են։ Իհարկե, էկոնոմիկայի նախարարը, ռուսական շուկայի փակումից հետո, սովորաբար խուսափում է արտահանման կոնկրետ ծավալներ նշել։ Փոխարենը՝ արտահանման աշխարհագրության ընդլայնման մասին է միայն խոսում, որն էլ հայտնի է, թե ինչպես է ընդլայնվել. Որոշ երկրներ մի քանի կիլոգրամ միրգ կամ այլ ապրանք են արտահանել ու անունը դրել են, թե արտահանման դիվերսիֆիկացիա է տեղի ունեցել, արտահանվող երկրների քանակն է ավելացել։
Այնինչ՝ դրանից արտահանումն իրականում ոչինչ չի շահել։ Ընդհակառակը՝ բազմաթիվ ապրանքների արտահանումը ռուսական շուկայի փակումից հետո գրեթե զրոյացել է կամ մեծապես կրճատվել է։ Ու այն, որ Գևորգ Պապոյանն ասում էր, թե արտահանման ծավալների խնդիրը լուծել են ու դիվերսիֆիկացրել արտահանումը՝ հերթական սուտն էր, որով խաբում էին արտադրողներին։
Շատերը մինչև հիմա էլ զարմանում են, թե ինչպես է լինում, որ արտահանման հետ կապված խնդիրները լուծել են, բայց դա այդպես էլ իրենց չի հասնում։
Օրերս հրապարակված պաշտոնական ցուցանիշները եկան ապացուցելու, որ արտահանման դիվերսիֆիկացիայի վերաբերյալ իշխանությունների հայտարարություններն իրականության հետ կապ չունեն։ Ձախողվել է արտահանման սուբսիդավորման ծրագիրը, որը կիրառում են ռուսական շուկայի սահմանափակումներից հետո ու հույս ունեին, թե դրանով կլուծեն այլ շուկաներ հայկական ապրանքներն արտահանելու հետ կապված խնդիրները։ Փաստերը ցույց են տալիս, որ ոչ մի խնդիր էլ չեն կարողացել լուծել։
Անգամ այդ պայմաններում արգելանքի տակ հայտնված ապրանքների արտահանումն անգամներով կրճատվել է, երբեմն էլ՝ զրոյացել։
Գյուղմթերքների ի՞նչ 0.1 տոկոսանոց անկման մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը, երբ հունիսին ծիրանի արտահանումը, նախորդ տարվա համեմատ, կրճատվել է 87 տոկոսով, լոլիկինը՝ շուրջ 68 տոկոսով, պղպեղինը՝ 32 տոկոսով, կեռասինը՝ 30 տոկոսով, ելակինը՝ 45 տոկոսով, ծաղիկներինը՝ 50 տոկոսով։ Ծաղիկների արտահանումը կրկնակի կրճատվել է նաև հուլիսին։
Հուլիսին գրեթե 2.7 անգամով ավելի քիչ ծիրան է արտահանվել Հայաստանից, քան նախորդ տարի էր արտահանվել, երբ ռուսական շուկան բաց էր։ Կրկնակի կրճատվել է՝ լոլիկի, 6 անգամով՝ սալորի արտահանումը։
Գրեթե դադարել է կանաչեղենի, գազարի, բողկի, խնձորի, կարտոֆիլի արտահանումը։
Բազմաթիվ այլ գյուղմթերքների արտահանումներն էլ են կտրուկ նվազել են։ Բայց այդ բոլորը ոչինչ են այն ամենի նկատմամբ, ինչ տեղի կունենա տնտեսության մեջ, եթե իրականանան այն ռիսկերը, որոնք առաջիկայում սպասվում են։
Ինչքան էլ փորձեն անհիմն լավատեսությամբ, ինքնիշխանության հետ կապված կեղծ թեզերով խաղալ քաղաքացիների զգացմունքների հետ, հայտարարեն, թե անհանգստանալու կարիք չկա, դրանից իրականությունը չի փոխվելու։ Հայաստանի տնտեսությունն ու քաղաքացին կանգնած են ծանր փորձության առաջ, որին կարող են բախվել շատ շուտով։
Այդ բախումը մեղմելու փոխարեն՝ իշխանությունները զբաղված են իրենց աշխատավարձերը բարձրացնելով։ Հավանաբար դրա համար էլ անհանգստացած չեն, որ գազը կարող է թանկանալ։ Իրենք գազ էլ կունենան, գազի փող էլ։ Այլ բան, թե ինչ կունենան այն քաղաքացիները, ովքեր, առանց այդ էլ, մի կերպ են յոլա գնում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

